HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արա Օշական. «Ուզեցի միշտ միայն ըլլալ պարզ ժողովուրդին հետ, իրենց ամենօրյա կյանքի մեջ նկարել, քան թե առաջնորդ մը»

Ծերուկը հայտնվում է Ամերիկահայ լուսանկարիչ Արա Օշականը իր նկարները փակցնում է պատին եւ երկար ժամանակ նայում: Այն նկարները, որոնք մի քանի շաբաթ հետո այլեւս հետաքրքիր չեն լուսանկարչի համար, պոկում է եւ տեղը նոր նկար փակցնում: 2006 թ. Վանք գյուղում Արայի արած լուսանկարներից մեկը այդպես էլ չձանձրացրեց նրան եւ շատ երկար մնաց պատին: Նկարն արվել է Վանք գյուղի աղբյուրի մոտ, որտեղ նավի նմանվող ռեստորան կա եւ խանութ: Խանութի ներսում մութ էր, դրսում` լույս, եւ խանութի փայլուն ապակին հայելու էր վերածվել: Արան դրսից նկարել է խանութի ապակին, որի մեջ արտացոլվել է Վանքի ծերունիներից մեկը: «Կարծես թե ադ անձը ադ հայելիին ետեւեն դուրս կուգա կամաց-կամաց: Նկարեն ձախեն որ աջ նայիս, աս ծերուկը կամաց-կամաց ավելի կհայտնվի, մեջտեղ կուգա»,- ասաց Արան: Հենց այս նկարից եւ հայտնվելու իմաստից է ծագել «Father Land» («Հայրենիք») գրքի հիմնական գաղափարը: Արան այսպես է բացատրում. «Ադ նկարը կենտրոնական նկար եղավ աս հայտնվելու գաղափարին, որ շատ կարեւոր գաղափար է աս գիրքին, որովհետեւ գիրքը հորս հետ ըրած եմ: Ես աս գիրքին ընթացքին հայր եղած եմ` 4 երեխա ունեցած եմ այս ընթացքին` գիրքին սկիզբեն, եւ աս գիրքի ընթացքին հայրս գրած է եւ վերջը մահացած է: Ուրեմն ես ոչ միայն հայր եղած եմ, այլեւ հորս տեղն ալ ըրած եմ, եւ գիրքի աս պրոցեսը, որ 10 տարի առած է, ձեւով մը ինձի հայտնվելու պրոցես մը եղած է նույն ժամանակ»: 1999 թ. Արան առաջին անգամ հոր` հայտնի գրող Վահե Օշականի հետ այցելել է Արցախ, իսկ 2006-ին Արան վերջին անգամ է եղել Արցախում` լուսանկարելու «Father Land» գրքի համար: «Ղարաբաղում միշտ ընդունած են ինձի, ադիկա ամենեն սքանչելի բանը եղած է: Օրական մի 2-3 հոգի իրենց տունը ինձի կհրավիրեին, որ գամ, նստիմ, սուրճ խմեմ, խոսինք եւ այլն: Ամերիկայի մեջ կրնաս 3 տարի երթալ, մեկը իրենց տունը չի հրավիրեր քեզի, եթե ընկեր չեն քեզի հետ: Անընդհատ մարդոց տունը կերթայի եւ երբեմն կնստեի, կխոսեի մարդոց հետ կրնա ըլլալ 1-2 ժամ եւ մեկ հատ նկար չէի առներ, որովհետեւ ինձի համար նկարելու պրոցեսը նույն ժամանակ հարաբերություն ստեղծելու պրոցես մըն է: Եվ երբեմն առանց լուսանկարչության պետք է հարաբերություն մը ստեղծես, եւ կրնա ըլլալ` շատ աղվոր նկար մը փախցնես: Խոսիլը շատ կարեւոր է»,- ասաց Արան: Արցախում արված նկարները լուսանկարչական նախագծերի «Visions 2001» ազգային մրցույթում 3-րդ տեղն են զբաղեցրել: «Father Land» գրքում Արցախի տեսարժան վայրեր ու բնանկարներ չկան, միայն մարդկանց նկարներ են: Գրքում ներկայացված են նաեւ լուսանկարչի հոր գրած բավական երկար տեքստերը` Արցախի պատմության, պատերազմի, մշակույթի մասին, նաեւ` գրողի տպավորությունները: Գիրքը լույս է տեսնելու սեպտեմբերին, Նյու Յորքում: Արան ցանկանում է գիրքն անպայման Հայաստանում, այդ թվում նաեւ Արցախում ներկայացնել, ցուցահանդես կազմակերպել: Լուսանկարչի երազանքը վեպ գրելն է Արան Բեյրութում է ծնվել, փոքր տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում է կնոջ ու 4 երեխաների հետ: Ասում է, որ պատահմամբ է լուսանկարիչ դարձել: Նա ցանկացել է գրող լինել, ինչպես հայրը: Գրող դառնալու մասին հիմա էլ է երազում, Արան մտքում 1-2 վեպ ունի: Երկար ժամանակ անգլերենով պատմվածքներ է գրել, իսկ վեպ գրելու քաջություն, իր խոսքերով, չի ունեցել: Մի օր նա որոշել է, որ իր պատմվածքների հետ լուսանկարներ պետք է լինեն եւ դիմել է իր լուսանկարիչ ընկերներին: Սակայն Արային թվացել է, թե ընկերների լուսանկարները չեն համապատասխանում իր պատմվածքներին, եւ ինքն է սկսել լուսանկարել: «Սկսա ավելի եւ ավելի նկարել եւ կամաց-կամաց լրջացա, խորացա լուսանկարչության մեջ: Վերջը օր մը եկավ, որ անդրադարձա, որ կարեւոր չէ` գրո՞ղ ես, լուսանկարի՞չ, թե՞ նկարիչ կամ մյուզիքի մեջ: Կարեւորը ան է, թե ինչ կուզես փոխանցել ասոր միջոցով: Այն ժամանակ, երբ ադի անդրադարձա, գրությունը ձգեցի եւ ամբողջովին լծվեցա նկարելու»,- պատմեց Արան: Նա չի սիրում լուսանկարել պաշտոնական իրադարձություններ, պաշտոնյաների եւ երբ գնում է, ասենք, որեւէ փառատոնի, նկարում է ոչ թե բեմի վրա, այլ բեմի ետեւում տեղի ունեցողը: «Ըսենք` Ղարաբաղի իմ գործիս մեջ առիթներ ունեցա կառավարական կամ աս տեսակի, ան տեսակի մարդոց հետ շփում ունենալ, բայց անընդհատ-անընդհատ ադ բաներեն ես հեռացա եւ ուզեցի միշտ միայն ըլլալ բնական, պարզ ժողովուրդին հետ, իրենց ամենօրյա կյանքին հետ, իրենց կյանքի մեջ` ադ միջավայրի մեջ նկարել, քան թե առաջնորդ մը: Պաշտոնական վիճակին մեջը քիչ մը դերակատարություն կա, մարդիկ որոշ ձեւով պետք է վարվին, ըսեն, խոսին: Երբ մարդիկ կնկարես պարզ` իրենց տունին մեջ կամ անանկ տեղեր, ադ բանը չկա, եւ կարծեմ ավելի դյուրին է հասնիլ որոշ ճշմարտության մը»,- ասաց Արան: «Ինչո՞ւ համար բան մը չէիք ըներ» 1995 թ.-ից Արա Օշականը ԱՄՆ-ում լուսանկարել է Ցեղասպանությունը վերապրածներին: Այն ժամանակ դեռեւս բավականին վերապրածներ կային: Արան արձանագրել է նաեւ վերապրողների պատմությունները: Ընկերների հետ Արա Օշականը լուսանկարել եւ հարցազրույց է անցկացրել Ցեղասպանությունը վերապրած 80 հայի հետ: «Մեծ մասի մայրերը, հայրերը կամ եղբայրները, քույրերը իրենց աչքին առջեւը մահացած են, եւ հարց կդնեին երբեմն, թե, ըսենք, «ինչո՞ւ ես վերապրած եմ, եւ իրենք չեն վերապրած»: Իրենց զգացական աշխարհը շատ-շատ կոմպլեքս եւ դժվար աշխարհ մըն է, որովհետեւ ոչ միայն ադ կա, որ եղավ եւ չի ընդունվիր, բայց նույն ժամանակ տեսած են, եւ արդեն շատ-շատ դժվար է ադ տեսածով ապրիլը»,- պատմեց Արա Օշականը: Լուսանկարչին հանդիպել են նաեւ Ցեղասպանությունը վերապրած հայեր, ովքեր հայերին են մեղադրել թուրքերի դեմ բավարար ինքնապաշտպանության չդիմելու համար: «Մեկ վերապրող մը ունինք, որ կըսեր. «Ինչպե՞ս կըլլա, որ մենք ասանկ գացած ենք եւ ջարդված ենք: Հայրս կըսեր` մեր շուրջը հարյուրավոր հայեր էինք, եւ մեկ հատ զինվոր կար` մեր վրան կեցած էր: Ինչո՞ւ համար բան մը չէիք ըներ»: Այո, քանի մը հոգի անանկ արտահայտված են, թե «ինչպե՞ս կըլլա»»,- ասաց Արա Օշականը: Նա նախատեսում է գիրք պատրաստել, որում ամփոփված են լինելու Ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները եւ նրանց պատմածները: Ցեղասպանությունը վերապրողներին նվիրված այս գիրքը Արայի` դեռեւս չհրատարակված 5 գրքերից մեկն է եւ, հավանաբար, լույս կտեսնի «Father Land»-ից հետո: Աշխարհ, որ շատ քչերն են տեսնում Արա Օշականն աշխատել է նաեւ բանտում. Կալիֆոռնիայում լուսանկարել է երիտասարդ իրավախախտների: «Բանտի մեջ աշխատիլը շատ-շատ հետաքրքրական էր, որովհետեւ գաղտնի տեղ մըն է` հսկայական պատերուն ետեւ, որ եթե հանցանք մը չես գործած կամ չես դատապարտված, որ հանցանք մը գործած ես, չես տեսներ: Եվ ես ասանկ բացառիկ առիթ մը ունեցա, որ հակառակ անոր, որ հանցանք չեմ գործած, ինձի չեն բռնած իմ հանցանքիս, կրցա երթալ եւ տեսնել ադ իրենց ապրելու վիճակը հոն: Գաղտնի աշխարհ մըն է, որ շատ քչերը կտեսնան: Ադիկա ինձի համար բացառիկ նորություն մըն էր»,- պատմեց լուսանկարիչը: Բանտում Արա Օշականը օրական մեկ-երկու ժամ է աշխատել, որը կարճ ժամանակ է լուսանկարների միջոցով ազատազրկված երիտասարդների հոգեվիճակը ցույց տալու համար: Ավելի քան 2 տարի բանտում լուսանկարելուց հետո Արան տեսել է, որ լուսանկարներում խորքը որոշ չափով պակասում է: Որպեսզի այդ խորքը լինի, նա լուսանկարների հետ տեղադրել է նաեւ տեքստ` հատվածներ նամակներից, շարադրություններից, բանաստեղծություններից, որոնք երիտասարդներն իրենց ձեռքով են գրել: «Մեկ-երկուսը շատ լավ բանաստեղծություններ կգրեին: Ես առաջին անգամ որ բանտ գացի, մտածեցի, որ ասոնք պիտի ըլլան գանգստերներ, տատու-մատու եւ այլն` ասանկ բաներ, բայց շատ համեստ տղաքներ եւ աղջիկներ էին` խելացի եւ հետաքրքրված, եւ եկած էին, կուզեին, որ վիդեո նկարել սորվին եւ այլն, եւ շատ տարբեր չէին մեր ընկերներեն իրականության մեջ»,- ասաց Արան: Բացի լուսանկարը տեքստի հետ համադրելուց` Արան երբեմն լուսանկարը համադրում է մեկ այլ լուսանկարի հետ, կամ էլ երեքը միասին: Նպատակն է ստեղծել ավելի մեծ նկարագրական հնարավորություններ` ներկայացնելու ոչ միայն ազատազրկվածների, այլեւ այն վայրի պատմությունը, որտեղ նրանք ապրում են: Բացի դրանից` երբ նկարի հետ տեղադրվում են երիտասարդների ձեռագիր գրվածքները կամ նկարները, դրանք պատմում են հենց երիտասարդների պատմությունը: Սա շատ կարեւոր է բանտում գտնվող ամեն մարդու համար, քանի որ նրանք զրկված են իրենց իրերից, հագուստներից եւ մնացած ամեն ինչից: Արան ասում է, որ իր այս լուսանկարչական նախագիծը մի փորձ է` երիտասարդ իրավախախտներին ձայնի իրավունք տալու մի վայրում, որտեղ նրանք իրենց պատկանող ոչինչ չունեն: Արա Օշականը հրատարակիչ է փնտրում երիտասարդ իրավախախտների լուսանկարներն ամփոփող գիրքը հրատարակելու համար: Հունիսի 2-ին Նյու Յորքում բացվեց «Moving Walls» («Շարժվող պատեր») ցուցահանդեսը: Ամեն տարի բազմաթիվ լուսանկարիչներ են դիմում ցուցահանդեսին մասնակցելու համար, բայց միայն վեցն է ընտրվում: Նախկինում Արան մի քանի անգամ դիմել էր, բայց չէր ընդգրկվել ցուցահանդեսում: Այս տարի ընտրված 6 մասնակիցների թվում է նաեւ Արա Օշականը: «Moving Walls» ցուցահանդեսին ներկայացված է բանտում նրա կատարած աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter