HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Էս է ապագան, սփյուռքում կամաց-կամաց կորում ենք»

Արազը ամբողջ օրը վազքի մեջ է ու ամեն օր շնորհակալություն է հայտնում իր կոշիկներին, որ իրեն դիմանում են: Հայաստանում ժամանակը սկսել է նրան չբավականացնել: «Զզվում եմ, որ ուսանողները տիկ-տիկ, կամաց-կամաց քայլում են, ուզում եմ բռնել եւ պոկել կրունկները, ասել` կյանքը կարճ է, վազիր: Ներվայնանում եմ, երբ տեսնում եմ, որ աղջիկները շատ ֆենվում են, քսվում են, դրա վրա են շատ ժամանակ վատնում: էնքան պրոբլեմ կա էս երկրում, եթե երիտասարդությունը էս բաներով է զբաղված, ապա վաղը ի՞նչ երկիր են պահանջելու»,- ասում է կանադահայ ռեժիսոր Արազ Արթինյանը: Իր կարծիքով` ինքը ծնվել է աստղ դառնալու համար: Միշտ երազել է երգել, բայց ժամանակ չի ունեցել, չնայած հասցրել է ձայնը մշակել: Աստղ դեռ չի դարձել, բայց ֆիլմեր է նկարահանում, լուսանկարում է, պատրաստում կայքեր: Սեպտեմբերին տպագրելու է բանաստեղծությունների առաջին գիրքը` «Ֆիլոֆոբիա» վերնագրով, որը «սիրահարվելուց վախենալու մասին է», այնուհետեւ մտադիր է բանաստեղծությունները լուսանկարների տեսքով մատուցել: Արազի ծնողները Եգիպտոսից են, իսկ տատերն ու պապերը` Արեւմտյան Հայաստանից: Արազը տան կրտսերն է, ավագ քույրը իրավաբան է, ամուսնացած է եւ ծնողների հետ ապրում է Կանադայում: Հայրը Սուրբ Հակոբ վարժարանի հիմնադիրն է, մայրը աշխատել է մանկապարտեզի տնօրեն, ծնողները շատ ակտիվ էին հասարակական կյանքում, երեխաներին էլ դաստիարակել են այնքան հայեցի, որ սկսել էին զզվել «հայ ըլլալուց». «Հորս ամբողջ մտասեւեռումը իր ազգային ինքնությունն էր, մեծ էր ճնշումը վրաս, եւ ես պետք է դիմանայի»: Հայրը ճարտարապետ է, գեղեցիկ քարտեզներ էր գծում եւ երեխաներին բացատրում Հայաստանի նախկին եւ ներկա տարածքը, տան պատերը հայկական այբուբենով էր զարդարում: Նա միշտ վախենում էր, որ իր դուստրերը կարող են օտարի հետ ամուսնանալ, հայերենը մոռանալ: Երբ 17 տարեկան Արազը տուն էր հրավիրել իր առաջին ընկերոջը, որը հայ չէր, հայրը վատ էր ընդունել, ասել էր, որ այլեւս չգա: Արազը նախ ավարտել է Սուրբ Հակոբ վարժարանը, ապա` ֆրանսիական քոլեջ, հետո համալսարան` «Հեռահաղորդակցություն եւ հետազոտություն» մասնագիտությամբ: Ուսումնառության վերջին տարում նկարահանել է առաջին ֆիլմը Սպիտակի երկրաշարժի մասին: Երկրաշարժի ժամանակ նա 15 տարեկան էր: Հայրն ամեն օր տուն գալիս հոդվածներ էր բերում երկրաշարժի մասին, որոնք Արազը հերթականությամբ շարում էր եւ պահում: 1997 թ. Արազը եկավ Հայաստան, գտավ այդ հոդվածներում հիշատակված մարդկանցից 12-ին եւ նկարահանեց ֆիլմը: Հետո նկարահանեց երկրորդ ֆիլմը` «Ցեղասպանությունն իմ մեջ է» վերնագրով: Մեկուկես տարում «Ցեղասպանությունն իմ մեջ է» ֆիլմը ցուցադրվել է 47 քաղաքներում, իսկ 2006 թ.` Հայաստանում «Ոսկե ծիրանին» արժանացել է խրախուսական դիպլոմի: Այդ ժամանակ էլ ռեժիսորը որոշում է մնալ Հայաստանում: «Այդ կինոյով բացատրում էի, թե ոնց չէի ուզում հայ լինել այլեւս, որովհետեւ սփյուռքում ճնշումը շատ է` հայ լեզու, հայապաշտպանում, հայի հետ ամուսնանալ, ես դրանից այնքան հոգնած էի, որ փախչում էի, չէի ուզում էլ հայ լինել, բայց երբ Հայաստան եկա, որոշեցի մնալ, զգացի, որ էս է ապագան, որովհետեւ սփյուռքում կամաց-կամաց կորում ենք: Կուզեմ հայ ըլլալ ու ազատ»,- ասում է Արազը: Այնուհետեւ Ատոմ Էգոյանի հետ աշխատում է «Արարատ» Ֆիլմի վրա` որպես սցենարիստ, հագուստների, դեկորացիաների հետազոտող: Պատրաստել է www.20voices.com կայքը, որտեղ տեղ են գտել փաստավավերագրական նյութեր Ցեղասպանության մասին: Արազը հոգնել էր ցեղասպանություն բառից, ուզում էր նոր բան անել, բայց ի՞նչ: «Մտածեցի վեբ-սայթ սարքել, որի միջոցով աշխարհի բոլոր երեխաները կկարողանային միանալ եւ փոխանակել իրենց մշակույթները: Հետո մտածեցի, որ ուզում եմ վերականգնել 21 դարերի մշակույթը, երեխաներ փնտրեցի Երեւանի մեջ, ամեն մի երեխա մի արվեստ, մի մշակույթ է ներկայացնում»: Արազը ուսումնասիրել է հայոց պատմությունը եւ մշակույթը, այցելել բազմաթիվ վայրեր` ընտրելու, թե որտեղ պետք է կատարի նկարահանումները: Նոր կայքն անվանվելու է «Զարթ»` Արազ Արթինյանի ստորագրությունն է, այն պատրաստ կլինի սեպտեմբերին: Տեղադրված նկարներից յուրաքանչյուրը մի պատմություն է, մշակույթի մի ճյուղ, եւ սեղմելով նկարի վրա պատկերված որեւէ եկեղեցի` կարելի է կարդալ դրա պատմությունը: Այցելելով երաժշտական դպրոցներ` Արազը տեսնում է երաժշտական դպրոցների վիճակը եւ որոշում բարեգործություն անել, հայթայթած միջոցներով վերանորոգում է դահլիճները, զուգարանները, տանիքները, ձեռք է բերում երաժշտական գործիքներ: Զարմանում է, որ արվեստի դպրոցները օգնություն չեն ստանում: «Մտնում ես դպրոց, երեխեքը ձեռնոցներով, սառելով դաշնամուր են նվագում, ինչի՞ է էդպես, ժողգործիքները անվճար են սարքել, բայց ժողգործիքներ չկան, որ երեխեքը սովորեն»: Հետո սկսում է օգնել մանկատան երեխաներին: «Գիտե՞ք ինչ զգացում է, երբ տարիներ շարունակ անկողնուն կամ սայլակին գամված երեխան սկսում է քայլել: Նրանց վիրահատությունը կազմակերպեցի, եւ ահագին երեխա արդեն քայլում է: Մտածում ես, որ իրենք կարող են ամբողջ կյանքը չքայլել, նրանցով չեն զբաղվում, եւ որովհետեւ չեն զբաղվում, ես եմ անում այդ գործը: Ես միշտ իմ արվեստով զբաղված եմ, բայց նենց կայֆ ա, որ հիմա ուրիշի երեխեքին եմ օգնում, միայն իմ վրա չեմ կենտրոնացած»: Հունվարից մինչ այսօր կարողացել է չորս երեխայի վիրահատություն կազմակերպել: Միջոցները Արազը հայթայթում է facebook-ի միջոցով: Ամեն օր ստանալով նվիրատվություններ, Արազը նվերներ է գնում երեխաների համար, նկարում այդ ամենը, տեղադրում սոցիալական կայքի իր էջում եւ տեղեկացնում, թե ինչպես է ծախսել այդ գումարը: Արազը պատմում է, թե ինչպես մի անգամ մանկատանը երկու քույրեր իր պայուսակից նվիրատվության համար նախատեսված 500 դոլարը գողացան, բայց ինքը հաջորդ օրը նրանց նվերներ տարավ: Ասում է` ամենաշատը նրանց է սիրում: «Դուրսի երեխեքը ավելի շփացած են, ամեն ինչ ունին, բայց դեռ ուզում էլ են, իսկ այստեղ ուրիշ են: Մտնում եմ, մեկ էլ երեխեքս կգան, շորերս կհանին, կկախվին` Արազ, Արազ, Արազո»,-ոգեւորված պատմում է Արազը: «Էնքան ներվայնանում ես, որ սկսում ես ծիծաղել» Նա այնքան էլ չի սիրում համեմատել Կանադան ու Հայաստանը: Այստեղ երջանիկ է, նրան պակասում է անգլերենով նորմալ կինոն, հեծանիվը, մեքենան, ծնողները: Արազի կարծիքով` Հայաստանում մարդիկ շատ բարդ կյանքով են ապրում, մինչդեռ Կանադայում մի օր չի եղել, որ իրենք ջուր չունենան, իսկ այստեղ ամեն րոպե պայքար է, կռիվ: «Մեր նմանները պետք է փոխեն, ամենքս պիտի պայքարենք եւ պատին սեղմենք վերեւներին: Պետությունը խիղճ չունի, որ խիղճ ունենային, այս վիճակին չէինք հասնի, մարդկային ամեն բան վերացած է, իսկ էդ դեպքում երկիրն էլ երկիր չէ: Որ միտքդ մի բան դնես, կհասնես, ուղղակի ժողովուրդը հոգնած է: Եթե մշակույթ չունենք, մենք չկանք»: Արազն ասում է, որ հիմա էլ ուրիշ խնդիրներ չի նկատում, քանի որ զբաղված է երեխաներով, իսկ նախկինում եթե գար եւ տեսներ շինարարական աղբը թափված է բակում, կգնար, կհավաքեր հարեւաններին, շինարարներին: Արազն այստեղ արդեն ընտանիք ունի. «դերձակուհին ոնց որ մամաս ա, տուն մաքրողս մամաս ա, երեխեքս...»: Նա մի տետր ունի, որտեղ գրում է, թե հաջորդ օրն ինչ պիտի անի, իսկ հաջորդ օրը երեկոյան ամփոփում, թե ինչ է արել եւ ինչ չի հասցրել անել: Զզվում է, երբ փողոցում թքում են, քիթ մաքրում, ասում է` այստեղ հարգանք չկա, պատմում է, թե ինչպես մի անգամ խանութում հերթի մեջ կանգնած էր, եւ մի տիկին իրենից առաջ անցավ. «Անցած շաբաթ էլի եղավ, կանգնած էի խանութում, մի կին եկավ դեմս կտրեց, բռնեցի մարմնից, ասացի` տիկին, հարգանքի հարց է, հասկանու՞մ ես, ես էի սպասում, նա էլ թե` մի րոպե է, էլի: Ի՞նչ կապ ունի, չէ, չէ, պիտի հասկանաք, որ եթե մեկը քեզանից առաջ է, պետք է սպասես»: Արազն անընդհատ ականատես է լինում նման դեպքերի, սակայն գտել է դրանք հաղթահարելու ձեւը. «Էնքան ներվայնանում ես, որ սկսում ես ծիծաղել»: «Մի անգամ էլ «Կոնվերս» բանկում էնպես հերթ էր, կպել էի պատուհանին, էդ համակարգչի մոտ նստած աղջիկը գոռում է` ի՞նչ ես ուզում, ասում եմ` ուզում եմ տեսնեմ հաշվիս վրա ինչքան փող կա, մեկ էլ գոռում է` 2000 դոլար, ես էլ ասացի` ժողովուրդ, ուրա՞խ եք, որ հաշվիս վրա էդքան փող կա, մի մարդ էլ թե` աղջիկ ջան, ուրախ ենք, ուրախ»: Այժմ Արազը «անձնական կյանք չունի», բայց չի դժգոհում, ասում է, որ այդպես շատ ավելի հանգիստ է կյանքը, դեռ շատ ծրագրեր ունի իրականացնելու. «Գոհարիկիս համար հեծանիվ պիտի առնեմ, որ դպրոց գնա, սահմանին են ապրում»,- ասում է Արազը: «Եթե մեկը կին է փնտրում, որ պիտի տուն մաքրի, ճաշ եփի, էդ ես չեմ, նո նո նո, ես սիրտ կտրող, ստեղծագործող, ուրիշ երեւակայական կյանքի մեջ ապրող տղամարդկանց եմ սիրում, շատ հանդարտ, չխոսող, ստեղծագործող, բայց արդեն հավես չկա սիրո մասին»: Տղամարդու իր իդեալն այսպես բնութագրեց, իսկ իրեն` աշխատասեր, կարգապահ, կազմակերպված, բարի, նվիրվող, բազմաթիվ տաղանդներ ունեցող, «չգիտեմ ինչ անել` գրեմ, լուսանկարեմ, ֆիլմ անեմ: Մեկ կյանքը շատ կարճ է, չեմ կարող ներել, եթե ինձ օգտագործեն գնան, վերջը կբերեմ շատ վատ կերպով, շատ խնդալի եմ, որ ընկերներով հավաքվում ենք, կարող են լաց լինել»: Արազը երազում է հնարավորինս շատ մարդկանց օգնել, քանի որ զգում է, որ Աստված դրա համար իրեն էներգիա է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter