HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Առաջարկում են ընդունել «Աղմուկի մասին» օրենք

Աղմուկին առնչվող խնդիրներով զբաղվում են մի շարք կառույցներ` քաղաքապետարանը, Առողջապահության և Բնապահպանության նախարարությունները և այլն: Չկա մեկ օրենք և մեկ կառույց, որը կոչված լինի զբաղվել աղմուկի խնդրով, ու թերևս սա է պատճառը, որ մարդիկ ոչ ամբողջովին են պաշտպանված աղմուկից: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասացին Առողջապահության նախարարության իրավական ապահովության բաժնի գլխավոր մասնագետ Պերճ Խաչատրյանը, ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը և Արևորդի բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը:, Բանախոսներն առաջարկում են ընդունել օրենք աղմուկի մասին, իսկ մնացած փաստաթղթերը` վարչապետի կարգադրություն, նախարարի հրաման, կլինեն ենթաօրենսդրական ակտեր: Նրանք համոզված են, որ նման օրենք ընդունելու դեպքում խնդիրը լուծում կստանա, ու մարդիկ ամբողջովին պաշտպանված կլինեն աղմուկից: Այսօր աղմուկի հարցը կարգավորվում է մի շարք փաստաթղթերով, կարգադրություններով, օրինակ`Առողջապահության նախարարի կողմից 2002թ. մարտին ընդունված կանոններ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և այլն: Այս փաստաթղթերը սահմանում են աղմուկի թույլատրելի չափն աշխատատեղերում, բնակելի և հասարակական վայրերում, կանաչապատման տարածքներում և այլուր: Առողջապահության նախարարության իրավական ապահովության բաժնի գլխավոր մասնագետ Պերճ Խաչատրյանը համոզված է, որ մեր երկրում իրավական ակտերը գործում են: Նա նշում է, որ օրենքի առկայության դեպքում եթե մարդիկ ավելի հետևողական լինեն, ապա օրենքը կգործի, կլինեն պատժվողներ, և մարդիկ պաշտպանված կլինեն աղմուկից: Նա նաև նշում է, որ առողջապահության նախարարությունը աղմուկի վերաբերյալ ստանում է բազմաթիվ բողոքներ, որոնց հիմա վրա դատարան է դիմում: Հայաստանում միակ աղմուկի քարտեզը լույս է տեսել 1971թ.: Քարտեզի` լույս տեսնելուց հետո այն փողոցում, որտեղ գտնվում էր Մանկական հիվանդանոցը, արգելվեց հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Բանախոսներն արձանագրում են, որ Հայաստանում աղմուկի աղբյուրները բազմաթիվ են: Նախ` տրանսպորտի աղմուկը, փողոցային աղմուկը, իսկ մեծագույն չարիքը, ըստ նրանց, գիշերային ակումբներից դուրս եկողների առաջացրած աղմուկն է: Գիշերային ակումբներից դուրս եկողները անակառավարելի են և փողոցում էլ ուշ ժամին շարունակում են իրենց ուրախությունը կամ հաշիվներ են մաքրում: Բանախոսները նաև նշում են, որ հայկական ինքնաթիռներին թույլ չեն տալիս թռչել Եվրոպա, քանի որ դրանք մեծ աղմուկ են առաջացնում: «Այսօր Երևանը գնալով դառնում է ավելի աղմկալից»,- արձանագրում է Արևորդի բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը և հավելում, որ աղմուկի դեմ պայքարելու փոխարեն` մենք վերացնում ենք հետևանքները, օրինակ` ձայնամեկուսիչ պատուհաններ ենք տեղադրում: Բանախոսները նշում են, որ Հայաստանում աղմուկ են առաջացնում նաև սովորույթները, որոնցից, բանախոսների համոզմամբ, պետք է զերծ մնալ: Մասնավորապես, խոսքը հարսանիքների ժամանակ մեքենաների ազդանշանների մասին է: Երեկոյան բակերում նարդի խաղալը ևս կարող է խանգարել մարդկանց հանգստին: Մարդու համար վտանգավոր է նաև այն աղմուկը, որն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ մեկի տանը ուրախություն է, և նա որոշել է հրավառություն անել դրսում: Արևորդի բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը նշում է, որ այն, ինչ հաճելի է մի մարդու համար, կարող է վտանգավոր լինել մեկ ուրիշի համար: Եվ ամեն քաղաքացի պետք է մտածի, որ իր իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter