HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

ՀՀՇ-ական հարված թիկունքից. Տեր-Պետրոսյանը երկընտրանքի առաջ

ՀՀՇ վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելը հասարակական որոշակի ռեզոնանս առաջացրեց: Դա ցույց է տալիս երկու իրողություն. նախ` բուն ՀՀՇ-ի եւ նրա քաղաքական գործոնի նկատմամբ հանրային ուշադրությունը շարունակում է բարձր մնալ` անկախ կուսակցության ժողովրդականությունից, երկրորդ` այդ հրաժարականի դիմումը ՀՀՇ-ից բացի շատ ավելի առնչվում էր Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ուղեգծին եւ դրա հետ կապված Կոնգրեսում առկա տարաձայնություններին: ՀԱԿ-ում ՀՀՇ-ն ներկայացնում են հիմնականում երկու գործիչներ` կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանը: ՀՀՇ-ամերձ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` հրաժարականի դիմում ներկայացնելու Քոքոբելյանի քայլը պայմանավորված է եղել տարվող քաղաքական կուրսի հետ չհամաձայնելու հանգամանքով: Ըստ ՀՀՇ մամուլի քարտուղարի պարզաբանումների` «Միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը` Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով: Քոքոբելյանը դիմում է ներկայացրել միայն կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ, որը վարչությունում չի քվեարկվել, եւ այն ընդամենն ընդունվել է ի գիտություն»: Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների` Քոքոբելյանը, իշխանություններից որոշակի արտոնություններ ստացած լինելով` հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու, ակտիվ աշխատանք է տարել` խաթարելու ՀԱԿ-ՀՀՇ հարաբերությունները եւ դրդելու ՀՀՇ-ին` առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալ առանձին` ՀԱԿ-ից դուրս: Դժվար է ասել` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները, սակայն փաստն այն է, որ հրաժարական տալու Քոքոբելյանի քայլը կուսակցությունում միանշանակ չի ընկալվել, քանի որ ավելի ակտիվ ու հրապարակային գործելու պահանջը, ըստ ամենայնի, կուսակցությունում հասունացած ու ձեւավորված հստակ դիրքորոշում է: Այդ մասին է վկայում հատկապես այն փաստը, որ Քոքոբելյանի քայլին անմիջապես հաջորդել է ՀՀՇ վարչության նիստում նախագահ Արարատ Զուրաբյանի կողմից իրեն վստահություն հայտնելու հարց բարձրացնելը, որը, սակայն, վարչությունը քննարկման առարկա չի դարձրել` այդպիսով վստահության քվե տալով նրան: Անկախ նրանից` ինչպես է լուծվել Քոքոբելյանի հարցը, ՀՀՇ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որը սպառնում է ոչ միայն բուն կուսակցությանը, այլեւ ընդհանրապես արմատական ընդդիմադիր թեւի ամբողջականությանը: ՀՀՇ-ն Հայ ազգային կոնգրեսի առանցքային կուսակցություններից մեկն է, որը, ի տարբերություն այս ֆորմատում ընդգրկված շատ այլ քաղաքական ուժերի, անվերապահորեն ողջունել է Կոնգրեսի առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի անխտիր բոլոր նախաձեռնությունները, վերջինիս փաստացի միանձնյա որոշումները: Հենց ՀՀՇ-ի ու այս կուսակցությանը մերձ այլ ուժերի վրա հենվելով է առ այսօր Տեր-Պետրոսյանը կարողացել համոզել ՀԱԿ-ի մաս կազմող այլ ուժերին, որ ներկայիս պասիվ սպասողական քաղաքական ուղեգիծը ամենանպատակահարմարն է ստեղծված ընդհանուր քաղաքական իրադրությունում: Այլ կերպ ասած` Տեր-Պետրոսյանի համար ՀՀՇ-ն, ինչպես միշտ, հանդիսանում է հենակետային, վստահելի քաղաքական ուժ: Հետեւաբար, մեծ հաշվով Խաչատուր Քոքոբելյանի ըմբոստությունն ու անհամաձայնություննն ուղղված են ոչ թե բուն ՀՀՇ-ի, այլ հենց ՀԱԿ-ի ու հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական ուղեգծի դեմ: Առ այսօր բուն ՀԱԿ-ում շատերն են դժգոհություն հայտնել առաջնորդի որդեգրած իներտության եւ Կոնգրեսին դրան մղելու դանդաղ, բայց հետեւողական քաղաքականության կապակցությամբ: Սակայն այդ բողոքներն առավելաբար արտահայտվել են Կոնգրեսի ազգայնական, ոչ այնքան ազդեցիկ ուժերի, առանձին անհատների կողմից, որոնք չեն բյուրեղացել, չեն ձեւավորվել որպես հստակ քաղաքական պահանջ: Այս իրողությունը ՀԱԿ համակարգողներին հնարավորություն են տվել հարցը փակելու այն շաբլոնային ձեւակերպմամբ, թե ՀԱԿ-ը լիբերալ արժեքներով առաջնորդվող, ազատ արտահայտման պլատֆորմ է, եւ դրա ցանկացած ներկայացուցիչ կարող է այլընտրանքային մոտեցումներ ունենալ ու դրանք ազատորեն արտահայտել: Սակայն անգամ ՀԱԿ-ից դուրս էլ նկատելի էր, որ ղեկավարության որդեգրած քաղաքական կուրսի նկատմամբ անվստահություն ունեցողների շրջանակը հենց ՀԱԿ-ում մեծանում է: Եվ փաստացի միակ պատճառը, որը թույլ չէր տալիս այս զանգվածին վերածվելու գործոնի, բեւեռի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ ՀԱԿ-ում ձեւավորված այն հստակ ու միանշանակ կարծիքն էր, թե «շեֆը» միշտ ճիշտ է` անկախ նրանից` նրա տարբեր հայտարարություններում տեսնու՞մ էին հակասություններ, թե՞ ոչ, եւ թե որքան հաճախ էր նա մարտավարություն փոխում: Այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանն իշխանության առաջ հրաժարական տալու եւ հեռանալու պահանջ էր դնում, ՀԱԿ-ում խանդավառությամբ ասում էին, թե արագ, օր առաջ իշխանափոխության հասնելն այլընտրանք չունի: Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր իշխանությանը ժամանակ տալու մասին, նույն մարդիկ նույն խանդավառությամբ պաշտպանում էին, թե ամեն գնով չէ, որ պետք է հասնեն իրենց նպատակին: Այսինքն, Տեր-Պետրոսյանի` հավերժ ճշմարիտ լինելու մասին կարծիքը գրեթե տաբուի կարգավիճակ ուներ Կոնգրեսում, եւ որեւէ մեկը դա վիճարկելու իրավունք չուներ: Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, փորձում էին վիճարկել, անմիջապես կարող էին որակվել շարժման «դավաճաններ»: Բնավ պատահական չէ, որ Քոքոբելյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո նրա անվան շորւջ էլ սկսեց հյուսվել «դավաճանի», «իշխանությունների պատվերը» կատարողի կերպարը: Դա այն դեպքում, երբ ՀՀՇ-ն չէր կարող չիմանալ Քոքոբելյանի ունեցած բիզնեսների մասին: Ամեն դեպքում, կարելի է ասել, որ Խաչատուր Քոքոբելյանի քայլը հենց այս տաբուն կոտրելու միտում ուներ: Այն փաստացի բյուրեղացրեց ՀԱԿ-ում առկա իրական տրամադրությունները, եւ Տեր-Պետրոսյանն այլեւս այս փաստը հաշվի չառնել չի կարողանալու: Առավելեւս, որ հարվածը հասցվել է հենց թիկունքից` այն ուժից, որն անվերապահորեն աջակցում էր իրեն բոլոր նախաձեռնություններում: Այս իմաստով, կարելի է ասել, ՀԱԿ-ում նոր իրավիճակ է հասունանում, ինչը Տեր-Պետրոսյանին ստիպելու է նոր լուծումներ որոնել` Կոնգրեսի ամբողջականությունը պահպանելու համար: Եթե այս հարցը դեռեւս գտնվում է Տեր-Պետրոսյանի առաջնահերթություններում, ապա ականատես կլինենք ՀԱԿ-ի ակտիվացմանը: Եթե ոչ, ապա չի կարելի բացառել, որ մինչեւ գալիք խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ը, որպես ձեւաչափ, այլեւս գոյություն չի ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter