HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցինտերնի ժողովը Երևանում անց է կացվում առաջին անգամ

Այսօր մեկնարկեց Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովյան երկրների հանձնախմբի ժողովը, որը հյուրընկալում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը: Ժողովին մասնակցում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղրղզստանից, Բելոռուսից, Մոլդովայից, Հունաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Պաղեստինից: Ի սկզբանե նախատեսված էր, որ ժողովին կմասնակցի նաև Ադրբեջանի պատվիրակությունը, որոնք նախապես հաստատել էին իրենց մասնակցությունը, սակայն այսօրվա դրությամբ դեռ չէին ժամանել: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ֆորումները պարբերաբար տեղի են ունենում տարբեր երկրներում: Սակայն Հայաստանում այն առաջին անգամ է անցկացվում, ինչը շատ կարևոր է: «Ներկայացված են բոլոր այն սոցիալ-դեմոկրատական ուժերը, որոնք սոցինտերնի հետ ունեն առնչություններ` կամ լիիրավ անդամ են կամ դիտորդի կարգավիճակով են: Կքննարկվեն սոցիալիստական շարժման` տարածաշրջանի վերաբերյալ բոլոր խնդիրները, մասնակիցները կներկայացնեն, թե իրենց երկրներում սոցիալիզմի վիճակն ինչպիսին է, հաշվետվություններ կլինեն: Անդրադարձ կկատարվի նաև Կովկասի տարածաշրջանին` առկա խնդիրներին, կոնֆլիկտներին և այլն»,- ասաց նա: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ շատ անելիքներ կան տարածաշրջանում, և Երևանում տարբեր երկրների համախմբումը դրան կնպաստի: «Հինգ տարի շարունակ փորձում էինք այս ժողովը կազմակերպել, բայց միշտ խոչընդոտների էինք հանդիպում: Այսօր, սակայն, այդ խոչընդոտները հաղթահարվել են»,- ասաց նա` նշելով, որ ամեն հարց պետք է լուծել երկխոսության միջոցով: Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության բացակայությանը` Հ. Մարգարյանը նշեց, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորված չէ, բայց  դա չպետք է պատճառ լինի, որ իրար հետ չխոսենք: «Հակառակը, արդարության համար պայքարող երկու կուսակցությունների միջև երկխոսությունը կարող էր հակամարտության լուծմանը նպաստել, և մենք կողջունեինք Ադրբեջանի ներկայացուցչին այստեղ, սակայն նա չեկավ»,- ասաց նա: Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ, «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ  Տատյանա Մոսկոլկովան նույնպես կարևորեց միջոցառումը` նշելով, որ այն թույլ է տալիս երկխոսություն վարել, ամրապնդել համագործակցությունը կուսակցությունների միջև և փոխհամաձայնության գալ: «Սա տարբեր կուսակցությունների միջև երկխոսության համար ամենապրոդուկտիվ տարբերակներից մեկն է»,- ասաց նա: Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին` Տ. Մոսկոլկովան նշեց, որ հետսովետական շրջանում երեք սառեցված կոնֆլիկտներ կան, որոնցից հնարավոր չեղավ խուսափել: Դրանցից մեկն էլ Ղարաբաղի կոնֆլիկտն էր: «20 տարի է, ինչ ԱՊՀ-ն հիմնվել է, և դա թույլ է տվել, որ այս կոնֆլիտը արյունահեղություն թույլ չտա: Մենք պետք է տարբեր հետաքրքրությունների միջև կոմպրոմիս գտնենք: Պետք է պետությունները, կուսակցությունները իրար մեջ կարողանան երկխոսություն ունենալ: Մինսկի խումբը տարիներ շարունակ աշխատում է, որպեսզի զենք չկիրառվի: Կոնֆլիկտը թեև չի լուծվել, բայց ռազմական կոնֆլիկտի էլ չի վերածվել, ինչը կարող էր երկու երկրներին էլ ահավոր մեծ վնաս հասցնել, ու արյուն թափվեր»: Ռուսաստանի ներկայացուցիչը հավատացնում է, որ ինքը շատ է ցանկանում, որպեսզի այսօր իրենք միասին կարողանան կոնֆլիկտի լուծման ու նոր կոնֆլիկտներ թույլ չտալու դեղատոմսեր գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter