HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սփյուռքահայ» ասորին

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տարիներ ի վեր ասորիներ են բնակվել: 1200 բնակիչ ունեցող համայնքի միայն 30 տոկոսն է ասորի: Դիմիտրովում հետաքրքիր կերպով միաձուլվել են հայկական ու ասորական ավանդույթները, առօրյան: Գյուղացիներն ասում են` հայերն ու ասորիներն իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում` ոչ կենցաղով, ոչ սովորույթներով, ոչ էլ արտաքինով: Դիմիտրովցիների մեծ մասի ծնողներից մեկն ասորի է, մյուսը` հայ: Գյուղում վաղուց արդեն բոլորի համար հայ-ասորական ամուսնությունները սովորական են: Ոչ ոք այստեղ ասորու հետ ամուսնությունն «օտարազգիի» հետ կյանքը կապել չի համարում: Հայաստանի անկախացումից հետո` 1990-ակնների սկզբներին, մեծ թվով ասորիներ արտագաղթել են Դիմիտրովից: Նրանցից շատերը մեկնել են Ռուսաստանի տարբեր քաղաքներ, ոմանք էլ հաստատվել են եվրոպական երկրներում: Գյուղում հանդիպեցինք Դիմիտրովից հեռացած եւ Հոլանդիայում բնակություն հաստատած ասորի Էդիկ Գեւորգիզովին: Նա եկել էր Հայաստան` ամառը հայրենի Դիմիտրովում անցկացնելու: Է. Գեւորգիզովն արդեն 11 տարի ապրում է Հոլանդիայում: Այնտեղ է տեղափոխվել ընտանիքի` կնոջ եւ երկու երեխաների հետ: «Մենք չհարմարվեցինք էս կարգերին, դրա համար էլ գնացինք: Ոչ մի բան չունեինք էնտեղ: Ես բիզնես ծրագրով գնացի Հոլանդիա, մնացի: Հետո կինս եւ երեխաներս միացան»,- պատմում է Էդիկը: Սկզբնական շրջանում դժվար էր եղել Հոլանդիայի կենսակերպին հարմարվելը: Հետո, երբ քաղաքացիություն են ստացել, ամեն ինչ փոխվել է: Ներկայումս Է. Գեւորգիզովը բիզնես ունի Հոլանդիայում, վերադառնալու մասին առայժմ չի մտածում. «Հիմա չեմ կարող ասել, կյանքը ցույց կտա, թեեւ «տունը» քաշում է դեպի իրեն»,- ասում է նա: Հիշում է ռուսական ասացվածքը` մարդ որտեղ ծնվում է, այնտեղ է պետք գալիս: Է. Գեւորգիզովի հայրն ասորի է, մայրը` հայ: Երկուսն էլ ծնվել, մեծացել են Դիմիտրովում: Նա պատմում է, որ ասորիների ու հայերի միջեւ անախորժություններ գյուղում երբեւէ չեն եղել: «Հայերը մեզ լիարժեք տեղ են տվել: 1820 թվին, երբ ասորիները եկել են Հայաստան, բնակություն են հաստատել Արզնիում, Դիմիտրովում եւ Դվինում, հող են տվել, միշտ շատ սիրով ապրել ենք իրար հետ»,- պատմում է նա: Գեւորգիզովն ինքն էլ ասորուհու հետ է ամուսնացել: Դիմիտրովում ասորերենը պահպանվում է, գյուղի դպրոցում լեզուն դասավանդվում է, անգամ հայ երեխաներն են սովորում այն: Է. Գեւորգիզովի երեխաներն էլ հրաշալի տիրապետում են ասորերենին: Իր երեխաների համար Էդիկը Հայաստանում ապագա չի տեսնում: Ասում է` գնացել է, որպեսզի երեխաները կրթություն ստանան, հասարակությանը պիտանի լինեն: Այն հանգամանքը, որ իր երեխաները Հոլանդիայում կարող են օտարազգիների հետ ամուսնանալ ու ձուլվել, նրան չի մտահոգում: Ասում է` դա դաստիարակության խնդիր է: Ըստ նրա` հայերը Հոլանդիայում հիմնականում հենց հայերի հետ են ամուսնանում, արտասահմանցիների հետ ամուսնացողները շատ քիչ են: «Ես այսօր ապրում եմ Եվրոպայում եւ տեսնում եմ, որ 10 մլն հայեր դրսում են: Եթե էսպես գնա, ազգը կորելու է: Եւս 150-200 տարի, եւ ազգության թիվը կտրուկ կիջնի, կվերանա, հատկապես դրսում: Հիմա 1915 թ. Ցեղասպանութան ժառանգներն են, որ դրսում հայկական համայնքները պահում են, իսկ իրենք քիչ-քիչ վերանում են»,- ասում է նա: «Սփյուռքահայ» ասորու ասելով` Հոլանդիայում մեծ, մոտ 40000-անոց հայկական համայնք կա: Ամստերդամում երկու հայկական եկեղեցի է գործում: Համայնքի ներսում շփումը սերտ է: Եկեղեցում սենյակներ են տրամադրվել, որտեղ երեխաներին հայերեն են դասավանդում: «Ով իրեն հայասեր է համարում, իր երեխային, որը թեկուզ եւ այնտեղ է ծնվել, տանում է հայերենի դասընթացների: Կիրակնօրյա պատարագից հետո հավաքվում ենք, քննարկում տարբեր հարցեր` Հայաստանի հետ կապված»,- պատմում է նա: Դիմիտրովում գտնվող իր տունը Է. Գեւորգիզովը չի վաճառել, ապագայում էլ չի պատրաստվում դա անել: Գրեթե ամեն տարի ընտանիքի հետ գալիս է Հայաստան, որքան կարողանում` աջակցում է համագյուղացիներին: Գումար է տրամադրում տարբեր բաների համար: Այս տարի գյուղի աղբահանությամբ է զբաղվել: Դրական փոփոխություններ գյուղում չի տեսնում, ասում է` Եվրոպայում առաջ են գնում, իսկ Հայաստանում` ետ: «Դա լրիվ գալիս է ղեկավարներից, որ ճիշտ չեն աշխատում: Ժողովուրդն այսօր շատ անգրագետ է, ինչն ուղղակի չի կարելի: Եթե մի երկրի ժողովուրդ անգրագետ է, այդ երկիրն ապագա չունի»,- ասում է «սփյուռքահայ» ասորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter