HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ղարաբաղյան բումերանգ` Լ’Աքվիլայից մինչեւ Հանթսվիլ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը Կանադայի Հանթսվիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հունիսի 26-ին տարածեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` հուլիսի 10-ին, Իտալիայի Լ’Աքվիլա քաղաքում երեք նախագահները եւս հայտարարություն էին ընդունել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ: Դրանով գաղտնազերծվեցին համանախագահների կողմից 2007 թ. նոյեմբերին բանակցող կողմերին ներկայացված կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Չնայած նրան, որ թե նախորդ եւ թե այս հայտարարությունները բովանդակություններով բավականին նման են, դրանցում, այնուամենայնիվ, կա մի շատ հետաքրքրական ու սկզբունքային տարբերություն: 2009 թ. Լ’Աքվիլայի հայտարարության մեջ նշվում էր. «Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թ. նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից»: Երեք նախագահները միջնորդներին ուղղակիորեն հրահանգում էին կողմերի քննարկմանը ներկայացնել ոչ թե Մադրիդյան սկզբունքները, այլ «փաստաթղթի լրամշակված տարբերակը»: Այդ հայտարարության մեջ գաղտնազերծվում էին, փաստորեն, ոչ թե վերաշարադրված սկզբունքները, այլ այն, ինչ կողմերին էր ներկայացվել 2007-ին: Արդեն 2009-ի դեկտեմբերին, կատարելով նախագահների հրահանգը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին ներկայացրին նորացված սկզբունքները, որոնք եռակողմ քննարկման առարկա դարձան արդեն 2010-ի հունվարին` Սոչիում: Հենց այդ ժամանակ որոշվեց կողմերին ժամանակ տալ` խորությամբ ծանոթանալու նոր առաջարկներին եւ այն հարցերի կապակցությամբ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն չի կայացվել, երկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել: Դրանից անմիջապես հետո պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե չնայած առանձին կետերի շուրջ անհամաձայնությանը, իրենք կողմ են Մադրիդյան նորացված սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակելուն: Պաշտոնական Բաքվի այս հապշտապ հայտարարությունը, Երեւանի կողմից մոտ 6 ամիս պահպանվող լռությունը պարզորոշ ցույց էին տալիս, որ Լ’Աքվիլայում երեք նախագահների կողմից ակնարկած նորացված սկզբունքները բխում են Ադրբեջանի շահերից: Դրանք, փաստորեն, հիմնված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ փախստականների վերադարձի խնդիրների առաջնայնությունն ամրագրելու եւ ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը դրանց ստորադասելու մոտեցման վրա: Դա էր պատճառը, որ պաշտոնական Բաքուն վեց ամիս շարունակ պնդում էր, որ Մադրիդյան նորացված սկզբունքները լիարժեք հնարավորություն են տալիս ոչ միայն վերադարձնել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղը, այսինքն` վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Սակայն 2010-ի հունիսի 26-ին հանթսվիլյան հայտարարության մեջ որեւէ ակնարկ Մադրիդյան նորացված սկզբունքների մասին պարզապես չկա: Այնտեղ բառացիորեն ասվում է. «Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք այն փաստը, որ երկու կողմերն էլ ընդունում են, որ տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել ենք 2009 թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության առնչությամբ»: Փաստորեն, երեք նախագահները հղում են կատարում ոչ թե սկզբունքների լրամշակված տարբերակին, այլ հենց կոնկրետ 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացված Մադրիդյան փաստաթղթին:  Թերեւս, հենց այս հանգամանքի ֆիքսման նպատակով է անհրաժեշտություն առաջացել նաեւ այս տարի «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակնեում ընդունել համատեղ հայտարարություն: Դրանով, փաստորեն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հրաժարվում են Մադրիդյան սկզբունքները նորացնելու եւ այն հայկական կողմի վզին փաթաթելու քաղաքականությունից, ինչն իր հերթին նշանակում է ադրբեջանական սպասելիքների ձախողում: Այս շրջադարձը ակնհայտորեն պայմանավորված է հունիսի 16-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներով: Պաշտոնական Մոսկվան հաստատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները արտգործնախարարներին հանձնարարել են բանակցությունները շարունակել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Դա ազդակ էր միջնորդների համար` ամրագրելու փաստացի հայկական կողմի շնորհիվ տապալված «նորացված սկզբունքներով» շարժվելու գործընթացի կասեցումը եւ վերադարձը Մադրիդյան սկզբունքներին: Այս տեսակետից, եթե անգամ  Սանկտ-Պետերբուրգում ինչ-որ նոր փաստաթուղթ է ներկայացվել կողմերին, ինչպես նշում են որոշ փորձագետներ, ապա դրանում ամրագրվել են հենց Մադրիդյան սկզբունքները: Հակառակ պարագայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներն իրենց այս վերջին հայտարարության մեջ անպայման կշոշափեին կամ նոր փաստաթղթի, կամ առնվազն նոր առաջարկությունների առկայության հարցը: Մինչդեռ երեք նախագահները հատուկ ընդգծում են, որ կարգավորումը «պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել ենք 2009 թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության վրա»: Այլ կերպ ասած` Ադրբեջանին պարտադրվել է վերադառնալ մինչ  լ’Աքվիլյան իրավիճակը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցյալ շաբաթ արձանագրված արյունոտ միջադեպը հենց այս փոփոխությանը Բաքվի առաջին հուսահատ արձագանքը պետք է համարել: Ամեն դեպքում, սա Հայաստանի իշխանության համար կարելի է որոշակի հաջողություն համարել: Մեծ հաշվով, ընտրությունը մնում է ոչ թե լավի ու վատի միջեւ, այլ` վատի ու վատագույնի: Մադրիդյան այս սկզբունքներն առայժմ շատ ավելի մտահոգիչ, անպատասխան հարցեր են առաջադրում, քան պատասխաններ տալիս: Հայկական կողմն, այսպիսով, ժամանակ ձգելու լրացուցիչ հնարավորություն է ստանում: Պատահական չէ, որ հանթսվիլյան հայտարարության հրապարակումից անմիջապես հետո պաշտոնական Երեւանը, ի դեմս ՀՀ արտգործնախարարի, ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների այս նոր կեցվածքը, մինչդեռ պաշտոնական Բաքվից որեւէ մեկնաբանություն այս կապակցությամբ դեռեւս չի հնչել: Իրականում, սակայն, այս շրջադարձը ոչ թե հայկական դիվանագիտության «փայլուն» հաղթանակի, այլ արտաքին այլ գործոնների ազդեցության արդյունք է: Իսկ թե ի±նչ գործոններ են դրանք, եւ ինչպե՞ս են ազդում կարգավորման գործընթացի վրա, կքննարկենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter