HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծված ստորագրություններով փաստաթղթերը հիմք են դարձել դատարանի վճռի

Համբարձում Հարությունյանը ընկերոջ եւ իր երեխաների քավոր Հովհաննես Ալեքսանյանի հետ 1999 թ. գրանցել է «Բրավո-Բետո» ՍՊԸ-ն եւ սկսել սննդամթերք իրացնել: ՍՊԸ-ի տնօրենը Համբարձում Հարությունյանն էր: «Հ. Ալեքսանյանը այդ ժամանակ աշխատում էր Հարկային պետական տեսչությունում, դրա համար էլ իմ անունով բացեցինք ընկերությունը: Գործի խաթր խանութս վաճառեցի, քանի որ նա կոպեկ չուներ: Ինքը ՍՊԸ-ի ոչ մի բանը չէր, քանի որ պետական պաշտոնյա էր, սակայն երկու տարի ՍՊԸ-ի կնիքը մնացել է նրա մոտ: Նրա մայրը` Մառլենա Ալեքսանյանը, 50-50 փայատեր էր ինձ հետ: Վարդուհի Թադեւոսյանը` նրա կինը, փոխտնօրենն էր, զոքանչը` Դոնարա Միտոյանը, գլխավոր հաշվապահն էր: Ես բոլոր հարցերը նորմալ կարգավորում էի, պետության հետ ոչ մի խնդիր չկար»,- պատմում է Հ. Հարությունյանը: 2005-ին Հ. Ալեքսանյանին աշխատանքից հեռացնում են, նա վերադառնում է ՍՊԸ-ի աշխատանքներին` իբրեւ իրավաբան: Ինչպես Հ. Հարությունյանն է պատմում` այդ օրվանից ֆիրման «սկսեց դեպի ետ գնալ, ամբողջ գումարները ինքն էր տնօրինում: 200 000 դոլար փող նվազեց»: «Կողբում հող էր առել` անասուններով, բայց մինչեւ հիմա ոչ մի գումար այդտեղից չեմ ստացել: Ես չէի մտածում, որ ինձ կգցի: Բերել, մեզ կեղտոտ փողեր է ցույց տվել: Իր նախաձեռնությամբ բացվեց նաեւ «Գլորիա Ֆուդ-Կո» ՍՊԸ-ն` 2004-ի վերջին: Ես ասում էի` մեկի հարցերը չենք կարում լուծենք, մյուսն ինչի՞ ես բացում»: «Բրավո-Բետո» ՍՊԸ-ում սկսում են պարտքեր կուտակվել: Հ. Հարությունյանի վստահեցմամբ` Հ. Ալեքսանյանն է պարտքեր վերցրել, ապրանքներ է բերել, ծախել, գրպանել, գումարները փոշիացրել: «Վերջում ահավոր խախտումներ հայտնաբերեցի: 2005-ի կեսերին հողեր առանք: Ասում էի` հողն իմ անունով գրանցի, քանի որ ՍՊԸ-ն իմ անունով էր: Չգրանցեց, հողը հետո օտարել եւ վաճառել է»,- պատմում է Հ. Հարությունյանը: 2007-ից Համբարձում Հարությունյանի եւ Հովհաննես Ալեքսանյանի միջեւ կոնֆլիկտ է սկսվում: «Մի օր եկել, ամբողջ փաստաթղթերը «Գլորիա Ֆուդ-Կո»-ի տարել է, ու ես նրան այլեւս չեմ տեսել: 2008-ին ես դատարանից դիմում եմ ստացել, որ սնանկության գործերը գտնվում են վարույթում, խնդրում են ներկայանալ քաղաքացիական դատարան»: Հ. Հարությունյանը զանգահարում է գործընկերոջն ու ստանում հետեւյալ պատասխանը. «Գցել եմ, լավ եմ արել, տղա ես` ստացի: Մեր վերջին խոսակցությունը սա է եղել: ՍՊԸ-ի բոլոր պարտավորությունները մնացին ինձ վրա»: 2008 թ. դատարանի վճռով «Բրավո-Բետո» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Լուծարային գործընթացի կառավարիչ նշանակված Մայիս Հայրապետյանը հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան` «Բրավո-Բետո» ՍՊԸ-ի տնօրեն Համբարձում Հարությունյանից 176 մլն 734 հազար 430 դրամ գումար բռնագանձելու պահանջով: Համբարձում Հարությունյանը շուրջ երկու տարի տեւած դատաքննության ընթացքում Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանին բազմիցս ներկայացրել է լուծարային կառավարիչ Մ. Հայրապետյանի եւ ընկերության նախկին իրավաբան Հ. Ալեքսանյանի համագործակցությամբ կատարված բազմաթիվ կեղծիքների, փաստաթղթերի կեղծումների, դրամական միջոցների յուրացման մասին փաստեր: «Ինձ ասացին, որ Հովհաննես Ալեքսանյանն ու Մայիս Հայրապետյանն ամեն օր իրար հետ ռեստորաններում են: Կառավարիչը եկել, ընկերությունում գույքագրում է արել, 10 մլն դրամի ժամկետն անցած ապրանք կա, գույքագրման թերթը չի տվել դատարան: Դատավորը պատճենահանված թղթի հիման վրա վճիռ է կայացրել` առանց պարզաբանելու: Ես ինքնաբացարկ հայտնեցի դատավորին, երկու օրվա մեջ վճիռ կայացրեց: Իրականում թղթերում իմ ստորագրությունը չկա, կեղծել են: Հովհաննես Ալեքսյանյանն էր կեղծել իմ ստորագրությունը: Բայց 115 մլն թիվ են թողել ինձ վրա»,- ասում է Հ. Հարությունյանը: Դատարանում արված նրա միջնորդությունները չեն բավարարվել: Դատավորը չի նշանակել անգամ մեկ դատաձեռագրաբանական փորձաքննություն: Հ. Հարությունյանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել, սակայն Անի Մխիթարյանը չի ընդունել ինքնաբացարկը: Հ. Հարությունյանը հասցրել է դիմել գրեթե բոլոր պետական մարմիններին: Դիմում է ուղարկել անգամ հանրապետության նախագահին: Երկու անգամ դիմել է դատախազություն` կեղծված փաստաթղթերի հիման վրա քրեական գործ հարուցելու համար, սակայն երկու դեպքում էլ մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Հ. Հարությունյանը կանգ չի առել: Նա դիմել է արդարադատության խորհուրդ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Անգամ հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին: Ասում է` ի վերջո, մեղավորները պատժվելու են: «Եթե Հ. Ալեքսանյանն ու Մ. Հայրապետյանն անմեղ լինեին, իմ այսքան դիմումների դեմ կբողոքեին, չէ՞: Ինչո՞ւ ոչ մի արձագանք չկա»,-հարցնում է Հ. Հարությունյանը: Նա դեռ հույս ունի, որ հասնելու է արդարության հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter