HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժանգոտ դդում»-ի կոնցեպտները

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դրվում են մեդիակրթության հիմքեր, գործում է հետաքրքիր ճարտարապետությամբ (նախկին «Մեխակ» ռեստորանը) մեդիակենտրոնը եւ, փաստորեն, «Ժանգոտ դդում» մեդիափառատոնը: Քանի որ կրթահամալիրը (պաշտոնապես) այլընտրանքային կրթություն է իրականացնում, իր մեդիափառատոնին տվել է այլընտրանքային, բայց ոչ պաշտոնական լինելու սկզբունքը: Իբրեւ հենց այդպիսին` «Ժանգոտ դդում»-ը կարեւոր իրադարձություն է մեր մշակութային դաշտում: Չի ցանկանում գովազդվել, խրախուսվել, լինել ներկայացուցչական, ներկայացնել «ազգը» դրսում կամ դրսեկին: Մեդիափառատոնը կրթական դիսցիպլին է` աշակերտների եւ ուսանողների շրջանում (Ռուսաստանում հատկապես): Թողարկում է խաղ, երաժշտություն, հեռուստատեսային, ֆիլմային, բջջային, համացանցային արտադրանք: «Ժանգոտ դդումը» նմանատիպ փառատոն է (որպես նոր մեդիաների կիրառման եւ ներկայացման տարածք), սակայն տարբերվում է նրանով, որ այստեղ, անկախ տարիքից, մասնագիտությունից եւ հնարավորություններից, կարելի է ներկայացրել վիդեո ֆիլմեր, հոլովակներ, տեսանյութեր, նկարված նաեւ բջջային հեռախոսով: «Ժանգոտ դդում» անվանումը արվեստագետ (փառատոնի մտահղացողներից) Գրիգոր Խաչատրյանինն է: Ո՞րն է «Ժանգոտ դդումի» բուն ասելիքը, սակայն: Ժանգը` ոսկու, դդումը` ծիրանի դիմաց. սա «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնի դեմ ուղղված գործնական ընդվզում է եւ ցուցադրման այլընտրանքային տարածքի ստեղծումը: Մեդիափառատոնը, ըստ կազմակերպիչ Սոնա Աբգարյանի, այն հանդիսատեսի համար է, «ով գնահատում է արվեստը ոչ թե նրա զտված ու հղկված տեսակներով, այլ ավելի հարգում է ներդրված գաղափարը, կոնցեպցիան»: Այդ իսկ պատճառով, 2009-ին, առաջին «Ժանգոտ դդում»-ը որոշեց ընդունել եւ ցուցադրել կինոթափոններ: Այսինքն` ոչ թե վեհ կինո, այլ կոնցեպտուալ գաղափարներ: Կոնցեպտուալ գաղափարները, սակայն, չեն վազում դեպի «ժանգոտը»: Այս տարի ժյուրին չգտավ առաջին երեք` լավագույն այլընտրանքային ժանգոտ սցենար, լավագույն ժանգոտ անիմացիոն ֆիլմ, ամենաժանգոտ ֆիլմ անվանակարգերին արժանի ֆիլմ: Մոտ 30 հայտից 5-ը ստացան խրախուսական մրցանակ («Կլիպ»` Լուսինե Վայաչյան (գրող, արվեստագետ) եւ Ծոմակ (երաժիշտ), «Անվերնագիր»` Մելս Սողոյան (Գեղարվեստի ավագ դպրոց), «Մեկ րոպե լռություն»` Հերբերտ Գեւորգյան («Մխ.Սեբաստացի» կրթահամալիր, ավագ դպրոց), «Deserter»` Դմիտրի Սարկիսով (ռազմական ինժեներ), «Մենք», «WE» «N2 Made in Holliwood»` Տիգրան Առաքելյան (Գեղարվեստի թատերական ինստիտուտ)): Ի դեպ, վիդեոներ կաին նաեւ Թուրքիայից: «Cам себе режисер» ռուսական հեռուստահաղորդումը գիտենք, որը, 10 տարի շարունակ, սիրողական վիդեոներ է ցույց տալիս: Սիրողական է, բայց թատրոնների դերասաններն աշխատում են սյուժեների հնչյունավորման վրա: «Ժանգոտ դդումի» դեպքում, օրինակ, կազմակերպիչ Սոնա Աբգարյանն է մոնտաժել մրցանակակիր «Կլիպ» վիդեոն): Այս տարի  «Ժանգոտ դդումը» գրեթե «Ինքդ քեզ փառատոն» էր, որովհետեւ նույն մարդկանց անունները հանդիպեցին փառատոնի կազմակերպիչների (ոչ ժյուրիի) եւ մասնակիցների կազմում (նաեւ նախորդ տարի): Այսպես, «Ժանգոտ դդումը» կարելի է կրթահամալիրի միջոցառումներից մեկը համարել, եթե անտեսենք նրա դիրքավորումը` «Ոսկե ծիրանի» հակոտնյան լինելու կոնցեպտը: Այն զեղջվեց նաեւ վարպետության դասի դեպքում: Դասը վարում էր սկսող ռեժիսոր Արթուր Սուքիասյանը եւ ներկայացված նյութն անմիջականորեն առնչվում էր «Ոսկե ծիրանի» գործունեությանը, մանրամասներին: Հայկական կինոարտադրանքի հետ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իրոք որ խնդիրներ ունի: Ոչ միայն այդ արտադրանքի վատորակության, այլեւ իր քաղաքականության, կոլեկտիվ ճաշակի տնտեսության պատճառով: Չնայած «Հայկական համայնապատկեր»-ում ստիպված է հեռուստատեսային ֆիլմեր ցուցադրել, փառատոնը չունի վիդեո անվանակարգ, ինչն անընկալելի է անկախության տարիներին տեղական վիդեո-արտի հետաքրքիր զարգացումների համատեքստում (Հայաստանի երիտասարդ վիեդո-արվեստագետները շատ ավելի հայտնի են միջազգային դաշտում, քան կինոռեժիսորները): Ի՞նչու «Կինոյի» անվան տակ ընդունելի է հեռուստատեսային ձեւաչափը, բայց ոչ վիդեո-արտը: «Ժանգոտ դդումը» դիտարկենք սոցիալ-քաղաքական համատեքստում: Օրվա ակտիվ սոցիալական խմբերը որոշակի պատրաստակամություն են դրսեւորում մշակութային-իշխանական որոշակի տարածքների «տեր կանգնելու» հարցում (օրինակ «Մենք ենք այս քաղաքի տերը», «Չի քանդվելու»` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանությանը նվիրված սոցալական խմբերը): Իշխանությունն իր հերթին, ներխուժում է վերջիններիս սոցիալական (չ)տարածքները: Օրինակ` 2010-ի հունիսի 5-6-ը կայացած BarCamp Yerevan-ում վարչապետ Տ.Սարգսյանն իր շնորհանդեսն ունեցավ: Եթե «Ժանգոտ դդումը» (որի մասնակիցները քաղաքականապես ակտիվ են) մասն է կազմում այդ ակտիվությունների, այն չի կայանում իբրեւ մշակութային այլընտրանք: Ակնառու է, որ ակտիվիստական հիմնական ռազմավարությունը միտվում է մշակութային պահպանության ու «տիրության», քան հակված է նոր մտածողության տարածքների ձեւավորմանը: Մեդիա արտադրանքն այս դեպքում առկախված է: Կարին Գրիգորյան «Ժանգոտ դդում» փառատոնին ներկայացված ֆիլմերի ցուցակ Հունիսի 10-13-ը 1.      Շաաո Ժակ «Հիշատակ », «Մարդը որպես բնության կատարյալ չարիք» 2.      Պետրոսյան Լուսինե «Երբ համաձայն են մարմնի բոլոր մասերը» 3.      Հակոբյան Տիգրան  «Կինգ բոքս» 4.      Վահե Բուդումյան «Սուտի գանգստերներ: 2:38» «Արխիվացում» : 5.      Տիգրան Առաքելյան «Մենք», «WE» «N2 Made in Holliwood» 6.      Դենիզ Սեյհան Արման «Sukut», «Silence» 7.      Արթուր Սուքիասյան «Երեք պատմություն» 8.      Տիգրան Ասատրյան «Անշառ-շառ» 9.      Դավիթ Բաբումյան «Սերը ըտրությունների ժամանակ» 10. Գայանե Ավետյան «Բժշկի սերը» 11. Համլետ Մխիթարյան «Ֆալշ» 12. 12. Հերբերտ Գևորգյան   «Մեկ րոպե լռություն» 13. Գայանե Փարվանյան «Пословицы про лень» 14. Ալեքսանդր Խանդիլյան «Story board» 15. Դիմա Սարկիսով «deserter», «I can assamble and dismantle a missile» 16. Նյուրգուլ Օզթյուրք, «Անվերնագիր» 17. Արմինե Թոփչյան «Անվերնագիր» 18. Մարգարիտա Սարգսյան «Խոստում» 19. Լուսինե Վայաչյան «Կադրի մեջ» 20. Լիլի Աբաջյան «Մուրաբա» 21. Մելս Սողոյան «Անվերնագիր» 22. Շամիրամ Պողոսյան «Մենախոսություն» 23. Սուրեն Մելիքյան- Լուսանկարներ 24. Թրուի Հուսսեյն Հանուլ- Լուսանկարներ 25. Սվետլանա Անտոնյան- Լուսանկարներ 26. Սուսաննա Ամուջանյան «Home video » 27. Սոնա Աբգարյան «Ամեն օր, ամեն տեղ » 28. Մանա Լիտտա -Լուսանկարներ 29. Տաթև Մարտիրոսյան -Լուսանկարներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter