HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռու համայնքների տնտեսավարման գրքերում հարսների անունները բացակայում են

Հունիսի 25-ին Լոռու մարզխորհրդի նիստում ներկայացվեց 2010թ. մարզում իրականացվող բնակարանային շինարարության ընթացքը: Քաղաքային համայնքներում պատկերը հետեւյալն է. Սպիտակում ավարտին է մոտենում 220 բնակելի տների, Ստեփանավանում` 4 բազամբնակարան շենքերի շինարարությունը: Շուտով Քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովն այս երկու քաղաքներում կկատարի վիճակահանություն, որից հետո կսկսվի պայմանագրերի ձեւակերպման եւ բնակարանների նվիրատվության գործընթացը: Ստեփանավանում նախարարի հրամանով առայժմ հաստատված են միայն 35 ընտանիքների գործեր: Գյուղական բնակավայրերից 2010-ի բնակարանաշինության ծրագրի մեջ ընդգրկված են Շիրակամուտ, Գեղասար, Մեծ Պարնի, Լուսաղբյուր, Սարահարթ, Գոգարան եւ Արեւաշող համայնքների անավարտ շինություն ունեցող 152 ընտանիքներ, այդ թվում` 2009-ից հետաձգված 44 գործեր, ինչպես նաեւ Սպիտակի տարածաշրջանի եւս 6 համայնքներ` Ջրաշեն, Լեռնավան, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Սարամեջ եւ Լեռնանացք: Նշված գյուղերում բնակելի տներով կապահովվեն անավարտ շինություն չունեցող 371 ընտանիքներ: ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից անավարտ շինություն ունեցող 152 ընտանիքներից 98-ն արդեն հրամանագրվել է, կատարվել է շինությունների տեխնիկական վերազննում, ընթացքի մեջ է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը: Արդեն պատրաստ են 56 նախագծեր: Ծրագրի մեջ նոր ընդգրկված համայնքներում 55 հրամանագրված ընտանիքներից պայմանագիր է կնքվել 42-ի հետ: Նշագրումից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները: Ծրագրի մեջ ինչպես նոր ընդգրկվող, այնպես էլ արդեն ընդգրկված համայնքների անավարտ շինություններին վերաբերող գործընթացը փուլային է: Ամենաբարդ փուլը փաստաթղթայինն է` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին, որն զբաղվում է աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների պետական աջակցությամբ բնակապահովման ծրագրերի իրականացմամբ, եւ որն անձամբ ղեկավարում է նախարարը: Համայնքապետերի թերացման պատճառով դժվարանում է այս փուլի աշխատանքը, որն էլ խանգարում է ամբողջ գործընթացին: Մասնավորապես, համայնքի ղեկավարները սխալներ են թույլ տալիս համայնքի տնտեսավարման մատյանների մատենավարման մեջ: Օրինակ` համայնքի բնակիչ Ալբերտը Պողոսյանը մատյանում գրանցվում է անձնագրում նշված ազգանունով եւ այն մականունով, որով հայտնի է գյուղում: Այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթուղթը անձնագիրն է: Եվ հետո տարբեր փաստաթղթերում, ասենք` 86-90 թթ. վերաբերող արխիվային տեղեկանք, անձանգիր, տնտեսավարման մատյան, նշված տարբեր անունների պատճառով անհրաժեշտություն է առաջանում ապացուցելու, որ Պողոսյան Կյաժոն եւ Պողոսյան Ալբերտը միեւնույն մարդն է: Աշխատանքը դժվարացնում է եւ այն, որ համայնքներում ուշադրություն չի դարձվում բնակչության կազմի փոփոխությանը: Եթե աղջիկն ամուսնանում է, գնում, նրան ձեւակերպում են որպես անհայտ բացակայող: Հետագայում հանձնաժողովն ստիպված է լինում Էջմիածնից բերել տալ նրան, ամուսնուն, երեխաներին` պարզելու  փաստաթղթային հարցեր: 2006-2010թթ. համայնքների տնտեսավարման գրքերում բացակայում են հարսների անունները: Այնինչ նույնիսկ գրանցված մեկ անձի թվով փոխվում է կառուցվող տան սենյակների թիվը: 2010թ. հունվար-մայիս ամիսներին մարզի վեց գյուղերում անձանգիր է ստացել 117 բնակիչ, որոնք 16-48 տարեկան անձինք են: «Ընտրությունների ցուցակներ ենք կազմում, բա էդ մարդիկ որտե՞ղ են ընդգրկվում»,- գործնական հարց է տալիս մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, ապա խնդրում մարզպետի հանձնարարականը զինվորական կոմիսարին: Վկայակոչելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը` տալիս է երկրորդ հարցը. «Ինչպե՞ս կարելի է ծննդականով բանակ զորակոչել»: Գործընթացի իրականացման ընթացքում հանդիպում են բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով ընտանիքները նույնիսկ դուրս են մնում ծրագրից եւ տեղափոխվում հաջորդ տարիների ծրագրերի մեջ: Այսպես` կառավարության որոշմամբ ընտանիքը զրկվում է բնակապահովման պետական աջակցության ծրագրի իր մասնակցությունից, եթե տնամերձի համար տրված սեփականության վկայականում այդ տնամերձում գտնվող ժամանակավոր կացարանը, այն է` վագոն-տնակ, ինքնաշեն կառույց, որն օգտագործվում է բերքը մթնոլորտային երեւույթներից պահպանելու նպատակով, ձեւակերպվում է որպես բնակելի տուն: Վերը նշված 14 համայնքներում նման շահառուների թիվը հասնում է 26-ի: Մարզխորհուրդն առաջարկվում է խնդրի հետեւյալ լուծումը. եթե սխալը թույլ է տրվել պատկան մարմնի կողմից, ինքն էլ այն պետք է բողոքարկի համապատասխան ատյաններում եւ վերականգնի ծրագրին մասնակցելու քաղաքացու իրավունքը: Խնդիր է առաջացնում նաեւ կառուցապատողի կողմից գույքի բաժանման պահանջը: Օրինակ` եթե տնամերձում կա մի որեւէ շինություն` անասնագոմ, ավտոտնակ, կառուցապատողը պահանջում է ձեռք բերել եւ ներկայացնել սեփականության վկայական միայն հողի համար, որից հետո միայն քաղաքացու հետ պայմանագրային ձեւակերպումների է գնում: Առաջարկվում է, որ շահառուն կատարի համայնքի առջեւ իր պարտականությունները` հողի եւ գույքի հարկերի վճարումը եւ ստանա տնամերձի սեփականության վկայականը կառուցապատման համար: Կան ընտանքիներ, որոնց մեկ կամ մի քանի բացակայող անդամները զրկվում են բնակապահովման իրավունքից: Առաջարկվում է հայտարարություն տալ բացակայողի մասին, իսկ նրա վերադառնալու դեպքում նրա բնակապահովման խնդիրը դնել ընտանիքի վրա: Երեկ Լոռու մարզխորհրդի նիստում խոսվել է նաեւ հունիս ամսվա եկամուտների հավաքագրման մասին, որը վատ է ընթանում: Հունիսի 24-ի դրությամբ` սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ 70% է կազմում, գույքահարկի գծով` 68%, հողի հարկի գծով`  62%: 2010թ. պլանի նկատմամբ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 48%-ով, գույքահարկինը` 33 %-ով, հողի հարկինը` 46%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter