HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Դիվանագիտական պարտության արյունոտ հետևանքները

2010թ. հունվարից, երբ Ադրբեջանը հայտարարեց այսպես կոչված Մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունելու մասին, ԼՂ կարգավորման հարցում Բաքվի կողմից իրականացվում էր բացառապես մեկ քաղաքականություն. հասնել նրան, որ Հայաստանը պարտադիր կերպով ընդունի այդ սկզբունքները, իսկ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների այդ նպատակով ուժեղացնեն ճշումները Երևանի նկատմամբ: Ադրբեջանական կողմը բանակցություններին մասնակցում էր բացառապես այդ նպատակով: Հայաստանի կողմից «նորացված մադրիդյան սկզբունքները» ընդունելը Բաքուն ներկայացնում էր փաստացի որպես ուլտիմատում` հիմնվելով հատկապես բանակցային գործընթացում Թուրքիայի ագրեսիվ ներգրավման վրա: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին` հանուն իմիտացիայի: Ադրբեջանը բանակցությունների գործընթացին կմասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ կա հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն»,- Ստամբուլում անցկացրած մամլո ասուլիսի ընթացքում հունիսի 8-ին ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս տարվա մայիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե մայիսի 12-ին չի մեկնելու Բրյուսել` նախատեսված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկելու ղարաբաղյան հակամարտությունը: Իր բոյկոտը Մամեդյարովը բացատրեց այսպես. «Ես հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի համոզել հայկական կողմին, որպեսզի այն ընդունի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը»: Ըստ էության` Բաքուն հրաժարվում էր որևէ ֆորմատով Հայաստանի հետ մասնակցել ցանկացած միջոցառման, մինչև Երևանը չտար համաձայնությունը «նորացված սկզբունքների» հիման վրա բանակցությունները շարունակելու համար: ԼՂ հարցով փաստացի բանակցությունները վարվում էին միայն արտգործնախարարների մակարդակով, այն էլ մաքոքային սկզբունքով, այսինքն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին հանդիպում էին առանձին առանձին: Նախ` մայիսի 12-ին Բրյուսելում նրանք քննարկում ուենցան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա հունիսի 5-ին Վենետիկում` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Եվ հաղորդակցության այս ձևը պարտադրվում էր բացառապես Ադրբեջանի կողմից: Այս իմաստով խիստ ուշագրավ էր հունիսի 18-ին նախագահ Ալիևի ժամանումը Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու տնտեսական ֆորումին և հատկապես կրկին երակողմ ֆորմատով բանակցություններ անցկացնելու Հայաստանի և ՌԴ նախագահների հետ: Դա ակնհայտ շեղում էր Բաքվի որդեգրած կուրսից, ինչը միայն մեկ բան կարող էր նշանակել. Ալիևը պարզապես այդ հանդիպումից խուսափելու հնարավորություն չի ունեցել և, չի բացառվում` ուղղակի «բերման է ենթարկվել» Սանկտ Պետերբուրգ Մոսկվայի ճնշման ազդեցությամբ: Այս հանդիպմանը ներկայանալն ինքնին նշանակում էր, որ Ադրբեջանի ուլտիմատումային դիվանագիտությունը փաստացի ձախողվել էր: Եվ դրա նշանները Ալիևն զգացել էր դեռ հունիսի սկզբին` Ստամբուլում, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդաժողովի երրորդ գագաթնաժողովի ընթացում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի հետ բանակցություններից հետո ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ուղղակի սառը ջուր լցրեց ադրբեջանաթուրքական սպասելիքների վրա. «Միայն երկու պետությունները, միայն երկու ժողովուրդները` միմյանց հետ գործնական երկխոսության ճանապարհով կարող են գտնել իրենց համար ընդունելի լուծումներ եւ փոխզիջումներ: Թե՛ Ռուսաստանը, թե՛ գործընթացի մյուս մասնակիցները պատրաստ են աջակցել, սակայն մենք չենք կարող փոխարինել Հայաստանին կամ Ադրբեջանին»: Պուտինի այս հայտարարությունը խիստ ուշագրավ էր ընդամենը մեկ ամիս դրանից առաջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Անկարայում արած այն հայտարարության ֆոնին, թե Մոսկվան ամեն ինչ կանի հասնելու համար հակամարտության կարգավորմանը: Պուտինն ուղղակի հասկացրեց, որ Մոսկվան չի պատրաստվում ճնշումներ գործադրել Երևանի նկատմամբ: Սակայն այսպիսի շրջադարձային փոփոխությունը միայն Մոսկվայի դիրքորոշման մեջ չէր նկատվում: Այս ամսվա սկզբին  Իլհամ Ալիևին ուղղված նամակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ նրբորեն հասկացրել էր, որ անկախ ամեն ինչից` Բաքուն պետք է մոռանա ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Ադրբեջանում այս ամենն ընկալվեց որպես «ագրեսոր» Հայաստանին պաշտպանելու և ագրեսիայի զոհ հանդիսացող Ադրբեջանի շահերի անտեսում: Ուստի զարմանալի չէր, որ հենց Ստամբուլում, թերևս նկատելով ձեռքերը որոշակիորեն լվանալու Թուրքիայի վարքագիծը և միջնորդ երկրների դիրքորոշման մեր նկատվող փոփոխությունները, Ադրբեջանի նախագահը հենց Ստամբուլում հատուկ ասուլիս է հրավիրում ու բառի բուն իմաստով արդեն աղաչում միջնորդներին` չհրաժարվել Հայաստանին «խելքի բերելու» մտքից. «Մենք շատ ենք ուզում, որպսզի համանախագահող երկրները, օգտագործելով իրենց հեղինակությունն ու հայկական կողմին ուղղված ազդեցության հնարավորությունները, ստիպեն նրանց ընդունել «նորացված մադրիդյան սկզբունքները», որպեսզի դրա հենքի վրա սկսենք խաղաղ պայմանագրի վրա աշխատանքները»,-ասում էր Ալիևը այդ ասուլիսի ընթացքում: Եվ ահա վերջինս հենց այս տպավորություններով ու ազդակներով էր հունիսի 18-ին ժամանել ՌԴ հյուսիսային մայրաքաղաք` թերևս վերջնականապես համոզվելու համար, որ «նորացված սկզբունքների» չափազանց լավ մշակված տրյուկը ձախողվել է, և միջնորդների վրա առանձնապես տպավորություն չի թողնում իրենց պրովոկացիոն քաղաքականութունը: Մոսկվան հենց դա էլ հասկացրեց Ադրբեջանին: Ակնհայտ է, որ Մեդվեդևը բանակցային գործընթացում բեկում մտցնելու համար չէր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հրավիրել հանդիպման: Առաջին հերթին դա վերջին շրջանում որոշակի զիջումների արդյունքում բաց թողած, ավելի ճիշտ Անկարային միտումնավոր հանձնված թելերը կրկին իր ձեռքը հավաքելու միտում ուներ: Մոսկվային սթափեցրին թե Ալիևին ուղղված Բարաք Օբամայի նամակ-ուղերձը, թե ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի մեկօրյա այցը Բաքու, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային Կովկասի երկրներ կատարելիք հնարավոր այցի մասին նախնական տեղեկատվությունը, թե ադրբեջանաթուրքական գազային համաձայնագիրը` ստորագրված Ստամբուլում` առաջին հերթին ի հեճուկս Մոսկվայի: Սակայն դրան զուգահեռ` սանկտպետերբուրգյան հանդիպումը միտված էր փրկելու մադրիդյան գործընթացը, որը փաստացի փակուղում էր հայտնվել 2010-ին ՄԽ համանախագահողների կողմից «նորացված սկզբունքները» շրջանառության մեջ դրվելու և Հայաստանի կոմղից այն մերժվելու արդյունքում: Միջնորդների խնդիրն էր կրկին գործընթացը բուն մադրիդյան փաստաթղթի շուրջ վերադարձնելը: Մի գործընթաց, որից Բաքուն երկյուղում էր ստամբուլյան ուղերձները աչքի առաջ ունենալով: «2007 թ. նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն»: Նալբանդյանի ակնարկն առավել քան ակնհայտ էր. բանակցությունները շարունակվելու են ոչ թե նորացված սկզբունքների, այլ 2007թ. կողմերին ներկայացված բուն մադիրդյան փաստաթղթի հենքի վրա: Որ սանկտպետերբուրգյան շրջադարձը տեղի է ունեցել հենց այս տրամաբանությամբ, անմիջապես հաստատեց Իլհամ Ալիևը` նախքան բուն տնտեսական ֆորումի մեկնարկը դեմոնստրացիոն կերպով հեռանալով Սանկտ Պետերբուրգից: Դեռ Ստամբուլում Ալիևը հոխորտում էր` փորձելով միջնորդների հետ խոսել սպառնալիքի լեզվով. «Մեծ ընտրություն չկա: Կամ ներկա իրավիճակը չի շարժվի մեռյալ կետից, այսինքն ներկա ստատուս-քվոն կպահպանվի, ինչը իհարկե ձեռնտու չէ մեզ համար, կամ բանակցությունները կշարունակվեն նմանակման համար: Ադրբեջանական կողմը դրա հետ երբեք չի համաձայնվի: Հակառակ դեպքում իրադրությունը կփոփոխվի: Իսկ խնդրի ռազմական ճանապարհով լուծելը երբեք չի բացառվել, այն այսօր էլ արդիական է»,-ասում էր Ադրբեջանի նախագահը: Այս ամենի ֆոնին բացարձակապես պարզ է դառնում, թե ինչու և ինչպես տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիոն հարձակումը ԼՂՀ ինքնապաշտպանական դիրքերի վրա մարտակերտի շրջանում: Դա փաստացի իր սպառնալիքների լրջությունը միջազգային հանրությանը հասցնելու միտում ուներ: Դա ոչ թե ուժի ցուցադրություն էր, կամ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու նախադրյալ, այլ միջնորդ երկրների վրա ազդելու վերջին, հուսահատ քայլ: Ադրբեջանը չի կարող հիմա այդպիսի լայնածավալ գործողություններ սկսել, որովհետև դա հակասելու է թե Մայենդորֆյան հրչակագրի տրամաբանությանը, որի տակ կա նաև ադրբեջանական կողմի ստորագրությունը, թե ԵԱՀ ՄԽ համանախագահների լ’Աքուիլայի հայտնի հայտարարությանը, թե անգամ ԵԽԽՎ-ում ու Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերին, որտեղ ուղղակիորեն շեշտվում է ուժի գործադրումից և դրա սպառնալիքից խուսափելու անհրաժեշտությունը: Որ դա պլանավորված դեմարշ էր` ուղղված հենց միջնորդ երկրների վերջին նախաձեռնությունների դեմ, ապացուցեց հենց պաշտոնական Բաքուն` արտգործնախարարության կողմից Մարտակերտի միջադեպի վերաբերյալ տված պաշտոնական մեկնաբանությամբ: Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլհան Փոլուխովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ: Կա զինված հակամարտությունից խուսափելու բավական պարզ տարբերակ. դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է: Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում նմանօրինակ բախման փաստը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը»: Ամեն դեպքում Ադրբեջանի այս քայլը կրած փաստացի դիվանագիտական պարտության դրսևորում է, որից Հայաստանը կարող է և պետք է դիվիդենտներ ձերք բերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter