HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Եռաչափ գրաֆիկա Հանրապետության հրապարակում` դասական երաժշտության ուղեկցությամբ

Վաղը Անկախության տոնը նշելու ենք դասական երաժշտության հնչյունների ներքո: Այո, տարօրինակ է, բայց էստրադային կատարումներ հրապարակի բեմի վրա չեն լինելու: Հանրապետության Հրապարակում սպասվող համերգ-ներկայացումը, իրոք, բաց թողնել չարժե:

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները, որոնք կուղեկցվեն հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից ընտրված հատվածներով: Համերգ-ներկայացումը ուղեկցվելու է եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների եւ դասական հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի եւ անկախ պետականության 20 տարիների պատմությունից: Համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսորը Արամ Սուքիասյանն է:

Անդրադառնալով ստեղծագործական մասին` ռեժիսոր Արամ Սուքիասյանն ասում է,- «20 տարիների մեր ունեցած բոլոր վայրիվերումները մենք փորձել ենք ներկայացնել: Ինչո՞ւ եմ ասում վայրիվերումներ, որովհետեւ, ինչպես հայտնի է, մեր նվաճումներին զուգահեռ ունեցել ենք նաեւ լուրջ կորուստներ, ձեռքբերումների հետ նաեւ թերացումներ, եւ մենք չենք խորշել, փորձել ենք ազնիվ ու անկեղծ լինել, որովհետեւ մենք բոլորս ապրել ենք այդ ժամանակներում»:

Կազմակերպիչները համարձակ քայլի են գնացել, բացօթյա այս ներկայացման համար ապահովել են կենդանի նվագակցություն եւ երգեցողություն. լինելու է հայ դասականների ստեղծագործությունների քաղվածք` Ա. Տերտերյան, Ալ. Աճեմյան, Ղ. Սարյան, Է. Հովհաննիսյան, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Բաբաջանյան, Կոմիտաս եւ այլոք:

Կենդանի հնչողությամբ ստեղծագործությունները կատարելու են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, իսկ «Բարեկամություն» անսամբլը եւ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը կատարելու են խորեոգրաֆիկ համարները:

«Կարծում եմ, որ հանդիսատեսը ունենալու է էմոցիոնալ դաշտի շատ տատանումներ, որովհետեւ սա եւ հպարտություն է ներշնչում, եւ ափսոսանքի, եւ կորստի զգացողություն: Այստեղ գաղափարական հիմք կա, բովանդակություն կա, ասելիք կա: Այն տարբերվում է իր սյուժետային զարգացմամբ, այսինքն` սա պարզապես լուսագունային շոու չէ, որով կարելի է պարզապես հիանալ, այլ այն իսկապես բովանդակություն ունի, եւ կարծում եմ, որ հույզ ու ոգեւորություն է առաջացնելու հանդիսականի մոտ»,- ասում է Արամ Սուքիասյանը:

Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաեւ շատրվանների ցուցադրությամբ: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ:

Համերգի կազմակերպիչներն են հայկական «Ինվիտրո փրոդաքշնը» եւ «Պրոլայթինգ» ընկերությունները, տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար հրավիրվել են ֆրանսիական «Աժանս Պաբլիկ» եւ «Աքվատիկ շոու» ընկերությունները:

Նախագծի իրականացման տնօրեն Արման Ծատուրյանը նաեւ հավելեց, որ ամենավերջում լինելու է հրավառություն, որի նախադեպը Հայաստանում չի եղել` եւ քանակային, եւ տեւողության, եւ գեղարվեստական բազմազանության առումով: Նա նաեւ նշեց, որ այս ծրագրի վրա աշխատել է 100-ից ավելի մարդ, որից 52-ը Ֆրանսիայից:

 «Հիմնական սկզբունքը այս ներկայացման կայանում է նրանում, որ մի քանի տարբեր տեխնիկաներ ենք միացնում իրար, որոնք իհարկե տարբեր մակարդակներով, բայց միեւնույն ժամանակ են աշխատելու: Բնականաբար ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտությունը համարվելու է այս ներկայացման հիմքը, բայց հույզերը, ամբողջ ցուցադրությունը կփոխանցվի վիդեոպատկերների միջոցով: Այս ամբողջ համակցությունը տալիս է մի յուրահատուկ մասնիկ սեպտեմբերի 21-ի միջոցառմանը»,- ասում է նախագծի տնօրեն Առնո դե լա Վիլբրուն:

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումից հետո կազմակերպվելու է նաեւ տոնական դիսկոտեկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter