HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի ամբողջ գյուղ վախենում է ընդամենը երկու ախպորից»

Օրեր առաջ Կոտայքի մարզի Արզաքան գյուղի բնակիչներն իսկական ահուսարսափի մեջ են եղել: Մեկ օրվա ընթացքում գյուղի երկու բնակիչներ՝ եղբայրներ Վարդան եւ Հարութ Թադեւոսյանները, հասցրել են մի շարք գյուղացիների դաժանորեն ծեծել, հրացաններով մտնել նրանց տներն ու սպառնալ: Գյուղացիները դիմել են համայնքապետին, որպեսզի երկու եղբայրներին վտարեն գյուղից, ու իրենք կարողանան խաղաղ ապրել, սակայն ապարդյուն: Նշենք, որ Վարդան Թադեւոսյանը նախկին ավագանի է, իսկ Հարութ Թադեւոսյանը Արզաքանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տան տնօրենն է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հարութ Թադեւոսյանի որդին՝ Նարեկ Թադեւոսյանը, ընկերների հետ գյուղի հուշահամալիրի մոտ տեսել է համագյուղացի դպրոցական Վահագն Մովսիսյանին ու վիճաբանել նրա հետ: Վահագնը եւ նրա ընտանիքի անդամները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. «Մեքենայից ասեց` բան ասի՞ր, արա: Ասի` չէ, բա` եսիմ թե, բան էլ պիտի ասեի՞ր: Հետո էլ ասեց, բա` նստի ավտոն, գնանք Աղվերան, կասեմ՝ ինչ եմ ուզում քեզ ասեմ: Ասի` չեմ գալիս: Բա` սպասի, հեսա քեզ կասեմ, հեսա ես կիջնեմ ավտոյից»: Վահագնը խնդրել է նրանց հեռանալ, ինչից ավելի են կատաղել: Ավելի ուշ Վարդան, Հարութ եւ Նարեկ Թադեւոսյանները մի քանի տղամարդկանց հետ մեքենաներով շրջելով գյուղում` հարձակվել են էլի մի շարք գյուղացիների վրա եւ ծեծել, մասնավորապես` Եղիազար եւ Գեւորգ Գեւորգյաններին, գործող ավագանի Արմեն Մելքոնյանին: Արդյունքում տուժողները հայտնվել են հիվանդանոցում` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այնուհետեւ եղբայրները մի քանի օր շարունակ հարձակվել են Վահագնենց եւ մյուս տուժողների տների վրա, հրացաններով սպառնացել նրանց: Դպրոցական Վահագնի ընտանիքի անդամները պատմում են, որ Հարութը ներխուժել է նրանց բակ` ասելով. «Դու մեր տղուն խի՞ ես քրֆել»: «Բայց տենց բան չի եղել: Գրանցեք, որ մի ամբողջ գյուղ վախենում է ընդամենը երկու ախպորից, ամբողջ 1500 տնտեսություն վախենում ա երկու ախպորից: Ակադեմիայի պանսիոնատի դիրեկտորն է մեկը: Չեն նայում մեծ ու պուճուր, տարիքով է, երեխա է, կին է, թե տղամարդ: Մենք այստեղ կանգնած` մեկ էլ տեսա` անսահման տղամարդ վազելով լցվեցին տուն: Ես դողում էի: Նույնիսկ Հարութ կոչեցյալի ձեռքից բռնել եմ, ասում եմ` Հարութ, տղամարդ ես, հանգստացի, տեսնենք` ինչ է եղել: Ասում է` իմ տղուն հայհոյել են, քրֆել են...»: Համագյուղացիների պատմելով` այս «պատերազմը» նոր չէ, եղբայրները դեռ փոքրուց են սկսել իրենց «քաջագործությունները»: «Հերթով թաղեթաղ մտնում են: Դպրոցում դասատուին են ծեծել: Երեխուն նկատողություն է արել դասատուն, նույն րոպեին զանգել է հորը, եկել են, դասատուին ծեծել` Թադեւոսյան Վասակին, աշակերտների դեմը: Վերջերս է դեպքը տեղի ունեցել»,- ասում է Վահագնի տատը: Եղբայրների հարձակումից հետո գյուղացիները փորձել են ոստիկանություն զանգահարել. «Մի ժամ Չարենցավան եմ զանգել, որ տեսա` մարդ չի գալիս, ստիպված զանգել եմ Երեւան, ասել եմ՝ շուտ հասեք, մարդկանց մորթում են: Քանի երեխու գլուխ ջարդեցին, գյուղացիները ռիսկ չէին անում մոտիկ գնային: Տասնյակ տարիներ եթե մարդը չի պատժվում, տենց ա լինում: Ես ռիսկ չեմ անում իմ երեխուն հանեմ տնից դուրս: Եթե դու տենայիր էդ 40 տարեկան տղմարդու ձեռքի տրուբեն, սկի թուրքը որ թուրք է, էդպես չէր անի: Տրուբեքով որ էդքան տղամարդիկ իջան մեր հայաթ, մինչեւ հիմա չեմ կարում հանգստանամ: 40 տարեկան տղամարդն ընկել է 15 տարեկանի հետեւից: Գելերի ոհմակ էր: Եթե իմ երեխուն չգոռայի՝ Վահագ, փախի, նրան կցխեին»,- պատմում են Վահագնի ընտանիքի անդամները: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից դեպքի առթիվ «Հետքին» հայտնեցին, որ Վարդան Թադեւոսյանը ձերբակալված է, իսկ Հարութ Թադեւոսյանը դիմել է փախուստի. «Հունիսի 2-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ Արզաքան գյուղի բնակիչ Արմեն Մելքոնյանը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ գյուղի կենտրոնական հատվածում վիճաբանության ժամանակ Մելքոնյանին ծեծի են ենթարկել համագյուղացիներ Վարդանը եւ Հարութը»: Նույն օրը, ժամեր անց` նաեւ Եղիազար Գեւորգյանից ոստիկանությունում հաղորդում է տրվում այն մասին, որ Արզաքան գյուղում համագյուղացիներ Վարդանը եւ Հարութը ծեծի են ենթարկել իրեն եւ եղբորը, հասցրել վնասվածքներ: Երկուսին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: «Հունիսի 4-ին պարզվել է, որ Վարդանը Վարդան Թադեւոսյանն է` 1970 թվականին ծնված, Կոտայքի մարզ, Արզաքան գյուղ, նույն օրը նա ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հարութի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն»,- ասացին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մամուլում հրապարակումներ էին եղել, որ վերոնշյալ երկու եղբայրները վայելում են Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորությունը, քանի որ նրանցից մեկը ակադեմիայի պանսիոնատի ղեկավարն է: Փորձեցինք կապվել Ռ. Մարտիրոսյանի հետ: Վերջինիս հետ անձամբ խոսել չհաջողվեց: Նա իր օգնականի միջոցով փոխանցեց` քանի որ ինքն այդ գործից տեղյակ չէ, չի կարող մեզ պատասխանել: Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter