HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը խնդրին ծանոթ է

Պատասխանելով «Հետքի» հարցին` գյուղացիական վարկերի խնդրի հետ կապված` գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ինքը իրավիճակին լավ ծանոթ է: «Ենթադրենք` գյուղատնտեսության ոլորտի գործունեություն չէ, ենթադրենք` շինարարություն է կամ ինչ-որ արտադրական պրոցես: Ֆերմերը կամ բիզնեսմենը վարկ է վերցրել եւ անհաջողության է մատնվել: Էդ մարդիկ հո չե՞ն գալու ասեն` ես անհաջողության եմ մատնվել, իմ վարկի տոկոսները փոխհատուցեք, տվեք: Բայց ես անդրադառնում եմ գյուղատնտեսության ոլորտին` իր առանձնահատկություններով եւ յուրահատկություններով, ու ասեմ, որ այո, պատկերացնելի բան է, որ երբ գյուղացին, գյուղացիական տնտեսությունը բանկային կազմակերպությունից վարկ է վերցնում, գիտի, որ ինքը ռիսկի տակ է»: Իսկ այս տարի` նման անբարենպաստ բնակլիմայական պայմաններում, գյուղնախարարի կարծիքով, ռիսկը մի քիչ ավելի է մեծացել: Գ. Ալավերդյանը գտնում է, որ դա առեւտրային բանկերի գործունեությունն է: «Եթե գյուղացին վաճառում է իր արտադրանքը, բանկն էլ վաճառում է իր փողը: Ու բնականաբար, ինչքան շատ վաճառի, ինչքան ավելի բարձր տոկոսով, ինչքան եկամտաբեր լինի, այնքան բանկի համար շահավետ է»: Գյուղացիական վարկերի հարցը Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանի ժամանակ հնչել է, քննարկվել է Կառավարությունում, եւ գյուղնախարարի հավաստմամբ` իրենք արդեն ամբողջ վերլուծությունն ունեն, թե որ բանկերից որ գյուղացիական տնտեսություններն ինչքան վարկ են վերցրել, ինչքան գրավադրման առարկաներ կան, որքան դատական հայցեր եւ այլն: «Այդ ամենը քննարկվում է, եւ ես կարծում եմ, որ համապատասխան մի որոշում մենք, վերջին հաշվով, կունենանք»: Գ. Ալավերդյանն ասաց, որ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության թիրախային երեք տարածաշրջանում, որոնցից երկուսը` Շիրակում եւ Գեղարքունիքում, բանկերի կողմից տրված վարկերի տոկոսների սուբսիդավորման հնարավորություն է տալիս: «Այսինքն` այդ տարածաշրջանների գյուղացիները, ովքեր որ բանկերից վարկեր կվերցնեն, ամբողջ տոկոսադրույքը կսուբսիդավորվի պետության կողմից: Դա գյուղացիների կողմից կդիտարկվի որպես անտոկոս վարկ: Մոտ 100 մլն դրամ գումար է տրված այդ ծրագրին բյուջեով, եւ Կառավարության համապատասխան որոշում ընդունեցինք, որ այդ ծրագիրը մինչեւ 2010 թ. երկարաձգենք: Քննարկվում է, որ մի շարք ուրիշ թիրախային գոտիներում նույնպես այդ ծրագիրն իրականացվի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter