HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր երկարամյա համբերությունը սպառվել է»,-ասում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը

-Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայկական եւ ադրբեջանական ուժերի բախումները Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:

-Ես չէի գերագնահատի ռազմաճակատում վերջերս տեղի ունեցած բախման նշանակությունը: Նախկինում ավելի մեծ ընդհարումներ են եղել: Ակնհայտ է, որ հաճախակի դարձած փոխհրաձգությունների փաստով, լոկալ բախումներով, ռազմական բյուջեի եւ սպառազինությունների մեծացմամբ, հազարավոր զինվորականների, հարյուրավոր տանկերի, հրանոթների, ինքնաթիռների եւ ուղղաթիռների ներգրավմամբ զինավարժություններով Ադրբեջանը Հայաստանին եւ գերտերություններին ցույց է տալիս, որ իր երկարամյա համբերությունը ստատուս-քվոյի կոնսերվացման առիթով սպառվել է:

Անարդյունք բանակցությունների շարունակումը, ինչպեսեւ` խաղաղությունը հայկական պայմաններով, անընդունելի են Բաքվի համար: Այլընտրանքը ռազմական գործողությունների վերսկսումն է, եւ սա քարոզչական հռետորություն չէ:

Կարծում եմ, Հայաստանը  եւ շահագռգիռ տերությունները հենց այսպես ընկալեցին այդ ազդանշանը, իսկ խիստ արձագանքի բացակայությունը վկայում է Ադրբեջանի անհամբերությունն ընկալելու մասին: Կարծում եմ նաեւ, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն ակտիվացնում են իրենց ջանքերը բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու համար եւ ճնշելով կհասնեն որոշումների, որոնք օրակարգից կհանեն հնարավոր եւ բոլորի համար անընդունելի պատերազմը:

Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Կանադայում G8-ի գագաթաժողովի ժամանակ   հայտարարությունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը տարածաշրջան դրա վկայությունն են:

-Որո՞նք են հայ-թուրքական գործընթացում ներկայիս թայմ-աուտի պայմաններում միջազգային ուժերի եւ տարածաշրջանային տերությունների` հակամարտությամբ հետաքրքրվածությունը մեծ պահելու գլխավոր գրգռիչները:

-Բոլորի շահերը տարբեր են: ԱՄՆ-ի համար առաջին հերթին դա կայունության ապահովումն ու աֆղանական տրանզիտի ընդլայնումն է, Իրանի հարցում անվտանգության խնդիրները: Եվրամիությանն առաջին հերթին անհանգստացնում են էներգապաշարների ներմուծումն ընդլայնելու, NABUCCO գազամուղի եւ այլ հարցեր: Վրաստանի հետ հարաբերությունների խզման պայմաններում Ռուսաստանի համար կարեւոր է Ադրբեջանի տարածքով Հայաստանի, դրանից էլ հեռու` Թուրքիայի հետ  հաղորդակցություններ բացելը, եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում ներկայության ամրապնդումը:

Հետաքրքիր է, որ այս ամենը կապված է Բաքվի բարեհաճ լինելու հետ: Հակամարտության ներկա վիճակի կոնսերվացման առիթով Բաքվի կողմից ցուցադրվող անհամբերություն, ինչը հղի է նոր պատերազմի սպառնալիքով. սա է Հարավային Կովկասում տերությունների վարքի գլխավոր գռգռիչը:

-Ինչի՞ հետ է կապված Ադրբեջանի Ռազմական դոկտրինի հենց հիմա ընդունումը: Ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունները, որոնց դեպքում Ադրբեջանը կհամաձայնվի իր տարածքում օտար ռազմուժերի ներկայությանը, կարո՞ղ են կապված լինել Ղարաբաղյան կարգավորման իրավիճակի հետ:

-Ռազմական դոկտրինը պետք էր վաղուց ընդունել: Գործընկերները համառորեն խորհուրդ չէին տալիս ներկայացնել Հայաստանը որպես վտանգի գլխավոր աղբյուր  եւ մանավանդ` շեշտադրել օկուպացված տարածքների ազատագրումն ու տարածքային ամբողջականության վերականգնումը:

Չտեսնելով բանակցային գործընթացում առաջխաղացման նշաններ` ադրբեջանական ղեկավարությունը ցուցադրաբար անցկացրեց եղած վիճակում Ռազմական դոկտրինի ընդունումը ներկայիս տեսքով ՌԴ պաշտպանության նախարար Սերդյուկովի, այնուհետեւ` Պենտագոնի ղեկավար Գեյթսի Բաքու կատարած այցելություններից անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում օտար զինուժերի տեղակայման հնարավորությանը, ապա, ինչպես Ուկրաինայում է, մեզ մոտ սահմանադրական արգելք չկա: Պարզապես, եթե գործող Անվտանգության դոկտրինում դա բացառվում էր, ապա այժմ դա կարող է թույլատրվել մեր շահերից ելնելով:

Չեմ կարծում, թե դա անմիջապես կապված է Ղարաբաղյան կարգավորման հետ, քանի որ խաղաղարար ուժերը չեն ընկնում այդ կարգի մեջ: Ավելի շուտ դա կապված է Իրանի հարցերի հնարավոր բարդացումների հետ, եթե Բաքուն եւ Անկարան ռեալ վտանգ տեսնեն նավթամուղի կամ էլ Նախիջեւանի համար:

Չեմ բացառում նաեւ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը, այն պայմանով, որ Ռուսաստանը դրական դեր կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, կարող է հանգեցնել այն բանին, որ Բաքուն համաձայնություն կտա օգտագործել իր ռազմական ենթակառուցվածքները: Հիշեցնեմ, որ Հայաստանում տեղակայված ռուսական օդուժը չի կարող լիարժեք վարժանքներ կատարել առանց լեռներին բախվելու կամ էլ Վրաստանի, Թուրքիայի կամ Իրանի օդային տարածքներ մխրճվելու:

Կասպյան նավատորմը տեղակայված է տարվա մեջ մի քանի ամիս շարունակ սառչող Աստրախանում: Այդ պատճառով դեպի ադրբեջանական ռազմական օդանավակայաններ թռչելու, այնտեղ վայրէջք կատարելու եւ վառելիք լցնելու, իսկ ռազմանավերի համար` ռազմածովային նավատորմի Բաքվի բազա մուտք գործելու հնարավորությունը Մոսկվայի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Ռազմական համագործակցությամբ, ներառյալ` Ադրբեջանում զինվորականների ներկայությունը, առանձնահատուկ հետաքրքրված են նաեւ Միացյալ Նահանգները, ինչի մասին առայժմ չէի ցանկանա ավելին ասել: Բայց այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի անվտանգությունն ամրանա, այլ ոչ թե հայտնվի սպառնալիքների առջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter