HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վաշինգտոնի վերադարձը, կամ ինչու էր ժամանել Հիլարի Քլինթոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ինչ-որ տեղ ուշացած էր Դա առավելապես զգալի էր 2008-ին ռուս-վրացական կարճատեւ պատերազմի, հայ-թուրքական հաշտեցման «արձանագրային գործընթացի» առաջին փուլի անփառունակ վախճանի, ղարաբաղյան կարգավորման գործընթացի` 2010-ի Սոչիի բանակցություններից հետո փաստացի սառեցման եւ ընդհանրապես այս պրոցեսի նկատմամբ Վաշինգտոնի ունեցած լծակների նվազման, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշման ֆոնի վրա: Քլինթոնի այցը նշանակում էր, որ Վաշինգտոնը փորձում է սրբագրել անցած երկու տարվա ընթացքում ԱՄՆ կողմից տարածաշրջանում վարած ձախողված քաղաքականությունը: Դրա լրջությունը Վաշինգտոնը ապացուցեց` տարածաշրջան ուղարկելով պետության փաստացի քաղաքական երկրորդ դեմքին` պետքարտուղարին: Այս այցն ինքնին ուղերձ էր Անկարային: Այսպիսով ԱՄՆ-ն բացահայտ կերպով ցույց է տալիս, որ Թուրքիան իր համար այլեւս վստահելի գործընկեր չէ: Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին որոշման ընդունման ժամանակ Թուրքիայի դրսեւորած անթաքույց դեմարշային վարքագիծը, ինչպես նաեւ Իսրայելի նկատմամբ սանձազերծած պրովոկացիոն քարոզչական-դիվանագիտական «պատերազմը» նախկին ռազմավարական գործընկերոջ նկատմամբ քաղաքական կուրսը փոխելու տեսանկյունից Վաշինգտոնի համար առավել քան համոզիչ փաստարկներ էին: Սակայն, դրանից բացի, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելով` Անկարան, փաստորեն, ձախողեց Հայաստանին այլընտրանքային ճանապարհով ապահովելու ու այդպիսով Իրանից վերջինիս կախվածությունը թոթափելու ծրագիրը, ինչը հնարավորություն կտար Վաշինգտոնին Թեհրանի նկատմամբ ճնշումների ու սանկցիաների անկաշկանդ ճակատ բացել նաեւ հարավկովկասյան ուղղությունից: Այդպիսով, Անկարան ԱՄՆ-ին զրկեց նաեւ ղարաբաղյան հարցը «փաթեթով լուծելու» հնարավորությունից: Եվ այն հանգամանքը, որ Անկարան Վաշինգտոնի նման ձգտումները, փաստորեն, վերաձեւակերպեց ԼՂ հարցում իր կողմից առաջադրվող պայմանների ու նախապայմանների, ԱՄՆ վարչակազմին վերջնականապես համոզեց, որ Թուրքիան  իր ռեսուրսներն օգտագործում է տարածաշրջանում բացառապես սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով: Հիմա ԱՄՆ-ն փորձում է Անկարային զրկել այդ հնարավորությունից: Պետքարտուղար Քլինթոնը Հայաստան կատարած այցի ընթացքում ոչ միայն այցելում է Ցեղասպանության հուշահամալիր, այլեւ պաշտոնապես հայտարարում, թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման ողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես Թուրքիայի վրա: Նա հստակ ասաց, որ «գնդակը գտնվում է մրցակցի դաշտում»: Մյուս կողմից, ԱՄՆ-ն չեզոքացնում է իր իսկ թողտվությամբ ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիայի ակտիվ ներգրավման հետեւանքները: Թե Երեւանում, թե Բաքվում Քլինթոնն այս ուղղությամբ երկու հստակ ուղերձ հնչեցրեց: Առաջին` ղարաբաղյան կարգավորման ռազմական ճանապարհը պետք է բացառել: Երկրորդ` ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը չի կարելի անտեսել (թե ի՞նչ եղանակով դա տեղի կունենա, այս պահին ԱՄՆ-ին քիչ է հետաքրքրում): Պատահական չէր, որ հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտակերտի հատվածում տեղի ունեցած միջադեպը Քլինթոնն առաջինը քննադատեց հենց Բաքվում: Ոչ թե Ադրբեջանը, այլ հենց Թուրքիան էր վերջին ամիսներին ակտիվորեն օգտագործում ուժի գործադրման սպառնալիքը` որպես հայկական կողմի վրա ազդելու գործիք: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեռ ապրիլին էր հայտարարում, թե ԼՂ խնդրի կարգավորմանը անհրաժեշտ է հասնել արձանագրությունները վավերացնելուց առաջ, որպեսզի հակամարտության գոտում պատերազմի վերսկսման ժամանակ կրկին Հայաստանի հետ սահմանը փակելու հարց չառաջանա: Մյուս կողմից, իհարկե, Վաշինգտոնին առավել քան երբեւէ ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, որն անորոշ ժամանակով կհետաձգի կասպյան ավազանի էներգառեսուրսները Եվրոպա հասցնելու, ինչպես նաեւ Իրանի շրջափակումը կատարյալ դարձնելու պլանները: ԱՄՆ պետքարտուղարի` հարավկովկասյան այցի քաղաքական սլաքներից մյուսն ուղղված էր դեպի Ռուսաստան: Վաշինգտոնում հասկացան, որ հայ-թուրքական հաշտեցման գործըթնացի վրա իրենց ունեցած ազդեցությունն իրականում միֆ էր հենց Ռուսաստանի պատճառով: Ըստ էության, այդ գործընթացը սկսվեց եւ ավարտվեց Մոսկվայում. Սերժ Սարգսյանը Աբդուլահ յուլին 2008-ին Հայաստան հրավիրեց հենց Մոսկվայից, եւ արձանագրությունների վավերացումը կասեցնելու որոշումը կայացրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մոսկովյան հանդիպումից հետո: Այդպիսով ԱՄՆ-ն կորցրեց թե հայ-թուրքական, թե դրա անմիջական ազդեցության տակ հայտնված ղարաբաղյան պրոցեսի վրա իրական ազդեցության «թելերը»: Պատահական չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին գրեթե բոլոր հանդիպումները տեղի են ունեցել կամ Ռուսաստանի հովանու ներքո, կամ ՌԴ նախագահ Մեդվեդեւի անմիջական մասնակցությամբ: Սկզբնական շրջանում դա ԱՄՆ-ին բացարձակապես չէր խանգարում, որովհետեւ Մոսկվայի միջնորդությունն ուղղված էր հակամարտության շուտափույթ կարգավորման համար նախադրյալներ ստեղծելուն, եւ ռուս-ամերիկյան շահերն այս առումով, մեծ հաշվով, չէին հակասում միմյանց: Իրավիճակը, սակայն, փոխվեց մայիսի վերջին, երբ Ստամբուլում կայացած տնտեսական ֆորումից հետո Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքական ուղեգծում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան` կապված «Հարավային հոսքի» նախագիծը տապալելու, Ադրբեջանի հետ գազային պայմանագիր կնքելու եւ այդպիսով «ՆԱԲՈՒԿՈ» -ն կյանքի կոչելու նախադրյալներ ստեղծելու հարցում Մոսկվային փաստի առաջ կանգնեցնելու թուրքական դիվանագիտության հետ: Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումն ամրագրեց Ռուսաստանի դիրքափոխումը եւ, փաստորեն, ԼՂ կարգավորման հարցում նոր փուլի մեկնարկ ապահովեց: ԱՄՆ-ն այս ամենում տեսնում է հակամարտության կարգավորման գործընթացի ձգձգման հնարավորություն, որովհետեւ Ռուսաստանի նման քաղաքականության արդյունքում էապես ամրապնդվեցին Հայաստանի բանակցային դիրքերը, ինչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարզորոշ հասկացրեց ԱՄՆ պետքարտուղարին` նրա հետ ունեցած հանդիպման ընթացքում հատուկ ընդգծելով «իր պատմական տարածքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու եւ զարգանալու» ԼՂՀ ժողովրդի իրավունքը: Քլինթոնի այցն այս իմաստով Վաշինգտոնին անհրաժեշտ էր կոնկրետ պարզելու` ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս նոր զարգացումների վերաբերյալ Բաքուն եւ ի՞նչ սպասել նրանից: Եթե նկատի առնենք Երեւանում Հ. Քլինթոնի հնչեցրած այն միտքը, թե տպավորություն կա, որ կողմերը ցանկություն ունեն գործընթացը շարունակել ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, ապա պետք է ենթադրել, որ պետքարտուղարը Բաքվից որոշակի դրական պատասխան է ստացել: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն առաջիկայում ակտիվացնելու է իր ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից կարգավորման սկզբունքներն ամրագրող փաստաթղթի ընդունման ուղղությամբ: Այս հարցում որոշակիություն կլինի մոտ մեկ շաբաթ հետո, Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում, երբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այսպիսով, կարելի է ասել, որ Քլինթոնի այցով Վաշինգտոնը փորձում է ավելի թարմ ուժերով«ՙվերահաստատվել» հարավկովկասյան տարածաշրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter