HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Դաշնակցական պոպուլիզմ. անառակ որդու յուրօրինակ վերադարձը

Հունիսի 4-6-ը Աղավնաձորում կայացած ՀՅԴ 15-րդ Գերագույն ժողովն ընտրել է նախկին 11-ի փոխարեն 9 անդամից բաղկացած նոր Գերագույն մարմին: Վերջինից դուրս են մնացել Հրայր Կարապետյանը, ով ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ վերընտրված Արմեն Ռուստամյանի` ԳՄ անդամների թվի կրճատումը պայմանավորված է եղել բացառապես կազմակերպչական ներքին կուսակցական խնդիրներով: Սակայն Հրայր Կարապետյանին եւ Արտյուշա Շահբազյանին ԳՄ-ում չընդգրկելու իրողությունը խոսում է ՀՅԴ-ում առկա որոշակի խմորումների մասին: Այս երկու գործիչներն էլ ՀՅԴ-ում հայտնի էին իշխանության նկատմամբ իրենց համեմատաբար լոյալ վերաբերմունքով: Եվ հենց նրանց ԳՄ-ից «դուրս թողնելու» որոշմամբ Դաշնակցությունը փաստացի ցույց է տալիս գոնե արտաքուստ ավելի արմատական դաշտ մղվելու հավակնությունները: Գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը եւս խոսում է նման ցանկության մասին: Դրանում կուսակցությունը շեշտում է Հայաստանում առկա, իր կարծիքով մոտ երկու տասնյակի հասնող հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունը եւ հռչակում գերակա 4 խնդիր. «Ազգային ուղեգծի վերականգնում, սոցիալական արդարության հաստատում, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, երկրում նոր իշխանության ձեւավորում»: Այսպիսով, կարելի է փաստել, որ ՀՅԴ-ն փորձում է մտնել նոր, ավելի համոզիչ ու արմատական ընդդիմության ամպլուայի մեջ: Դա միանշանակ ունի նախընտրական նպատակներ: Նախորդ նախագահական ընտրություններում կրած խայտառակ պարտությունը ցույց տվեց, որ ՀՅԴ-ն հետեւողականորեն կորցնում է իր ընտրազանգվածը, որն ավանդաբար ամենակայունն ու հավատարիմն էր համարվում մյուս բոլոր քաղաքական ուժերի ունեցած հասարակական ռեսուրսի համեմատ: Այն վերականգնելու համար չափազանց նպաստավոր պայմաններ ստեղծեց հատկապես հայ-թուրքական երկու արձանագրությունների ստորագրման, ապա եւ վավերացման դեմ ուղղված հասարակական ընդվզումը: Սակայն այդ հնարավորությունը ՀՅԴ-ն վատնեց` փաստացի ձախողելով ազգային եւ ձախակողմյան ուժերին իր դրոշի տակ համախմբելու, ինչպես նաեւ վարվող արտաքին քաղաքականության դեմ հասարակական դժգոհությունը գեներացնելու առաքելությունը: ՀՅԴ-ն, իհարկե, նախաձեռնեց այսպես կոչված «Ոչ»-ի շարժումը` 14 կուսակցությունների եւ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ: Սակայն այն ներքաղաքական լուրջ գործոն չդարձավ, որովհետեւ հստակ, հասարակական լայն շրջանակների հետաքրքրությունների ու համակողմանի սպասելիքների վրա խարսխված քաղաքական օրակարգ առաջ չքաշեց: Ընդհակառակը` զերծ մնալով իրենց իսկ բնորոշմամբ հայ-թուրքական հաշտեցման «դավաճանական» գործընթացը կանխելու համար արմատական քայլերի դիմելուց եւ միայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջ ներկայացնելով` ՀՅԴ-ն փաստացի դիմադրողական շարժման իմիտացիա ստեղծեց եւ դրանով իսկ ցույց տվեց գործընթացների վրա ազդելու եւ քաղաքական ձախ հատվածը բյուրեղացնելու անկարողությունը կամ առնվազն ցանկության բացակայությունը: Եվ դա այն դեպքում, երբ իրականացվող արտաքին քաղաքականության մասով կամովին մարգինալացվելով` իրական ընդդիմադիր ուժը` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ին գործելու չափազանց մեծ դաշտ ու հնարավորություն էր ընձեռել: Սակայն կարելի՞ է, արդյոք, ասել, որ այն, ինչ Դաշնակցությանը չհաջողվեց այն ժամանակ, կարող է հաջողությամբ պսակվել քաղաքական նոր օրակարգ ներկայացնելուց հետո, այսինքն` հիմա: Ակնհայտ է, որ նախկին օրակարգով ՀՅԴ-ն էական արդյունքի հասնելու որեւէ շանս չուներ: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային Մադրիդյան գործընթացները սառեցնելուն ուղղված իշխանության որոշումները ՀՅԴ-ին զրկել են այդ դաշտում ինքնադրսեւորման ասպարեզից: Շարունակաբար մաշվող ընտրազանգվածը ետ բերելու եւ 2012 թ. խորհրդարանական ընտրություններում գոնե 5 տոկոսի շեմը հաղթահարելու շանս ունենալու համար ՀՅԴ-ն ստիպված էր վերանայել իր առաջ քաշած քաղաքական օրակարգը եւ մարտավարությունը: Դա է պատճառը, որ արտաքին քաղաքականության մասով ՀՅԴ-ն, որպես գերակա խնդիր, ընդամենը մեկ, շատ ընդհանրական ձեւակերպում է տվել` ազգային ուղեգծի վերականգնում: Ընդ որում, կուսակցությունը խուսափում է հստակ պարզաբանել, թե արդյո±ք մինչեւ հիմա իշխանությունները գնացել են «ապազգային» ուղեգծով: Դրա փոխարեն ակնհայտ է առաջնահերթություններում սոցիալական, իրավական խնդիրների շեշտադրումներ կատարելու ՀՅԴ ձգտումը, ինչը նախկինում չկար: Այսինքն` ՀՅԴ-ն փորձում է սահուն կերպով անցում կատարել դեպի ներհասարակական կյանք` արդեն արձագանքելով հանրության իրական սպասելիքներին: «Շատ ավելի լուրջ փորձություններ կարող են մեզ սպասվել, եւ այդ հետընտրական լարվածությունները գնալով կարող են ավելի սաստկանալ, որովհետեւ ամեն ինչ իր չափն ունի: Ժողովուրդն էլ մի օր կգա այդ եզրակացության, եւ այդ ըմբոստությունը ինքնաբերաբար կարող է առաջանալ: Մենք անգամ չենք էլ բացառում, որ այսօր կարող է սոցիալական ապստամբություն առաջանալ»,- ասում է Ռուստամյանը: Դրան զուգահեռ, կուսակցությունը նրբորեն առաջ է քաշում նաեւ ընտրությունների միջոցով իշխանափոխության հարցը` առանց հստակեցնելու` խոսքը արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների մասին է: «Մենք ուզում ենք ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել: Դա է ճիշտ ճանապարհը: Ցնցումների միջոցով իշխանության փոփոխությունը միշտ վտանգավոր է, վնասակար է` մանավանդ այն պարագայում, երբ Հայաստանը, հայությունն այսօր չավարտված պատերազմի վիճակում են»,- ավելացնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Թվում է, թե Դաշնակցությունը վերջապես սկսում է վիրտուալ ընդդիմությունից վերածվել իրականի: Սակայն սա միայն խաբուսիկ տպավորություն է: Խնդիրն այն է, որ կուսակցությունը բացարձակապես չգիտի` ինչպես դա անել: Այն տուրք է տալիս ոչ թե իր կայուն քաղաքական ուղեգծին, այլ վերջինս է փորձում հարմարեցնել տվյալ ժամանակահատվածում հասարակության տրամադրություններին. սկզբում դրանք կապված էին արտաքին մարտահրավերների հետ, հիմա` ներքին: Դա է պատճառը, որ ՀՅԴ-ն այսօր ի վիճակի չէ ռացիոնալ պատասխան տալ այն հարցին, թե ինչո՞ւ ոչ միայն կոալիցիայում լինելու ժամանակ, այլեւ դրանից դուրս գալուց հետո ավելի քան մեկ տարի շարունակ չէր ուզում տեսնել երկրում ստեղծված «սոցիալական ըմբոստության» նախադրյալները: Կամ` ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն իրականացնել այնպիսի ընտրությունների արդյունքում, որոնց զոհն են համարում իրենց, սակայն որոնց արդյունքները բողոքարկելուց հրաժարվեցին թե 2007-ին, թե 2008-ին եւ նախընտրեցին հարմարվել ստեղծված իրավիճակին: Այս ամենի ֆոնին ՀՅԴ-ի տարատեսակ հայտարարություններն ավելի շատ պոպուլիզմի տպավորություն են թողնում: Եվ դա էլ ավելի է հարվածում այս կուսակցության հեղինակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter