HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Պետք է կարողանաս ռացիոնալ սիմվոլներ առաջարկել քո հասարակությանը»

Հարցազրույց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ Որո՞նք են այսօրվա հայաստանյան հասարակության հիմնական սիմվոլները: Եթե շատ ընդհանուր փորձեմ ձեւակերպել, ապա համազգային նշանակության, դոմինանտ սիմվոլները դեռ շարունակում են մնալ Արարատը, Արեւմտյան Հայաստանը, ազգային մշակույթը, համաշխարհային մշակութային ժառանգությանը մեր բերած մասնակցությունը, որոնք մեծ հաշվով մեր էթնիկ նկարագիրը պայմանավորող սիմվոլներ են կամ գոնե բաղադրիչներ: Բայց այստեղ ավելի կարեւոր է, թե այդ սիմվոլները որքանո՞վ են ռացիոնալ եւ իռացիոնալ: Սիմվոլը կարող է գոյություն ունենալ ուղղակի որպես սիմվոլ, բայց մեր տիպի` անցումային հասարակությունների համար, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ, դրան ավելացրած` չլուծված հակամարտություններ, կարեւոր նշանակություն է ձեռք բերում հենց սիմվոլի գործառնական կողմը. որքա՞նով է այն ռացիոնալ եւ որքանո՞վ է էլիտաների տարբեր խմբերի կողմից ծառայեցվում կոնկրետ խնդիրների լուծմանը: Այս առումով, օբյեկտիվ, սուբյեկտիվ տարբեր գործոնների ազդեցությամբ, նույնիսկ մեր այն սիմվոլները, որոնք պետք է որ ունենային ռացիոնալ դերակատարություն, դրանց մի մասը կամ տեղափոխվել է իռացիոնալի հարթություն, կամ դեռ իռացիոնալի հարթությունում է: Երբ սիմվոլը թողնում ենք իռացիոնալի դաշտում, դրանով, ըստ էության, օտարում ենք նաեւ մեր այն պարտականությունները, որոնք պետք է ունենանք այդ սիմվոլի ու գաղափարի, օրինակ` անկախ պետության կամ պետականության` որպես սիմվոլի հանդեպ: Տվյալ դեպքում օտարվա՞ծ են մեր այդ պարտականությունները: Այո, մեծի մասամբ օտարված են: Մենք սիրում ենք համամարդկային, համապետական, համազգային բաներից խոսել, բայց երբ մեր իրավունքների դիմաց որոշակի պարտականություններ ստանձնելու պահն է գալիս (ես նկատի ունեմ եւ շարքային քաղաքացուն, եւ մտավորականին, եւ պետական պաշտոնյային), այ այդտեղ շատ փնթի եւ շատ անհետեւողական ենք. աղբը տեղում մենք չենք թափի, ուսանողը համալսարանում իրեն թույլ կտա ոտքը պատին դրած կանգնել ու պատը կեղտոտել, մեզ թույլ կտանք իջնել այն աստիճան, որ երթուղային տաքսու վարորդի պահանջին ընդառաջելով` 2 հոգու համար նախատեսված նստարանին կնստենք 4 հոգով եւ այլն: Այդ առումով, դասական օրինակը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ կա հստակ արտահայտված վերաբերմունք պետության` որպես սիմվոլի ու ինստիտուտի ու իր հիմնական ատրիբուտների հանդեպ: Դա դրոշն է, օրհներգն է, զինանշանն է, նախագահն է` որպես ինստիտուտ: Դրանց հանդեպ վերաբերմունքը շատ արտահայտված է, շատ հստակ եւ շատ ռացիոնալ: Անձնավորելը այստեղ էական չէ: Անկախ նրանից` Օբամային, Բուշին կամ մեր 3 նախագահներից որեւէ մեկին ամերիկացին կսիրեր, թե չէր սիրի` ինքը դա չէր տարածի նախագահի` որպես ինստիտուտի վրա: Իսկ մենք անձի հանդեպ դրական կամ բացասական վերաբերմունքը փոխանցում ենք սիմվոլի վրա: Պրն Գաբրիելյան, ասացիք, որ նախագահի ինստիտուտի դեպքում անձնավորելը կարեւոր չէ: Իսկ նախագահի ոչ թե անձը, այլ նրա լեգիտիմ լինելը, ընտրությունների կեղծված կամ չկեղծված լինելը տվյալ դեպքում կարեւորվո՞ւմ է: Իհարկե: Չափազանց կարեւոր նշանակություն ունի դա: Բայց լեգիտիմ իշխանություն ունենալը կամ չունենալը կարող է լինել եւ պատճառ, եւ հետեւանք: Իրավիճակին, որ մենք ունենք, ես հակված եմ նայել ավելի շատ որպես հետեւանք (ընդ որում` ոչ միայն անկախության շրջանում) այն բոլոր հասարակական, մշակութային, տնտեսական, քաղաքական նախընթաց զարգացումների, որոնք Հայաստանում եղել են: 70 տարի կար Սովետական Միություն, կար կառավարման համակարգից օտարված, օբյեկտի կարգավիճակի բերված հասարակություն, որը քաղաքական գործընթացներում ոչինչ չէր որոշում` բացի ընտրություններին, ընդ որում, որպես կանոն, մեկ թեկնածուով ընտրություններին մասնակցելուց: 1988-91 թթ. ազգային-ազատագրական պայքարի արդյունքում քաղաքական եւ սոցիոմշակութային համակարգը դառնում է անկախ, ունենում ենք որակապես եւ բովանդակային տեսանկյունից նոր քաղաքական էլիտա, բայց սա դեռ բավարար չէ պետություն, պետականություն կայացնելու համար, որովհետեւ այստեղ արդեն խնդիրը համակարգ կայացնելն է: Համակարգ կայացնել` նշանակում է որոշումների կայացման ազատության տրամադրում ձայն ունեցողին` շարքային քաղաքացուն: Իսկ 91-ից մինչեւ 2008-ը մենք Հայաստանում ե՞րբ ենք ունեցել նորմալ ընտրություն: Ըստ էության, 91 թ.-ին` առաջին նախագահական ընտրությունները եւ Գերագույն խորհրդի ընտրությունները: Քաղաքական համակարգի զարգացման տրամաբանությունը, սկսած 91-ից, եղել է ավելի շատ դեֆորմացիաների, ոչ թե տրանսֆորմացիաների տրամաբանության շրջանակներում: 1998-2008 թթ. ունեցանք, ըստ էության, վերջնական մոնոլիտիզացիա, երբ քաղաքական դաշտ մտավ ֆինանսական կապիտալը, օլիգարխիան, նրա հետեւից քաղաքական դերակատարություն ստանձնելու հավակնություններ ցուցաբերեց նաեւ այն, ինչ մենք անվանում ենք կրիմինալ: Ո՞րն է պատճառը: Գործընթացները խորքային են: Հազար պատճառ կարելի է գտնել: Օբյեկտիվ պատճառներ, ասենք` 88 թ.-ի երկրաշարժ, շրջափակում, երբ 91-94 թթ.-ին, ըստ էության, լուծվում էր ընդամենը գոյատեւման խնդիր, եւ շատ-շատերին չէր էլ հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում քաղաքական համակարգում, լարված հարաբերություններ հարեւանների հետ: Սուբյեկտիվ գործոններ: Ըստ էության` երկրի ու պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներ լուծելու ունակ նոր էլիտայի ձեւավորումն էլ մեզ մոտ գնաց դեֆորմացիոն ճանապարհով: Ընկալումները` անկախ պետականության կայացման մասով, մեզ մոտ ոչ միշտ են ռացիոնալ եղել: Մեզ միշտ թվացել է, թե այդ գործընթացի արդյունքը ապահովելու ճանապարհին ամենակարեւորը ընդամենը իշխանություն ունենալն է: Մինչդեռ դու գործ ունես հասարակության, մշակույթի, այն սիմվոլների հետ, որոնց մասին մենք խոսում ենք: Ամենակարեւորը` դու պետք է կարողանաս ռացիոնալ սիմվոլներ առաջարկել քո հասարակությանը: 88-ի ազգային-ազատագրական շարժումը եւ պատերազմը եզակի էին նրանով, որ երկար դարերից հետո կարողացանք տարածք ազատագրել, ոչ թե կորցնել: Ձեր գնահատմամբ` որո՞նք էին այդ շարժման գլխավոր սիմվոլները: Այն, ինչ ասում եք, ինքը բանաձեւ-սիմվոլ է, այսինքն` մենք 88-91 թթ.-ին` մինչեւ 94-ը, ունեցանք մի իրավիճակ, երբ առաջին անգամ, ըստ էության, ձեւակերպվեց Ձեր ասած բանաձեւը. հարյուրամյակների ընթացքում մենք առաջին անգամ ազատագրեցինք պատմական հայկական տարածքներ: Բայց եթե դա մնում է հայտարարության մակարդակում, իռացիոնալ է: Եթե դու տարածք ազատագրելը ձեւակերպում ես որպես նպատակ, քո պատմական հայրենիքի մի տարածքը ազատագրելուց հետո դու այդտեղ արդեն անելիք չունես: Եթե գոնե պրոցեսում դու այն վերաձեւակերպում ես որպես խնդիր, արդեն ստիպված ես նոր սիմվոլներ ստեղծել, որոնք պետք է լինեն ռացիոնալ: Գուցե ես կոպիտ բան եմ ասում. ազատագրվեց տարածքը, հետո՞: Այսինքն` այս դեպքում արդեն նպատակից մենք պետք է գործ ունենայինք խնդրի անցման փուլի հետ: Ե՞րբ պետք է այդ խնդիրը ձեւակերպվեր: Այդ խնդիրը պետք է ձեւակերպվեր արդեն 88-ին, 89-ին, 90-ին, 91-ին, երբ պատերազմական գործողությունների փուլում դու սկսեցիր տարածքներ ազատագրել: Երբ այն մնաց սոսկ որպես նպատակ, դրանից հետո էլի մտանք դեֆորմացիայի փուլ, որովհետեւ եթե դու չես վերաբնակեցնում ազատագրված տարածքը, կնշանակի` այն քո առօրյա կյանքում, քո հասարակության, քաղաքական համակարգի համար չունի այն կարեւորությունը, ինչ դու ներկայացնում ես իռացիոնալ դաշտում: Որպեսզի ռացիոնալ դառնա, վերաբնակեցնելը պետք է լիներ ընդամենը միջոց: Առաջին` որպեսզի ռացիոնալ դառնա, պետք է ձեւակերպվեր եւ հետեւողականորեն իրականացվեր հետեւյալը. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մեծ հաշվով` յուրաքանչյուր հայ (կլինի Երեւանում, Գյումրիում, Հայաստանի որեւէ խուլ գյուղում) չի կարող լինել պաշտպանված, վստահ, ապահովված, չի կարող ունենալ բարեկեցիկ կյանք, քանի դեռ այդ ազատագրված տարածքը վերաբնակեցված չէ, քանի դեռ ազատագրված տարածքում վերականգնված չեն հայկականության սիմվոլները, քանի դեռ այդ ազատագրված տարածքում տարեցտարի չի աճում հայկական բնակավայրերի, երիտասարդների թիվը, քանի դեռ Հայաստանի ցանկացած բուհի շրջանավարտ չի գնում այդ ազատագրված տարածքում ապրելու: Այսինքն` իռացիոնալ սիմվոլը պետք է լցնել ռացիոնալ սիմվոլներով: Դրանք հասարակական, մշակութային սիմվոլներ են` այն (մենք չենք սիրում հրեաների հետ համեմատվել), ինչ Իսրայել պետությունը անում է իր տարածքների կամ արաբներից բռնազավթված տարածքների հետ, երբ գաղափարը պահելու համար այդ գաղափարի տակ դնում ես ավելի շատ նյութական սիմվոլներ: Եթե ազատագրված տարածքում դու չունես նորմալ բնակչություն, դա նաեւ որպես սիմվոլ պահելը բարդ է: 92-93-94 թթ.-ին ծնված երեխան հիմա արդեն 16 տարեկան է: Երբ այդ 16 տարեկանը այ այդ տարածքը արդեն համարում է իր ծննդավայրը, դու չես կարող իրեն հակառակում համոզել: Իր ծնողը կթողնի, դուրս կգա այդ տարածքից, բայց ինքը դուրս չի գա, որովհետեւ ինքն այդտեղ սիմվոլներ, մշակութային միջավայր ունի, ինքն այդտեղ կայացել է` որպես սոցիումի անդամ: Այ, դա է նշանակում ռացիոնալացում: Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն ազատագրված տարածքին, այլեւ սահմանամերձ գոտուն, Հայաստանի ցանկացած բնակավայրի: 88-ից հետո մեր հասարակության սիմվոլները շա՞տ փոփոխություններ են կրել: Ցավոք, մեր հասարակությունն այսօր շատ քիչ սիմվոլներ ունի: Եթե մարդուն դու 20 տարի դնում ես գոյատեւման խնդրի առջեւ, երբ իր համար ամենակարեւոր խնդիրը ընտանիքի կենսական նվազագույնը, իր երեխայի համար շոր, կոշիկ, դպրոցական պայուսակ, ջեռուցում ապահովելն է, ինքը չի էլ մտածում սիմվոլների մասին, որովհետեւ դրանք պետք չեն իրեն: Օլիգարխը այսօր սիմվո՞լ է մեր հասարակության համար: Հասարակության` կրիտիկականին մոտեցող մասի համար` այո: Օլիգարխը չէ` փողը, իշխանությունը: Օլիգարխը դրա կրողն է: Օլիգարխի թիկնապահն է այսօր նույնիսկ հասարակության մի մասի համար սիմվոլ: Մարդը բոլոր դեպքերում ուզում է լավ ապրել եւ տեսնում է` ով է այսօր լավ ապրում հայաստանյան իրականությունում եւ հայաստանյան հասարակությունում: Փող ունեցողը: Հետո տեսնում է նաեւ, որ այսօրվա հայաստանյան իրականությունում աշխատելով շատ փող ունենալ հնարավոր չէ (աշխատելով կարող է գոյատեւել): Եվ բնական է, որ այստեղ եւ սիմվոլները, եւ արժեքները, եւ դեպի դրանց տանող ձեւերն ու եղանակներն էլ պետք է փոխվեն: Ինչպե՞ս եղավ, որ 88-ի սիմվոլները այսօր փոխվեցին այն աստիճան, որ արդեն օլիգարխի թիկնապահի` որպես սիմվոլի մասին ենք խոսում: Շատ պրոցեսներ ուղղակի չկարեւորեցինք եւ շատ բաներ մեզանից օտարեցինք: Այդ սովետական մտածողությունը, երբ մենք օբյեկտ էինք, վերարտադրվեց, ավելացավ, հարստացվեց ու բերեց այսօրվան: Երբ մարդը մտածում է, որ իրենից ոչինչ կախված չէ, որ ինքը ոչինչ չի կարող անել, որ միեւնույն է` իր փոխարեն որոշելու են, դա է բերում այս օրվան: Ո՞վ է ասել, որ սիմվոլը ինքը պիտի մեր փոխարեն իր համար կյանք ստեղծի: Սիմվոլը ինքն էլ է ներդրում պահանջում, այնպես, ինչպես լավ կյանքը: Մեր վերաբերմունքով պետք է ապրեցնեինք սիմվոլները: Ի՞նչ վերաբերմունք ունենք այսօր ազատամարտիկի հանդեպ. ի վերջո, սիմվոլ է: Շատ ազատամարտիկներ սոցիալապես անապահով են: Վերջ: Նշանակում է` դու վերաբերմունք չունես ձեւակերպված: Այստեղ նաեւ պետությունը չպե՞տք է դերակատարություն ունենար: Իհարկե, բայց եթե ազատամարտիկը հասարակական կարեւորության սիմվոլ է, ինչո՞ւ ենք թողնում միայն պետության վրա: Բա մե՞նք` մեր տարրական վերաբերմունքով: Տարրական բան է, երբ, ենթադրենք, քո թաղամասում, քո գյուղում, քո շրջապատում բնակվող որեւէ ազատամարտիկի, որը Շուշիի ազատագրմանն է մասնակցել, մայիսի 9-ին դու զանգում ու ասում ես. «Շնորհավորում եմ եւ շնորհակալություն, որ դու այդ բանը արել ես»: Անո՞ւմ ենք դա: Որպես կանոն, շատ քչերն են անում: Ինքը մեզ համար սիմվոլ չէ: Այստեղ ոչ պետություն է պետք, ոչ փող, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, ոչ մի բան պետք չէ: Պետք է, որ դու ինքդ քո ներսում այդ սիմվոլը ունենաս ու վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter