HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատից կախված հրացանը» հայ-ադրբեջանական շփման գոտում

Ուրիշ եզերքներում (Կոսովո, Իրաք, Աֆղանստան) կապույտ բերետավոր հայ եւ ադրբեջանցի զինվորականները, թեեւ իրարից հեռու, բայց իրականացնում են/էին խաղաղության պահապանների ֆունկցիան, այստեղ տանը` նրանք կանգնած են մեկմեկու դեմ ռազմաճակատի ողջ երկայնքով, եւ արդեն ավելի հաճախ են բախվում տարբեր հատվածներում որպես թշնամական բանակներ:

Մի անգամ չէ, որ տարբեր քաղաքական կոնյունկտուրաների բերումով նրանք հայտնվել են մեղմ ասած անհեթեթ իրավիճակներում: Սակայն Մեծ Հայրենականի 65-ամյակի շքերթին նրանց մասնակցությունը դարձավ ամենամեծ անհեթեթությունը. շքերթն ուներ ոչ միայն անցյալին, այլեւ ապագային ուղղված մի ընդհանուր խորհուրդ իր հակապատերազմյան բովանդակությամբ:

Հունիսի 17-18-ին Մարտակերտի շրջանում, իսկ  20-21-ին շփման ողջ առաջնային գծի երկայնքով տեղի  ունեցած բախումներն ու փոխհրաձգությունը ցույց տվեցին, որ այսպես կոչվող ինքնակառավարվող հրադադարը, որով Ղարաբաղյան  գոտին բացառիկ էր համարվում մնացած բոլոր հակամարտությունների շարքում, գնալով ավելի ու ավելի վատ է «ինքնակառավարվում»:

Իսկ վատ ինքնակառավարվող հրադադարը կարող է կողմերին կանգնեցնել օտար խաղաղապահների ներկայության հետ այլեւս համակերպվելու պարտավորության առաջ: Մի բան, որ մինչեւ վերջերս չէր բխում ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական շահերից եւ, որն այս անգամվա  բախումներից դուրս բերվող կարեւոր հետեւություններից է (տես` Մինսկի Խմբի համանախագահների վերջին հայտարարությունը): Իհարկե, ինչպես ադրբեջանցի փորձագետների շրջանում մեր անցկացրած հարցազրույցներում է ընդգծվում, այս բախումներն արտառոց չեն գոնե այն իմաստով, որ միակն ու առաջինը չեն 1994 թվականից անցած ժամանակահատվածում:

Սակայն, մեր կարծիքով, արտառոց է այն ֆոնը, պատերազմի վերսկսման մասին ոչ թե ադրբեջանական, այլ միջազգային տարբեր կառույցների ու ներկայացուցիչների արդեն մոտ մեկ տարվա այն պոլիֆոնիկ հավաստումները, թե պատերազմի վերսկսումն անխուսափելի է դառնում: Հավի ու ձվի ծագման մասին գլուխկոտրուկ է պատերազմի վերսկսման մասին արդեն համընդհանուր հռետորաբանության եւ բուն գործողությունների միջեւ կապը:

Հայ-թուրքական գործընթացը հնարավոր չեղավ կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ այնպես, ինչպես դա ուզում էին Ադրբեջանն ու Թուրքիան, բայց նաեւ հնարավոր չեղավ այդ երկու գործընթացները հեռացնել իրարից այնքան, որքան դա ցանկալի էր հայկական կողմին:

Ոչ էլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողացան այդ առումով հասնել ինչ-որ արդյունքի: Մյուս առումներն այս պահի թեմա չեն: Երբ 2007 թվականի նոյեմբերին Միջազգային ճգնաժամային խումբը, նկատի ունենալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, թե իրենց երեւակայությունն այլեւս սպառվել է, եւ չեն կարող որեւէ նոր բան առաջարկել հակամարտության կողմերին, պնդում էր, որ այսպես շարունակվելու դեպքում պատերազմն անխուսափելի կլինի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, շատերի վրա Միջազգային ճգնաժամային խմբի այդ նախազգուշացումը Մինսկի խմբին  այդ կերպ սատարելու տպավորություն թողեցին:

Քանի որ այդ պահին չկային ծանրակշիռ հիմքեր պատերազմի վերսկսման մասին զրույցները քաղաքական-քարոզչականից զատ այլ կերպ ընդունելու համար: Ասպարեզում միջնորդների ձեւաչափը փոխելու համար Ադրբեջանի մի շարք ակցիաներն էին:

Այսօր, չնայած ամեն ինչին, հակամարտությունն իսկապես երկար ժամանակով դարձյալ անփոփոխ մնալու հիմքեր ունի. այն շարունակում է ամենից շատ ազդել հայկական կողմի առաջընթացի վրա, որը եւ ֆորմալ առումով ամենաքիչն է ուզում գնալ այնպիսի փոփոխությունների, որոնք չեն կարողանալու ապահովել որակական առաջընթաց ձեռքբերումների շարքում, առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում Թուրքիան ժամանակ չի ունենալու վերադառնալու հայկական գործերին, նա հիմա զբաղված է մերձավորարեւելյան խնդիրներով եւ սեփական տարածքներում հակաքրդական ռազմական գործողություններ իրականացնելով, հայերի հետ խնդիրներ զրոյացնել Թուրքիային դեռ չի հաջողվել, իսկ Ադրբեջանի հայտարարություններն ամենեւին չեն ծառայում հայերի նկատմամբ Թուրքիայի ունեցած ծրագրերի համար պայմանների բարելավմանը:

Այս ամենի պատճառով բավական սաստկացել ու ինտենսիվացել է պատերազմի մասին քաղաքական-քարոզչական կամպանիան Ադրբեջանի կողմից. տարածաշրջանի երկրների մամուլի միջեւ պտտվող տեղեկատվական կառուսելի պատճառով ստեղծվում է ռուս-վրացական պատերազմի դեժավյուի տպավորություն, պատերազմի վերսկսման հնարավորության մասին հայտարարում են այնպիսի անձինք (2010-ի փետրվար` ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլեր), որոնց կարգավիճակն ապրիորի նրանց տալիս է իրենց հայտարարություններով տեղերում  հոգեբանական ազդեցություն գործելու հնարավորություն:

Եվ այս ողջ համատեքստում հունիսի սկզբին ընդունված Ադրբեջանի ռազմական դոկտրինում ամրագրվում են այլեւս անհրաժեշտության պարագայում օտար ռազմուժեր երկրի տարածքում տեղակայելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նաեւ ռազմական ճանապարհով վերականգնելու մասին դրույթները: Ստորեւ ներկայացված մեր հարցազրույցներում ադրբեջանցի քաղաքագետները մեկնաբանում են վերջին բոլոր զարգացումները:

Լուսանկանրը՝ Մաքս Սիվասիլյանի

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter