HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանությունը դարձել է մարդկանց խոշտանգելու մարմին»

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց «Խոշտանգումները Հայաստանի իրավապահ համակարգում» զեկույցը: «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն եկավ Հայաստան և հանդիպեց տարբեր կազմակերպությունների հետ: Մենք էլ որոշեցինք այս ամբողջական զեկույցը ներկայացնել»,- ասաց Ա. Սաքունցը: Բազմիցս ահազանգվում է ոստիկանական բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկներում, անգամ դպրոցներում անմարդկային վերաբերմունքի, բռնությունների, խոշտանգումների մասին: Սակայն այդ բոլոր ահազանգերի ուղղությամբ, ըստ Ա. Սաքունցի, որևէ գործ չի արվում: «Մարդիկ մեզ մոտ անընդհատ բռնությունների են ենթարկվում, կատարողները մնում են անպատիժ»: Անգամ երբ հաղորդում ես տալիս բռնության մասին, ըստ Ա. Սաքունցի, քրեական գործ չի հարուցվում: Նրա գնահատմամբ` այս վիճակի հետագա շարունակությունը «հղի է կրիմինալ հեղափոխությամբ»: «Քրեական գործով մեղադրվողներն իրենք արդեն հստակ ասում են` ենթադրենք ես մի բան արել եմ, բայց իմ նկատմամբ կատարված հանցագործության կատարողներն ինչո՞ւ չեն պատժվում»: Ա. Սաքունցը փաստում է, որ նույնիսկ հանցագործությունների վիճակագրության մեջ չկա ինչֆորմացիա` ոստիկանական բաժանմունքներում անձի դեմ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ քանի քրեական գործ է հարուցվել կամ քանի հաղորդում է ստացվել, ովքեր ինչ պաասխանատվություն են կրել և այլն: Խնդիրների մասին չբարձրաձայնելը, Ա. Սաքունցի կարծիքով, սխալ է, դա ավելի է մեծացնում վտանգը: Իսկ այս իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը, ըստ նրա, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպություների սերտ համագործակցությունն է: Ա. Սաքունցի գնահատմամբ` ոստիկանությունը դարձել է մարդկանց խոշտանգելու, բռնությունների ենթարկելու, նվաստացնելու մարմին: «Ալիկ Սարգսյանն ուղղակի պատասխանատվություն է կրում այդ իրավիճակի համար»: Մյուս համակարգը, որտեղ շատ են խոշտանգումները, ըստ Ա. Սաքունցի, զինված ուժերն են: Այստեղ թեև մահացության թիվը նվազել է, սակայն մարդու իրավունքների խախտումները` ապօրինի ձերբակալությունները, քրեական գործերի հարուցումը` ոչ ճիշտ հասցեատիրոջ դեմ, շատ են: «Զինված ուժերում մահացածների թիվն ու անուն-ազգանուններն էինք ուզում իմանալ: Դիմեցինք, սակայն պատասխանեցին, որ դա համարվում է ծառայողական գաղտնիք»: Խոշտանգումները, Ա. Սաքունցի գնահատմամբ, շատ են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, հատուկ կրթական հաստատություններում: «Այսինքն, բոլոր փակ հաստատությունները, որտեղ մարդ գտնվում է ռեժիմային հսկողության տակ: Բոլոր էդ մարմիններում քաղաքացիների արժանապատվության նվաստացման, բռնություններ գործադրելու հավանականությունը մեծ է, որովհետև քաղաքացիական հսկողության ինստիտուտներ գոյություն չունեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter