HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

«Մուսկուլների» էֆեկտը կամ ինչպես օձին խեղդել բնում

Մայիսի 31-ին Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին ՀԱԿ մոտ 15 ակտիվիստներ, այդ թվում` ՀԱԿ համակարգող Վլադիմիր Կարապետյանը, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաեւ մի քանի լրագրողներ: Ոստիկանությունը նման կոշտ քայլերի է դիմել այն բանից հետո, երբ մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ փորձել են մասնակցել Ազատության հրապարակում Վարդգես Գասպարիի նախաձեռնած բողոքի ակցիա-նստացույցին` ուղղված մարդու իրավունքների ոտնահարման, բանակում իրականացվող բռնությունների, քաղբանտարկյալների ազատ արձակման եւ կալանավայրերում կիրառվող խոշտանգումների դեմ: Նույն օրը երեկոյան բերման ենթարկվածների մեծ մասն ազատ են արձակվել, սակայն նրանցից երեքին` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին, նրա եղբորը` Սարգիս Գեւորգյանին եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Մայիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը մի քանի անգամ հանդես է եկել «Ազատության հրապարակում իրականացրած գործողությունների մասին» պարզաբանումներով: Դրանք հիմնված են բացառապես մի քանի ոստիկանների տված բացատրությունների վրա, ըստ որոնց, բողոքի ակցիայի մասնակիցները ոչ միայն հայհոյանքներ են տեղացել իրենց հասցեին, «անպարկեշտ ձեւով ստորացրել իրենց պատիվն ու արժանապատվությունը», այլեւ առանձին դեպքերում անգամ բռնություններ իրականացրել իրենց նկատմամբ: Ընդ որում, որպես բռնություններն իրականացնող, ոստիկանությունն առանձնացնում է հատկապես «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին: Ըստ ոստիկանության հրապարակած հաղորդագրության` ՙձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՚  պարզվել է, որ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մի ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, 1987 թ. ծնված Անի Գեւորգյանն է: Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, թե Ազատության հրապարակում իր ակտիվիստների իրականացրած ակցիաների հետ որեւէ կապ չունի: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը օրերս հայտարարեց, որ նման որոշում ՀԱԿ-ը չի կայացրել, ինչը նշանակում է, որ դրանք առանձին անհատների նախաձեռնության արդյունք են եղել: Մայիսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղի ունեցածը փաստացի լուրջ հասարակական հնչեղություն ստացավ ոչ թե ընդդիմադիր ակտիվիստների իրականացրած բողոքի ակցիաների, այլ ոստիկանության կողմից իրականացված կոշտ ռեպրեսիվ գործողությունների պատճառով: Հենց այն փաստը, որ այդ գործողությունները խիստ անհամահունչ էին բողոքի ակցիայի մասշտաբներին, ցույց է տալիս, որ իրականում դրանք ուղղված էին ոչ թե կոնկրետ բողոքի ակցիայի, այլ դրա հետագա ծավալման դեմ, ինչի միտումներն արդեն ակնհայտ էին: Վարդգես Գասպարիի` սկզբում միայնակ նախաձեռնած ակցիային հետագա օրերին միանում էին երիտասարդների խմբեր, ինչն իշխանության մոտ մտավախություն առաջացրեց, որ այն կարող է, աստիճանաբար ավելի ու ավելի ընդլայնվելով, վերածվել քաղաքական խոշոր ակցիայի` դառնալով իր համար գրեթե կամ լիովին անվերահսկելի: Իրավիճակի նրբությունը պայմանավորված էր հատկապես երեք գործոնով: Նախ` ակցիաները մեկնարկել էին Ազատության հրապարակում, որտեղ 2008-ի մարտից առ այսօր ընդդիմությանը թույլ չի տրվել որեւէ միջոցառում իրականացնել, եւ որը հասարակության ընդդիմադիր շերտերի համար խիստ խորհրդանշական նշանակություն ու իմաստ ունի: Ոստիկանության գործողությունները ցույց տվեցին, որ իշխանությունը ձգտում է ընդհանրապես արմատական ընդդիմությանը զրկել Ազատության հրապարակի մոգական ազդեցությունն օգտագործելու որեւէ, անգամ տեսական հնարավորությունից: Այն հիմնավորումը, թե հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղի է կառուցվել, եւ մարդկային մեծ կուտակումներ այդ տարածքում չեն կարող լինել, ցույց է տալիս, որ Ազատության հրապարակն իմաստազրկելու, ազատամտական նպատակային արժեքից ու նշանակությունից վերջնականապես զրկելու խնդիր է դրվել: Հետագայում իշխանությունը կարող է այս հիմնավորմամբ ընդհանրապես արգելել այս հրապարակում որեւէ զանգվածային քաղաքական միջոցառման անցկացումը: Երկրորդ գործոնն այն է, որ ակցիան ընթանում էր փաստացի նստացույցի ֆորմատով, ինչը կարող էր հանգեցնել մի նոր անժամկետ քաղաքական պրոցեսի: Պատահական չէ, որ չնայած քաղաքապետարանը չէր արտոնում Մատենադարանին հարող տարածքում ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքները, սակայն ոստիկանությունը չէր էլ խանգարում դրանց անցկացմանը, անգամ երբ նախապես տեղեկացվում էր, որ հանրահավաքներին հաջորդելու են երթեր: Դժվար է ասել` եթե ՀԱԿ-ը հայտարարեր Մատենադարանի մոտ ոչ թե հանրահավաքներ, այլ նստացույցեր անցկացնելու մտադրության մասին, արդյո՞ք ոստիկանությունը նույնքան հանդուրժող կգտնվեր: Իշխանության համար, հատկապես իրեն ուղղված ներկա արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների պայմաններում, անցանկալի է որեւէ տեսակի շարունակական ու անժամկետ ծավալման ակնհայտ միտումներ ունեցող որեւէ տեսակի հասարակական միջոցառում, եւ առավել քան հիմա դրանց անցկացումը թույլ չի տրվելու: Երրորդ գործոնն այն է, որ ակցիան մեկնարկել էր որպես քաղաքացիական նախաձեռնություն: Պատահական չէ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հիշեցումն այն մասին, որ ՀԱԿ-ը նման ակցիա անցկացնելու որոշում չունի, այսինքն` չի կարող պատասխանատվություն կրել դրա հետագա ընթացքի, ծավալման ու հետեւանքների համար: Այլ կերպ ասած` իշխանությունը, բացի, ասենք, Վարդգես Գասպարիից, որեւէ մեկին չէր կարող ճանաչել որպես ակցիայի հեղինակ: Այսինքն` դրա հետեւանքների համար քաղաքական պատասխանատվության հարցը մեխանիկորեն արանքից դուրս էր գալիս: Մինչդեռ  ակնհայտ էր, որ Գասպարիին աջակցում են հենց ՀԱԿ-ի ակտիվիստները: Այսինքն` իշխանությունը բոլոր հիմքերն ուներ կարծելու, որ նախկին քաղբանտարկյալի սկսած անհատական ակցիան կարող է վերաճել մեծ քաղաքական պրովոկացիայի` իր համար ավելի մեծ ու այս անգամ գուցե անդառնալի հետեւանքներով: Եվ ելնելով այս մտավախություններից` իշխանությունը նախընտրեց գնալ այսպես կոչված «չարյաց փոքրագույնի» ճանապարհով, այսինքն` սկիզբ առած նոր շարժումը խեղդել հենց բնում, նոր ձեւավորման փուլում, որպեսզի հետագայում ստիպված չլինի ճակատամարտ տալ բաց դաշտում, ողջ միջազգային հանրության աչքի առաջ: Եվ չնայած իշխանության այս մոտիվացիային, այլեւս ակնհայտ է, որ ընդդիմությունն անպայման տեղի ունեցածը օգտագործելու է քաղաքական նկատառումներով: Եվ դրա համար ունի բարոյական բոլոր իրավունքները: Բանն այն է, որ ակցիան բնում խեղդելու օպերացիան իշխանությունն իրականացրեց շատ անփույթ կերպով` ըստ էության ապավինելով այն նույն մեթոդներին, որոնք կիրառվեցին մարտիմեկյան իրադարձություններից հետո սկսված նախաքննության, ապա եւ դատավարությունների ընթացքում: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությունն արդեն հուշում է, որ ոստիկանների բացատրություններն ու ցուցմունքները լինելու են հարուցված քրեական գործը «տրամաբանական» հանգրվանին հասցնելու հենասյուները, եթե, իհարկե, իշխանությունն իսկապես պատրաստվում է օգտվել իր պատժիչ մեքենայի ողջ պոտենցիալից: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն իրականացնելու` քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը լիարժեք հնարավորություն է տալիս դա անելու, թեեւ չափազանց դժվար, ընդհուպ անհնարին է թվում, թե ինչպես է, օրինակ, ոստիկանությունը հիմնավորելու եւ փաստարկելու Անի Գեւորգյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն իրականացնելու` իր իսկ առաջ քաշած «թեզը»: Սակայն չի կարելի բացառել, որ իշխանությունն այս փուլում կբավարարվի միայն ընդդիմությանը վախեցնելով: Եթե Գասպարիի «հունցած խմորն» այլեւս ջուր չտանի, ապա ամենայն հավանականությամբ ձերբակալված անձինք ազատ կարձակվեն: Դժվար է հավատալ, որ իշխանությունն, օրինակ, ԵԽԽՎ-ին նոր առիթ կտա իր նկատմամբ նոր մոնիտորինգ իրականացնել կամ նոր, տհաճ բանաձեւեր ընդունել: Սակայն ամբողջ խնդիրն այն է` ընդդիմությունը կվախենա՞ իշխանության ցուցադրած այս մուսկուլներից: ՀԱԿ-ը խոստանում է ամառային քաղաքական սրացումներ, եւ որեւէ հիմք չկա պնդելու, որ այդ մուսկուլներն արմատականների վրա ինչ-որ լուրջ տպավորություն են թողել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter