HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց Ռազմական դոկտրինի էլ Ադրբեջանը կարող էր հարվածել»,-ասում է քաղաքագետ Զաֆար Գուլիեւը

-Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայկական եւ ադրբեջանական ուժերի բախումները Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:

-Այն փաստը, որ այս բախումները տեղի ունեցան Սանկտ-Պետերբուգյան հանդիպումից անմիջապես հետո, խոսում է նման սադրիչ միջադեպերի կառավարելիության մասին, որոնք, ավելի շուտ որոշակի քաղաքական նպատակ են հետապնդում:

Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի սեպարատիստական ռեժիմը եւ Հայաստանի իշխող վերնախավի որոշակի հատվածն («ղարաբաղյան ծագումով իշխանավորները») են հրահրել ռազմական բախումները մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակներում բանակցությունների առաջընթացն առավելագույնս բարդացնելու նպատակով: 

Այն վարկածը, թե այս միջադեպը Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրում էր պատերազմը հրատապ դարձնելու եւ բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու համար, թեեւ հնարավոր է, բայց մեծ վստահություն չի ներշնչում: Բաքուն այսօր ծայրաստիճան շահագրգռված է արագացնելու նորացված մադրիդյան գործընթացը, որը խոստանում է առաջին փուլում  օկուպացված տարածքների մի մասի ազատագրում, եւ այդ պատճառով հակամարտության ռազմական լուծման տարբերակը դեռեւս չի մտնում նրա մոտակա ծրագրերի մեջ:

Կարծում եմ, որ նման ռազմական միջադեպերը, եթե դրանց ետեւում կանգնած չեն ազդեցիկ արտաքին ուժերը, չեն կարող լրջորեն ազդել բանակցային գործընթացի ընդհանուր ռազմավարության եւ ընթացքի վրա: Այսօր աշխարհաքաղաքական հիմնական ուժերը (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Թուքիա)  համաձայնեցված են գործում,  եւ եթե նրանք հասել են ընդհանուր կոնսենսուսի մադրիդյան սկզբունքների շրջանակներում Ղարաբաղյան կարգավորումն առաջ տանելու հարցում, ապա նման ռազմական միջադեպերն ի զորու չեն արգելափակելու այդ գործընթացը, թեեւ կարող են մտցնել նեգատիվ հոսքեր:

-Որո՞նք են հայ-թուրքական գործընթացում ներկայիս թայմ-աուտի պայմաններում միջազգային ուժերի եւ տարածաշրջանային տերությունների` հակամարտությամբ հետաքրքրվածությունը մեծ պահելու գլխավոր գրգռիչները:

-Հետաքրքրության կոնկրետ դրդապատճառներից մեկը հենց ինքը` հայ-թուրքական երկխոսությունն է, որը պետք է դուրս քաշել փակուղուց եւ շարունակել առաջ տանել: Բայց դրա համար, արդեն բոլորն են դա պարզորոշ հասկանում, պետք է հասնել նշանակալի առաջխաղացման Ղարաբաղյան կարգավորման զուգահեռ գործընթացում եւ սկսել ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զորքերի փուլային դուրսբերումը:

Բացի այդ, «Հարավային միջանցք» կոչվող գլոբալ տրանսպորտային-հաղորդակցական եւ էներգոտարանցիկային նախագծի համատեքստում  կա այս  տարածաշրջանում բոլոր սահմաններն ապաշրջափակելու եւ կոնֆլիկտային խնդիրները լուծելու ընդհանուր ըմբռնում, պրագմատիկ անհրաժեշտություն:

Կարծում եմ, որ «Հարավային միջանցք» նախագիծը հետագայում կկազմակերպվի ոչ միայն Արեւեւլք-Արեւմուտք (Ռուսաստանի նկատմամբ այլընտրանքային), այլեւ` իրանական խնդրի լուծումից հետո նաեւ Հարավ-Հյուսիս ուղղություններով: Այս կարգի համաձայնեցված ռազմավարական մոտեցման դեպքում այս հարցում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Թուրքիայի եւ նույնիսկ Ռուսաստանի շահերը շատ բանում կհամընկնեն:

Այդ պատճառով կարծում եմ, որ շուտով կձեռնարկվեն հավելյալ ջանքեր Հարավային Կովկասում կոնֆլիկտային հարաբերությունները հաղթահարելու եւ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, վրաց-ռուսական, իրանա-արեւմտյան երկխոսություններն ակտիվացնելու ուղղությամբ, եւ այդ նպատակով համապատասխան ճնշումներ կգործադրվեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակների եւ տարածաշրջանային երկրների վրա:

-Ինչի՞ հետ է կապված Ադրբեջանի Ռազմական դոկտրինի հենց հիմա ընդունումը: Ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունները, որոնց դեպքում Ադրբեջանը կհամաձայնվի իր տարածքում օտար ռազմուժերի ներկայությանը, կարո՞ղ են կապված լինել Ղարաբաղյան կարգավորման իրավիճակի հետ:

-Ճիշտ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր ներքաղաքական ակցիաներում կոնյունկտուրային «ղարաբաղյան դրդապատճառներ» փնտրելը: Կարելի է նույն հարցը տալ` իսկ ինչո՞ւ 2007 թվականի հոկտեմբերին Հայաստանն ընդունեց իր Ռազմական դոկտրինը: Ադրբեջանում վաղուց էր հասունացել ռազմական դոկտրին ընդունելու անհրաժեշտությունը: 2004 թվականին (Ադրբեջանի - Լ.Բ.) նախագահի հրահանգով ստեղծվեց ազգային անվտանգության ոլորտում քաղաքականության աշխատանքային խումբ, որն սկսեց ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը:

Մոտավորապես այդ նույն ժամանակվանից սկսեցին նաեւ ռազմական դոկտրինի մշակման աշխատանքները: 2007 թվականի մայիսի 23-ին (Ադրբեջանի - Լ.Բ.) նախագահը հաստատեց ազգային անվտանգության հայեցակարգը, սակայն ռազմական դոկտրինի մշակման եւ ընդունման գործընթացն անհասկանալի պատճառներով ձգձգվում էր:

Չնայած ամեն տարի հայտարարվում էր, որ փաստաթուղթը շուտով կընդունվի: 2009 թ. վերջին հայտարարվեց ռազմական դոկտրինի վրա աշխատանքներն ավարտելու եւ  2010 թվականին խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում այն ընդունելու մասին: Ինչը եւ տեղի ունեցավ: 

Ռազմական դոկտրինի ընդունումը թելադրված էր ոչ միայն Ադրբեջանի ինքնիշխան պետականության զարգացման տրամաբանությամբ, այլեւ մի շարք հավելյալ պատճառներով: Դրա անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ երկիրը Հայաստանի հետ փխրուն հրադադարի վիճակում է, եւ օրակարգից հանված չէ օկուպացված տարածքների ու սեպարատիստական վտանգի խնդիրներին ռազմական լուծում տալու հարցը: Բացի այդ` Ռազմական դոկտրինի ընդունումը հատուկ շեշտված է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրում:

Ռազմական դոկտրինի ընդունումը, ինչը բխում է Ադրբեջանի ազգային անվտանգության շահերից եւ համապատասխանում Ալյանսի հետ համագործակցության ոգուն, պետք է կարեւոր քայլ դառնար Ադրբեջանի ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի ստանդարտների մակարդակին հասցնելու եւ երկրի` եվրատլանտյան տարածություն ինտեգրվելու ճանապարհին:

Բայց, հավանաբար, Ադրբեջանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարի հարցերում եղած անորոշությունը բոլոր վերջին տարիներին ստիպում էին պաշտոնական Բաքվին չշտապել ռազմական դոկտրինի հայեցակարգային հիմնավորման եւ ընդունման գործում: Ռազմական դոկտրինի ընդունումն ու երկրի տարածքներում օտար զինուժերի (ռազմաբազաների) ներկայության մեղմ հիմնավորումը  հարկ չկա  մեկնաբանելու միայն բանակցային գործընթացում ներկա իրավիճակից ելնելով: 

Առանց Ռազմական դոկտրինի էլ Ադրբեջանը փաստորեն միշտ ուներ իրավական եւ պրակտիկ հնարավորություններ  օտար ռազմուժեր ներգրավելու եւ Ղարաբաղյան խնդրին ռազմական (ռազմաքաղաքական)  լուծում տալու գործում: Ստեղծված իրավիճակում Ռազմական դոկտրինի ընդունումը քիչ բան է փոխում այսօր, բայց  ավելի պարզորոշ է սահմանում այս բնագավառում երկրի ռազմավարական առաջնահերթությունները մոտ հեռանկարում: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի բացահայտ տապալումը եւ Երեւանի հրաժարվելը վերադարձնել օկուպացված տարածքները, կարող են շրջադարձային լինել եւ դրդել Բաքվին կիրառելու իրավիճակի վրա ազդեցություն գործելու իր ուժային ռեսուրսները:

Բաքուն եւ Անկարան արդեն ակտիվորեն աշխատում են այս տարբերակի համար անհրաժեշտ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական եւ ռազմաքաղաքական բաղադրիչների ուղղությամբ: Տարածաշրջանում եւ նրա շուրջն իրադարձություներն այնքան դինամիկ եւ անկանխատեսելի են զարգանում, որ վտանգավոր է նախկին աշխարհաքաղաքական դոգմաներից կախչած մնալը եւ հակամարտության այս կամ այն կողմին «փոխզիջման պարտադրանքի» հնարավորությունը բացառելը: Մինչդեռ այսօր հենց Երեւանն է արգելակում շատ գործընթացներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter