HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրը փախել է ռուս կնոջ հետ` հինգ երեխաներին թողնելով փողոցում

Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակիչ Ելենա Օսիպովան իր հինգ անչափահաս երեխաների հետ անօթեւան է մնացել: Ելենայի ամուսինը` Մեխակը, վերջին յոթ տարիներին գտնվում է Մոսկվայում` արտագնա աշխատանքի: Երկու տարի առաջ վերադառնալով Մոսկվայից` նա համոզել է կնոջը, թե եկել է նրան եւ երեխաներին իր հետ Մոսկվա տանելու եւ ստացել տունը վաճառելու համաձայնություն: Ապա վերցնելով վաճառքից գոյացած ամբողջ գումարը` միայնակ փախել է Մոսկվա` կնոջն ու հինգ երեխաներին թողնելով փողոցում: «Ամուսինս եկավ, տունը վաճառեց, մեզ խաբեց, ասաց, թե մեզ պետք է տանի, բայց ինքը թողեց-գնաց մի ռուս կնոջ մոտ: Գումարով ընդհանրապես չի օգնում: Ես այնքան էի հավատում նրան, որ նույնիսկ իմ զակատների բանկեքը վաճառել եմ, գումարը տվել իրեն: Ում ասում եմ, ծիծաղում են վրաս: Ասաց` օդի փողը չի հերիքում, ես էլ վաճառեցի»,- պատմում է Ելենան: Նա չորս որդիների եւ դստեր հետ այժմ ապրում է Ռուսաստանում գտնվող հարեւանի տանը: Վերջերս, սակայն, հարեւանը զանգահարել է կնոջն ու ասել, որ պատրաստվում է վաճառել տունը. ընտանիքը պետք է ազատի այն: Ելենայի ամուսինը տունը վաճառել է 6.500 դոլարով: Կինն ասում է, թե իրեն շատերն են զգուշացրել, որ տունը վաճառելու համար իր համաձայնությունը չտա: Սակայն ինքը չի լսել, քանի որ սիրել եւ վստահել է ամուսնուն: «Ես նրան ասել եմ, որ իր համար պատրաստ եմ ամեն ինչ անել, մենակ թե միասին լինեինք, հաջողվեր՝ մենք էլ գնայինք: Ես իրեն հավատացի: Վաճառեց տունը ու գնաց»: Հիմա Ելենան ստիպված է ամենատարբեր ծանր աշխատանքներ անել, որպեսզի երեխաները սոված չմնան: «Էն հինգ տարվա մեջ էլ կարելի է ասել` չէր օգնում, 100 դոլար ամբողջ տարվա մեջ հազիվ ուղարկեր: Ես էի գնում հարեւան գյուղ, քաղհան էի անում, որ երեխաներին պահեի: Էն ժամանակ փոքր էին»,- ասում է Ելենան: Երկու տարի առաջ Ելենայի ամուսինը Հայաստան է վերադարձել մի ռուս կնոջ հետ: Ելենային էլ ասել է, թե այդ կինն ուղղակի մի բարի կին է, ով իրեն օգնել է. «Ինձ էլ խաբեց, ասաց, թե այս կինն իրեն օգնել է, ինքը պիտի դատվեր, նա փող է տվել, ազատել իրեն: Դրա համար ես բերել եմ էդ կնոջը, մերոնց հետ ծանոթացրել: Ամուսինս չի ասել, որ կապված է այդ կնոջ հետ»: Այս ամենը պատմելիս Ելենայի աչքերն արցունքոտվում են: Կարծես արդարանալու համար անընդհատ կրկնում է` ես նրան շատ եմ սիրել, աչքերս փակ են եղել, չեմ հավատացել ոչ ոքի: «Ասաց` էնտեղ տուն եմ առել, եկել եմ ձեզ տանեմ: Ինքն էլ հավատացյալ է եղել, ասում էր` Աստված վկա, եկել եմ ձեզ տանելու, բայց իր տոմսը վերցրել, փախել էր»,- պատմում է Ելենան: Ելենան ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն դատարանը պահանջել է հայտնել ամուսնու հասցեն: «Համարն ունեմ, զանգում եմ, անպատվում, անջատում է: Ասում եմ` չես ուզու՞մ ինձ հետ ապրել, երեխաներին ամսական փող հատկացրու: Ասում է` ես գումար չունեմ, ընտանիք ունեմ այստեղ, ինձ մի անհանգստացրու: Կարծես թե էս երեխեքն իր ընտանիքը չեն»,-շարունակում է Ելենան: Ելենայի ավագ որդին 16 տարեկան է: Սոցիալական կայքերից մեկում նա գտել է հորը: Երեխաներն ամեն օր նայում են իրենց հոր լուսանկարները` ռուս կնոջն ու նրա երեխային գրկած, երջանիկ ու անհոգ դեմքով: Ելենան տպել է ամուսնու եւ նրա նոր ընտանիքի նկարները: Ցույց է տալիս, ձեռքերը դողում են, լաց է լինում: Պատմում է` ինչպես է ծանոթացել ամուսնու հետ: Ելենան փախստական է: 1992-ին եկել է Հայաստան, հյուրընկալվել Սիփանիկում ապրող հորեղբոր տանը: Այստեղ էլ ապագա ամուսինը տեսել է նրան, սիրահարվել: Ծնողները մեկնել են Ռուսաստան, իսկ Ելենան ամուսնացել է, մնացել Սիփանիկում: Այժմ Ելենայի ծնողները չեն կարողանում օգնել նրան, քանի որ ծեր են, թոշակառու: Ելենան, սակայն, ապրելակերպից այնքան էլ չի դժգոհում: Մեծ հպարտությամբ է խոսում երեխաների մասին` Մխիթար, Մովսես, Ստեփան, Միքայել, Եսթեր` բոլորին աստվածաշնչյան անուններով է կոչել: Տղաներից մեկը մարզիկ է` բռնցքամարտով է զբաղվում, մեդալներ ունի: Մյուսը շախմատիստ է, հրաշալի խոսում է անգլերեն: Ելենայի միակ մտահոգությունը երեխաների կրթությունն է, վախենում է` «շատ առաջ չգնան, քանի որ մեջք չունեն»: Վեց հոգանոց ընտանիքի միակ եկամուտը 47 000 դրամ սոցիալական նպաստն է: Ելենան չի աշխատում: Երեք տարի երշիկի գործարանում է աշխատել, հետո կրճատումների արդյունքում գործազուրկ է դարձել: Այդուհանդերձ, չի դժգոհում, ասում է` մի կերպ օրվա հաց կարողանում են հայթայթել. «Թեկուզ մի բուռ վերմիշելով ես իմ երեխաներին սոված չեմ թողնում: Ուղղակի, եթե արդարություն կա, ուզում ենք, որ մի լույս բացվի մեզ վրա: Սեփական տանիք ունենանք մեզ վրա: Ես մենակ դա եմ ուզում»: Երիտասարդ կինը պատմում է, թե ինչպես է ժամանակին ալյումին հավաքել, պարկով դրել ուսին, երկու կիլոմետր՝ մինչեւ Սայաթ-Նովա գյուղ հասցրել ոտքով, հանձնել, որպեսզի երեխաներին կերակրի: Անցյալ տարի, սակայն, հայտնվել է հիվանդանոցում: Նրան արգելել են ֆիզիկական ծանր աշխատանք կատարել: Հող մշակել չեն կարող, քանի որ գյուղում ստորգետնյա ջրերը բարձրացել են, եւ ամբողջ տարածքը ջրի մեջ է: Հողն արդեն ճահճացել է: Ելենան չգիտի, թե ինչ է անելու, երբ հարեւանը վաճառի տունը: Հարեւանն իրեն է առաջարկել տունը գնել, սակայն կինն այդքան գումար չունի: «Ո՞ւր եմ գնալու հինգ երեխաներիս հետ»,- հարցնում է նա: Սիփանիկի համայնքապետ Հայկ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ երկու տարի առաջ զգուշացրել է Ելենային տունը չվաճառել: «Ասում էի, որ ամուսինդ լավ մարդ չի երեւում, մի ծախիր, հինգ երեխա ունես: Չլսեց: Կարո՞ղ ես մարդուն ստիպել` սեփական տունը ծախի կամ ոչ: Մենք մեր խորհուրդը տվել ենք: Ոչ մարզպետարանը, ոչ գյուղապետարանը գումարներ չունեն, որ այդ մարդուն տուն տան: Մնում է՝ բարեգործներ լինեն, որ օգնեն այդ մարդուն, տուն գնեն նրա համար»,- ասում է Հ. Բադալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter