HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վերելակների նորոգման հարցում ՏԻՄ-ը պետական աջակցություն է ակնկալում

Անգործության մատնված վերելակները վանաձորցիների մշտական մտահոգության առարկան են. Վանաձորի բազմահարկ շենքերի 168 վերելակների կեսից ավելին անսարք է: Գործող 81 վերելակներից 35-ը հիմնանորոգվել է 2004-2008թթ. Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ և բնակիչների ներդրումներով` համապատասխանաբար 40/60 տոկոսային հարաբերությամբ:

2010թ. հիմնանորոգվել է երեք վերելակ, որից մեկը` ՏԻՄ համաֆինանսավորմամբ, մյուս երկուսն էլ` ամբողջությամբ բնակիչների միջոցներով: Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի տեղեկացմամբ` նախատեսվում է հիմնանորոգել ևս երկու վերելակ: Բնակիչների դիմումը ներկայացվել է, և նրանք արդեն գումարներ են հավաքում` ապահովելու իրենցից պահանջվող ֆինանսական ներդրման չափը, որն, ըստ Գ.Պառավյանի, պետք է կազմի վերելակի նորոգման համար հաշվարկված գումարի 50%-ից ավելին: Վերելակների հիմնանորոգումն ու բարեկարգումը հնարավոր է միայն այդ աշխատանքերում բնակիչների ֆինանսական մասնակցության դեպքում: Համաֆինանսավորման սկզբունքը բաժնի պետը հիմնավորվում է ոչ միայն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթով, այլև պատճառված վնասի փոխհատուցման անհրաժեշտությամբ, իսկ վնասատուն այս դեպքում, ըստ նրա, հենց շենքի բնակիչներն են:

«Մեր վերելակները թալանման պատճառով են հիմնանորոգման ենթակա դարձել: Իսկ երբ ուսումնասիրում ենք, պարզվում է` վերելակը հենց տվյալ շենքի սեփականատերերն են թալանել: Էլկտրական շարժիչը վերանորոգելու համար բավական է 50-60 հազար դրամ, իսկ ներկայումս խոսքը 1 մլնից ավել դրամի մասին է, որն անհրաժեշտ է թալանված վերելակների հիմնորոգման համար», -ասում է Գ. Պառավյանը:

Միաժամանակ բաժնի պետը տեղեկացրեց, որ ՏԻՄ-ը խնդրով դիմել է Կառավարությանը. «Խնդիրն այժմ դրված է կառավարության վրա: Նպատակային ֆինանսական հատկացման համար դիմել ենք 2008 թ., 2009 թ., վարչապետի հետ հանդիպման ժամանակ` 2010 թ., հարցում ենք արել անձամբ նրան: Եվ ինքն էլ է կար¢որել դա: Կարծում եմ, որ այն դրական լուծում կստանա»:

Նա հիմնավորում է դիմումը` ասելով. «Դիմեցինք, որովհետև վերելակների թվով Վանաձորը հանրապետությունում երկրորդ քաղաքն է, Գյումրին բնակչության թվով է երկրորդ քաղաքը, բայց այնտեղ ընդամենը մեկ բազմաբնակարան շենքի վերելակ կա: Պատճառն այն է, որ երկրաշարժի ժամանակ Գյումրու բոլոր բազմահարկ շենքերը փլվեցին, կամ դրանք հետագայում քանդեցին և 4,5,6 հարկանի շենքեր կառուցեցին»: Պաշտոնյան լավատես է` նկատի ունենալով 2007թ. Երևան քաղաքի վերելակների հիմնանորոգման համար պետբյուջեից կատարված 3 մլրդ դրամի հատկացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter