HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշխատավորների ներկայացուցիչները արհմիություններին հակառակորդ չեն»

Նախորդ տարվանից շրջանառության մեջ է դրվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը բուռն քննարկման տեղիք է տվել: «Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցհարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշյանին և ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Կարլեն Հարությունյանին: Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է մի քանի անգամ, որոնց մասնակցել են արհեստակցական միությունների ղեկավարները: «Արհեստակցական միությունները Հայաստանի բոլոր ձեռնարկություններում ներկայացված չեն: Կան ձեռնարկություններ, աշխատավորական կոլեկտիվներ, որոնց շահերն այսօր  ոչ ոք չի պաշտպանում, որովհետև այնտեղ չկան արհեստակցական միություններ: Դրանք, ըստ օրենքի, երեք հոգուց ավելի կարող են միանալ և կազմել արհեստակցական միություններ: Պատկերացրեք 100-200 աշխատողներ ունեցող կոլեկտիվում 3, անգամ` 10 հոգանոց արհեստակցական միությունը չի կաող պաշտպանել աշխատողների շահերը»,- ասաց նա: Պատգամավորի հավաստմամբ` օրենսդիրը որոշել է, որ այն կազմակերպությունները, որտեղ չկան արհեստակցական միություններ, նրանց շահերը պաշտպանելու համար մտցվում է աշխատավորների ներկայացուցիչների ինստիտուտ: Սա համահունչ է միջազգային կոնվենցիաներին. «Աշխատավորների ինստիտուտն ընտրվում է աշխատավորների կոլեկտիվի ժողովում` 51 տոկոս ձայնով: Այսինքն` նշանակում է, որ  նա ընտրված մարմին է և պաշտպանելու է կոլեկտիվի շահերը»: Գ. Վաղարշյանն էլ նշեց, որ Հայաստանը հանդիսանում է սոցիալական, ժողովրդավարական և իրավական պետություն, հետևաբար` բոլոր գործառույթները, այդ թվում` նաև օրենսդրական դաշտում, պետք է միտված լինեն հանրության բարեկեցությանը: «Այսօր աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ: Պետք է ենթադրել, որ ցանկացած նոր օրենքի նախագիծ մշակելու պարագայում պետք է հաշվի առնել, թե այդ օրենքի նախագծի փիլիսոփայությունը, և թե ինչին է միտված այդ փոփոխությունը»,- ասաց նա: Հ. Հակոբյանը, պատասխանելով նրան, ասաց, որ օրենսգրքի փոփոխությունը կատարվում է գործարար միջավայրը բարելավելու, աշխատավորների և գործատուների շահերը պատշպանելու համար: Ըստ նրա` չի կարող առանձին պաշտպանվել գործատուի կամ աշխատավորի շահը: Դա վնաս կլինի թե գործատուին, թե աշխատողին: «Օրենսգրքի նպատակն այն է, որպեսզի կարգավորի աշխատանքային հարաբերությունները, հետևաբար` պաշտպանի և աշխատավորի, և գործատուի շահը»: Պատգամավորը գտնում է, որ այսօր արհեստակցական միությունները չեն կարող պաշտպանել աշխատավորների շահերը, որովհետև իրենք պետք է իրենց վրա վերցնեն ֆունկցիոնալ պարտավորություն` շահերը պաշտպանելու: Սա հետսովետական սինդրոմ է: «Արհեստակցական միությունները Խորհրդային միության ժամանակ եղել են պարտադիր-կամավոր: Մենք այսօր չունենք պարտադիր կամավորի գաղափարը: Ունենք արհեստակցական միություն, որն իր աշխատանքով պետք է ապացուցի կոլեկտիվին, որ ինքը պաշտպանում է կոլեկտիվի շահը»,- ասաց նա: Ի պատասխան` Գ. Վաղարշյանն ասաց, որ համաձայն է, որ հետխորհրդային տարիներին Հայաստանի արհմիությունները բարեփոխումների չեն ենթարկվել: Բայց դրան զուգահեռ` չպետք է մոռանալ, որ արհմիությունները կատարում են առաջին քայլերը: «Հայաստանում դեռ քաղաքացիական հասարակությունը ձևավորված չէ»: Հ. Հակոբյանն էլ ի պատասխան նշեց, որ հենց նույն քաղաքացիական հասարակության ձևավորման համար հարկավոր է, որ աշխատողը կարողանա աշխատանքային հարաբերություններում իր շահերը պահել: Նա կրկին շեշտեց, որ այսօր ձեռնարկությունների հիմանական մասում չկան արհեստակցական միություններ: «Արհմիություններն առաջարկում են, որպեսզի մենք չընդունենք մարմին` աշխատավորների շահերը պաշտպանելու աշխատավորական կոլեկտիվում, որպեսզի իրենք պաշտպանեն դրանք: Մենք ասում ենք, որ ընդունում ենք աշխատավորների ներկայացուցիչների, որոնք կպաշտպանեն աշխատավորների շահերը: Արհմիություններն էլ պետք է համագործակցեն նրանց հետ: Աշխատավորների ներկայացուցիչները արհմիություններին հակառակորդ չեն»,- հավաստիացրեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter