HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Յուրաքանչյուրս մարտիկ է, որից կախած է հաղթանակը»

«Հետքի» հարցերին է պատասխանում ԱԺ «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Արդյո՞ք այսօր Հայաստանում գործում են սահմանադրական կարգերը: Ցավոք սրտի, Սահմանադրության ընդունման պահից մեր երկրում ետնահանջ է լինում սահմանադրական կարգը եւ ընդհանրապես Սահմանադրությունում ամրագրված իրավունքների հարգման եւ պաշտպանման ուղղությամբ: Եւ ո՞վ է դրանում մեղավոր. միայն իշխանություննե՞րը: Ոչ: Ես գտնում եմ, որ այսօրվա իշխանությունը չի ձեւավորվել օրինական ճանապարհով, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր իրավունքների համար պայքարենք, եթե դիմացի հասկանա, որ դու պատրաստ ես այդ իրավունքի համար զոհաբերությունների, նրան շատ դժվար կլինի այդ իրավունքը խախտել: Նույնիսկ Ազատության հրապարակ մտնելու համար քաղաքացիներին բերման են ենթարկում ոստիկանական բաժին: Դժվար չէ՞ այս պայմաններում պաշտպանել սեփական իրավունքները: Իհարկե, դժվար է, բայց այդ դժվարությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: Մարդիկ չպետք է հիասթափվեն եւ առավել եւս լքեն իրենց հայրենիքը: Անկախ պետականությունը, որն ունենք այսօր, դրա համար մենք պետք է ամեն օր պայքարենք, հատակապես երբ այդ ինստիտուտները կայացած չեն: Եւս քանի՞ տարի է մեզ անհրաժեշտ, որպեսզի սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիարժեք գործեն երկրում: Մեզանից է կախված, եթե մենք ունենանք ցանկություն, ապա շատ արագ կարելի է դա իրագործել: Եթե մտածենք, որ ոչինչ չի փոխվելու, եթե յուրաքանչյուրս մեր տեղում դրսեւորենք անգործություն, պասիվություն, սա կարող է հանգեցնել ընդհուպ մինչեւ պետականության կորստի: Այնուամենայնիվ, ամենավատը միայն նրանք չեն, ովքեր հրամաններ են տալիս, չէ՞ որ ընտրական տեղամասերում հրամաններ կատարողները հենց մեր հասարակության ներկայացուցիչներն էին, որոնք կեղծում էին ընտրությունները: Պետք է գիտակցել, որ այդ կեղծիքը քեզ բարօրություն չի բերելու, դու չես կեղծում իշխանավորի համար, այլ կեղծում ես քո ապագան: Եթե բոլորս դա հասկանանք, նույնիսկ բոլորը չէ, եթե մենք ունենանք այդ առողջ կորիզը` 20-30 տոկոս, կկարողանանք արագ վերականգնել սահմանադրական կարգը: Որքա՞ն տոկոս է այժմ կազմում այդ կորիզը: Մենք ունենք այդ կորիզը, պարզապես 2008 թվականին եթե կառավարման պրոցեսները հմուտ կերպով տեղի ունենային, հնարավոր է` մենք արդեն հաղթահարած լինեինք: Հիմա կորիզը նորից համախմբվում է, ինքնակազմակերպվում է, եւ հնարավոր է, որ պրոցեսները շատ արագ տեղի ունենան, եւ մենք կարողանանք վերականգնել սահմանադրական կարգը: Նկատո՞ւմ եք, որ վերջերս քաղաքացիական շարժումներն են ակտիվացել, եւ պայքարը, կարծես, այլեւս որեւէ քաղաքական դեմքի հետ չի ասոցացվում: Անձինք, որոնց պատկերացնում ենք, որպես առաջնորդ, իհարկե, շատ կարեւոր են, նրանց ներկայությունը նույնպես կարեւոր է: Բայց շատ կարեւոր է նաեւ, որ մարտի յուրաքանչյուր զինվոր պատկերացնի, որ հաղթանակն իրենից էլ է կախված: Մենք հիմա մարտի դաշտում ենք, քանի դեռ չենք կարողանում մեր պատկերացրած պետությունն ունենալ, եւ յուրաքանչյուր անձ չպետք է ասի` սա իմ գործը չէ, այլ պետք է հասկանա, որ ինքը մարտիկ է, որից կախված է փոփոխությունը: Մարտիկները վերջերս շատանո՞ւմ են երկրում: Իհարկե, շրջաններ այցելելիս, քաղաքացիների հետ հանդիպելիս ես դա զգում եմ: Ես չեմ կարծում, որ մեր ազգը կորցրել է իր առողջ կորիզը եւ չունի հնարավորություն` դիմագրավելու այդ մարտահրավերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter