HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Փրկել «Ժառանգության» հեղինակությունը` զոհելով նրա սկզբունքայնությունը

«Ժառանգություն» կուսակցության` օրերս կայացած համագումարը երեք հիմնական հարցի պատասխան պետք է տա: Ա. Որքանո՞վ է պահպանվել կուսակցության ամբողջականությունը անցյալ տարվա ներքին խժդժություններից հետո: Այսինքն` որքանո՞վ էր կուսակցությունն ունակ հաղթահարելու ներքին ճգնաժամը: Բ. Շարունակու՞մ է արդյոք «Ժառանգության» իրական լիդերը մնալ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսինքն որքանո՞վ էր նա ունակ պահպանելու ազդեցությունը իր իսկ ստեղծած կուսակցության վրա: Այս հարցն ամինջականորեն առնչվում է անձամբ Հովհաննսիյանի` իբրև քաղաքական գործչի սկզբունքայնությանը և հեղինակությանը: Գ. Ի՞նչ ազդեցություն էին ունենալու «Ժառանգության» այս համագումարի ընթացքում ընդունված որոշումներն ընդհանրապես քաղաքական դաշտի և մասնավորապես ընդդիմադիր դաշտի վրա: Համագումարի որոշմամբ ընտրվեց կուսակցության վարչության բոլորովին նոր  կազմ, որտեղ հնաբնակ էր միայն ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: (Ինչպես հայտնի է` նախորդ տարի Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնակամ կորցրել էր վարչության անդամի կարգավիճակը): Վարչության նախկին անդամները, որոնք նաև «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ են, ոչ համագումարի ժամանակ, ոչ էլ դրանից հետո, գոնե անցած այս կարճ ժամանակահատվածում, համագումարի այս որոշմանը բացարձակապես չընդդիմացան: Չընդդիմացան նաև կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները: Ավելին, կուսակցության վարչության այլևս նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որի անվան հետ են կապում 2009-ի սեպտեմբերին կուսակցությունում տիրող ժգնաժամային իրավիճակի ստեղծումը, համագումարից հետո իր բոլոր հրապարակային ելույթներում պաշտպանել է վարչության նոր կազմ և նոր նախագահ ընտրելու որոշումը: Սա, իհարկե, խոսում է կուսակցությունում առկա` միասնականություն ու ամբողջականություն ապահովելու և այդ արժեքներն առաջնային համարելու լուրջ ներուժի մասին: Սակայն խնդիրն այն է, որ նախորդ տարի սեպտեմբերին «Ժառանգություն» խմբակցության 5 անդամները, կուսակցության ստորաբաժանումների 32 ղեկավարները, խորհրդի 26 անդամները և Երևանի ակտիվի ներկայացուցիչներն ընդունեցին համատեղ հայտարարություն այն մասին, որ վստահություն են հայտնում կուսակցության այն ժամանակվա վարչությանը և նրա որոշումներին, «Ժառանգություն» խմբակցության գործելակերպին, ձեռնարկած քայլերին, այդ թվում` ուղղված ներկուսակցական մթնոլորտի առողջացմանը և կարգապահության ուժեղացմանը և աներեր հայտարարում են նրանց հետ իրենց միակամության մասին: Եթե գրեթե ողջ կուսակցությունը հատուկ հայտարարությամբ նախկին վարչությանը վստահություն էր հայտնում ու սատարում նրա կայացրած որոշումները ընդհուպ ներկուսակցական խնդիրները կարգավորելու հարցում, ապա առնվազն տարօրինակ է, որ առանց բացառության բոլորը հալած յուղի նման ընդունեցին կուսակցության վարչության կազմը փոխելու մասին որոշումը: Ակնհայտ է, որ այս իմաստով կուսակցությունում սկզբունքայնության ու հետևողականության դեֆիցիտ կա, որը կոմպենսացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունեցած համընդհանուր ակնածանքով ու իր և կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար վերջինիս ձեռնարկած քայլերի նկատմամբ վստահությամբ: Այլ կերպ ասած` տվյալ դեպքում կուսակցության շարքերը սկզբունքայնությունը զոհեցին իրենց և իրենց լիդերի հեղինակության վերականգնման հրամայականին, ինչն առավել քան ակտուալ է 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ: Ակնհայտ է, որ վարչության այս որոշումների իրական հեղինակը հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է: Դեռ 2009թ. սեպտեմբերին նա հայտարարեց կուսակցության ներսում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: «Այլևս հերիք է, որ ուրիշների անունից ես հրաժարական տամ կամ ներողություն խնդրեմ»,- այն ժամանակ ասաց կուսակցության հիմնադիրը: Նա հրաժարվեց ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու իր իսկ դիմումից: Իսկ արդեն հոկտեմբերին նա շրջանառության մեջ դրեց կուսակցության արտահերթ համագումար անցկացնելու և դրա միջոցով առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտության հարցը: «Ես կարծում եմ, որ թարմ, նոր ուժեր կլինեն վարչությունում: Դա թույլ կտա, որ «Ժառանգությունը» նաեւ ղեկավարման նոր մեթոդաբանությամբ, նոր անհատներով նաեւ նոր շրջան բացի կուսակցության եւ հասարակության առջեւ իր ծառայության համար»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն կուսակցության առողջացման հարցը լուծելու համար նրան անհրաժեշտ էր լինելու վարչության նախկին անդամներին համարժեք փոխարինողներ գտնել: Թերևս, այս փնտրտուքն էր պատճառը, որ դեռ այս տարվա հունվարին պլանավորված կուսակցության համագումարի անցկացումը հետաձգվեց ուղիղ վեց ամիս: Այդ ընթացքում կուսակցությունը համալրեցին նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը, նախկին սոցապ նախարար Կարինե Հակոբյանը, որոնց վրա էլ, փաստորեն, հենվելով` Րաֆֆի Հովհաննիսյանը համարձակվեց գնալ վարչության կազմի փոփոխմանը: Այդ կոշտ դիրքորոշմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջնականապես հրաժարվեց «կոլեկտիվ կառավարման» սկզբունքից, որը փորձում էր տեղայնացնել «Ժառանգության» ներսում` իբրև ժողովրդավար, ազատ քաղաքացիների կուսակցություն ստեղծելու ճանապարհ: Սեպտեմբերյան իրադարձությունները Հովհաննիսյանին հասկանալի դարձրին, որ հայաստանյան իրականության մեջ ավելի իրական ու հնարավոր է արտաքին միջամտությամբ կայացած կուսակցությունների փլուզումը, քան ազատական խաղի կանոնների ներդրումը, որ հիմա ավելի կարևոր է կուսակցության գոյության ու ամբողջականության պահպանումը, թեկուզ «ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող» կուսակցությունը միակենտրոն, անձնակենտրոն դարձնելու գնով: Այսպիսով Րաֆֆի Հովհաննիսյանը նաև փորձում է վերականգնել իր խաթարված հեղինակությունը: Եվ սա ինքնանպատակ չէ: Կուսակցությունը լրջորեն մտածում է 2013թ. նախագահական ընտրություններին նրան «առաջարկել» որպես ընդդիմության միասնական թեկնածու: Թերևս դրանով կարելի է բացատրել համագումարի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի արած այն հայտարարությունը, թե օր առաջ իշխանափոխություն կատարելն անհրաժեշտություն է և ընդդիմությունը պետք է միասնական բևեռով հանդես գա: Սակայն անկախ նրանից` դա կհաջողվի թե ոչ, այս դիրքորոշմամբ «Ժառանգությունը» կփորձի ընդգծել իր լիակատար անկախությունը թե' ՀԱԿ-ական լիբերալիզմից,  թե ՀՅԴ-ի ազգայնականությունից, որոնց արանքում մինչև հիմա լողում էր` չգտնելով իր տեղը: Գրեթե կատերալապես պարալիզացված ընդդիմության ներկայիս պայմաններում «Ժառանգության» ներկայացրած այս հայտը կարող է արդյունավետ լինել, չնայած ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց ուժեղանալու են «Ժառանգության» նկատմամբ ճնշումները թե' ՀՅԴ-ից , թե' ՀԱԿ-ից: Մյուս կողմից` Րաֆֆի Հովհաննիսյանին դեռ անհրաժեշտ կլինի ապացուցել, որ վարչության ներկայիս կազմն ի զորու է իրականացնել բավականին հավակնոտ այս պլանները, ինչը չափազանց դժվար կլինի: Խնդիրն այն է, որ ո'չ Ռուբեն Հակոբյանը, ո'չ Կարինե Հակոբյանը և ո'չ էլ առավել ևս հանրությանը կատարելապես անծանոթ նորընտիր վարչության մյուս անդամներն առայժմ լուրջ վստահություն չեն ներշնչում իբրև «ժառանգականներ»: Նրանք դեռ պետք է ապացուցեն, որ իրապես կրում են կուսակցության արժեհամակարգը: Այս իմաստով Հովհաննիսյանի կատարած քայլը ինչ-որ տեղ ռիսկային էր: Ըստ էության ամեն ինչ կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից. եթե նա շարունակի առաջնորդվել շարունակ օտարվելու, երկրորդ պլան մղվելու իր բնավորությամբ, ապա շատ արագ կկորցնի վերահսկողությունը թե' վարչության, թե' կուսակցության նկատմամբ: Միակ հանգամանքը, որը կարող է կանխել նման զարգացումները, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու հրամայականն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter