HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Մանիպուլյացիոն հակասություններ` նախագահի և ԿԳ նախարարի հայտարարություններում

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների Կառավարության նախաձեռնությունը ոչ թե օտարալեզու, այլ օտար դպրոցների ստեղծման նպատակ է հետապնդում: «Օտարալեզու» անվանումը ենթադրում է հայրենական ավանդույթների ու արժեքների հիման վրա, բայց օտար լեզվով ուսուցում: Եվ այս պարագայում ուսուցման լեզուն ընդամենը գործիքի դեր է կատարում: Մինդեռ Կառավարության նախաձեռնությունը հենց հատկապես օտար դպրոցի ստեղծման խնդիր ունի, որովհետև դրա միակ նպատակն այնպիսի դպրոցների հիմնում է, որոնց պարագայում լեզուն գործիքի այդ նպատակակետի գործառույթը չի ստանձնում, որովհետև այդ դպրոցներն իրենց հետ բերելու են ուսուցման ու դաստիարակության, անհատականության կերտման սեփական մեթոդիկան, սեփական աշխարհայացքը, որը բացարձակապես որևէ աղերս չի ունենալու հայկականության հետ: Եվ չնայած գործադիրն անգամ խորհրդարանական քննարկումների ժամանակ որևէ հասկանալի ու տրամաբանական հիմնավորում չներկայացրեց` ժխտելու համար այս իրողությունը, խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ ընդունեց առաջարկվող փոփոխությունները: Դրա համար բոլոր նախադրյալներն ստեղծեց միայն մեկ հանգամանք. հանրապետության նախագահի կողմից այս նախաձեռնության խրախուսումը: Այդ նպատակին էր ծառայում ՀՀ նախագահի` իր մամուլի խոսնակի միջոցով խնդրո առարկայի վերաբերյալ հայտնած վերաբերմունքը, որը, սակայն, պարունակում էր էական իմաստային և արժեքային հակասություններ: «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը»,- ասում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը: Միայն այս ձևակերպման մեջ երկու մանիպուլյացիոն հակասություն կա: 1. Եթե իսկապես «միջազգային չափանիշներին համապատասխան» ուսուցման խնդիր է դրվում, ապա հարց է առաջանում, թե ի՞նչն էր խանգարում այդպիսի դպրոցներ ստեղծելու փոխարեն հայրենական կրթության համակարգը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Կառավարությունը և նախագահն այսպիսով փաստացի խոստովանում են, որ գործադիրը ձախողել է որակյալ կրթահամակարգ զարգացնելու բոլոր ծրագրերը: Սակայն եթե մի պահ անգամ ընդունենք, թե ինչ-որ ռացիոնալ հատիկ կա օտար դպրոցների ներմուծումը որպես «միջազգային չափանիշներին» համապատասխան կրթություն իրականացնելու խթան դիտարկելու գործադիրի մոտեցման մեջ, ապա ինչո՞ւ այս նախաձեռնության կողմնակիցները չեն բացատրում, թե ինչպես է դա արելու: 2. ՀՀ մամուլի քարտուղարը, չգիտես ինչու, չի խոսում այն մասին, որ խոսքը ոչ միայն մասնավոր, այլև միջպետական ու միջկառավարական պայմանագրերի հիման վրա ստեղծվելիք դպրոցների մասին է: Արդյոք այս իրողությունը չհիշատակելը զուտ մոռացությա՞ն արդյունք է: Խնդիրն այն է, որ այդպիսի դպրոցների ստեղծումը երկու պետությունների կամ կառավարությունների պայմանավորվածության արդյունք է լինելու, այսինքն` Հայաստանում իրենց լեզվով ու մեթոդիկայով ուսուցում իրականացնելու նախաձեռնությունը տվյալ երկրի կամ երկների պետական քաղաքականության արդյունք ու հետևանք է լինելու: Եվ ո՞վ կարող է համոզել, որ դա ուղղակի դիվերսիոն նպատակներ չի կարող ունենալ: Այդ անելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել, թե ինչու է տվյալ երկրներին, նույնիսկ մասնավոր անձնաց անհրաժեշտ, որ կրթությունը Հայաստանում անցկացվի հենց օտար լեզվով. զուտ բիզնեսի՞, թե՞ հայերի գեղեցիկ սևորակ աչքերի համար: Եթե այդպես լիներ, ապա ոչինչ չէր խանգարում, որ նույն մեթոդոլագիան ներդրվեր, կիրառվեր, դեռ մեր Կրթության ու գիտության նախարարությունն էլ սովորեր` ինչպես երեխա կրթել ու դաստիարակել հայոց լեզվով: Թե՞ հենց հայոց լեզուն է խոչընդոտում այդ չափանիշներով կրթություն իրականացնել: Իբրև երկրորդ նպատակ` նախագահականից հուշում են. «Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ»: Կառավարությունը որևէ հիմնավորում, վիճակագրություն չի ներկայացրել, որ հենց որակյալ կրթություն ստանալու բաղձանքով են հանրակրթական տարիքի «օժտված երեխաները» բռնում օտարության ճանապարհը: Եվ ոչ էլ խոսում է այն մասին, որ շատ ընտանիքներ օտարությունից հետ են վերադառնում հենց հատկապես իրենց երեխաներին հայկական դպրոցներում կրթության տալու նպատակով: Իսկ «օտարության ճանապարհը» բռնում են ոչ թե այդ երեխաները, այլ նրանց ընտանիքները և ոչ թե զավակներին «միջազգային կրթություն տվող» դպրոցներում կրթություն տալու, այլ երկրում տիրող իրավական, հասարակական, սոցիալական, քաղաքական դժվարին վիճակի պատճառով: Այս երևույթը միայն երկրում անորակ կրթության հանգամանքով պայմանավորելն առկա ավելի խորքային խնդիրներն անտեսելու և դրանք շրջանցելու խղճուկ փորձ է ընդամենը: Եթե կա կոնկրետ որակյալ կրթություն ստանալու նպատակով երկրից արտահոսք, ապա միայն բարձրագույն և հետբուհական մակարդակում, որի պարագայում լեզվի գործոնը բացարձակապես երկրորդական նշանակություն ունի: Այս հարթության մեջ գործ ունենք ոչ թե «ուղեղների արտահոսք», այլ «ուղեղների շրջանառություն» երևույթի հետ: Գլոբալ մրցակցության դաշտ, որտեղ Հայաստանը դեռևս տանուլ տվողի կարգավիճակում է: Շատ ավելի հետաքրքրական է նախագահի մյուս հիմնավորումը. «Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ»: Եթե սա է նպատակը, ապա բացարձակապես հասկանալի չէ` թե այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունը սահմանափակում հիմնվելիք դպրոցների թիվը: Չէ՞ որ այդ տրամաբանությամբ` որքան շատ լինեն նման դպրոցները, սփյուռքահայերն այնքան ավելի շատ կվազեն Հայաստան, ու ավելի շատ նման կրթություն ստացող սփյուռքահայ երեխաներ կունենանք: Ով-ով, բայց այս նախաձեռնության ջատագով, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պետք է իմանար, որ սփյուռքահայ գաղթօջախներում ունենք հայկական դպրոցներ ստեղծելու և հայեցի կրթություն տալու օրավուր խնդիր: Հետաքրքրական կլիներ պարզել Կառավարությունից, թե ինչ հաշվարկներ են արվել. եթե Հայաստանում այդ 11 կամ 15 դպրոցները հիմնվեն, քանի՞ սփյուռքահայ ընտանիք է իր երեխային ուղարկելու Հայաստան` ստանալու այն կրթությունը, որն, առանց ավելորդ ծախսերի, մտահոգությունների, այդ երեխան կարող է ստանալ տվյալ երկրներում, դեռ մի բան էլ` գտնվելով իր ծնողների ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո: Հետաքրքրական կլիներ պարզել նաև, թե Հայաստանը քանի՞ հայահոծ երկրի հետ է միջկառավարական պայմանագրեր կնքել, որ այնտեղ բնակվող հայերի համար հայալեզու դպրոցներ բացվեն: Ստացվում է, որ սփյուռքահայության ուծացման գործընթացը դանդաղեցնելու, հայկական դպրոցներում սովորելու պայմաններ ստեղծելու փոխարեն հենց հայրենիքո՞ւմ ենք սկսում օտար կրթություն տալու պայմաններ ապահովել: Ո՞րն է ռացիոնալ տրամաբանությունը: Սակայն ամենացնցողը հետևյալ «հիմնավորումն» է. «Կրթության և գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար»: Վերջ: Եթե ՀՀ կրթության և գիտության նախարարությունը վերահսկելու է որակը, ապա ինչո՞ւ միայն 11, կարող ենք 1111 դպրոց ստեղծել ու հանգիստ խղճով գիշերները քնել: Բայց` առանց երազ տեսնելու, որովհետև հակառակ դեպքում «միջազգային չափանիշներին» համապատասխանեցվող գիտակցությունը կարող է հանկարծ երազում մի պարզ ու հասարակ հարց առաջադրել. եթե ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը այդքան լավ է վերահսկում, ապա ինչո՞ւ չի կարողանում վերահսկել գոնե հայրենի դպրոցներում տարվող կրթության որակը, որ այն բարձրացնելու ավելի հարմար ճանապարհ չի գտել, քան օտար դպրոցների ներմուծումը: Ինչո՞ւ է վերահսկողություն իրականացնող նախարարությունը համակերպված, դիտորդի կարգավիճակով հետևում բուհական ընդունելության քննությունների ժամանակ շրջանավարտների գերակշռող մեծամասնության կողմից միջինից էլ ցածր գնահատականներ ստանալու փաստին, այն էլ այն դեպքում, երբ գրեթե բոլորը ավագ դպրոցում սովորելու փոխարեն կրկնուսույցների, դասախոսների մոտ միայն տվյալ առարկաները, ավելի ճիշտ` քննության առաջադրանքներն են սերտում: Օտար դպրոցներ ստեղծելու որոշումը պատճառաբանելիս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ավելի հարմար հիմնավորում չի կարողանում գտնել, քան այն, թե ինչ է եղել, մի՞թե մինչ այս նախաձեռնությունը մեզ դուր էր գալիս մեր հանրակրթության որակը, մի՞թե խզում չկար, այսպես կոչված, էլիտար և սովորական դպրոցների միջև, որ այսպիսի աղմուկ է բարձրացել: Այսինքն` եթե դուր չէր գալիս, ուրեմն կարելի է ավելի մեծացնել այն ճահիճը, որում հայտնվել է ընդհանրապես ողջ կրթության համակարգը: Այս ամենում մեղավորը կրթության ներկայիս նախարարը, նախարարությունը, կառավարությունը, կամ նախագահը չեն: Պետական այս կառույցները պարզապես ձուկ են որսում այն ճահճում, որը բավարարում է շարքային քաղաքացիներին, իներտ հասարակությանը: «Օտարալեզու դպրոցների դեմ» ուղղված այս հասարակական շարժումը սխալ առաջնահերթություն է ընտրել և սխալ է ձևակերպում խնդիրը: Իրական խնդիրը օտար դպրոցների ստեղծումը չէ, այլ ընդհանրապես ողջ կրթական համակարգի այսօրվա աղետալի վիճակը բոլոր առումներով` թե բովանդակային, թե կազմակերպչական, թե մենեջմենթի, թե կոռուպցիայի: Եվ պահանջատեր պետք է լինել այս ողջ համալիր խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար: Իսկ շարժումը նման նեղ խնդրի շրջանակներում պահելը որևէ հետևանք չի ունենալու: Ընդհակառակը, մեկ, արհեստական, երկրորդական խնդրի սրումը ստվեր է նետելու համակարգի մնացած` շատ ավելի հրատապ խնդիրների վրա և համապատասխան պետական մարմիններին պատասխանատվությունից խուսափելու դաշտ է տալու: Հենց դրան է ուղղված օտար դպրոցների հիմնումը այդ խնդիրները լուծելու ռացիոնալ միջոց համարելու Կառավարության ներկայիս դիրքորոշումը: Չի կարելի բուն հիվանդությունը բուժելու փոխարեն պայքարել ջերմությունն իջեցնելու դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter