HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հերթական անգրագետ տնտեսական քայլն է, որի համար շատ դառը կվճարենք»

«Այս օրենքները «փախցրին»` առանց լուրջ քննարկումների: Ինձ նորից զարմացրեց դրանց էությունը, երբ լրիվ կարդացի: Մարդիկ, ովքեր երբեք մասնավոր կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, գրել են այդ օրենքները, տարել Ազգային ժողով: Այնտեղ էլ կամ վիճելու ցանկություն չկա կամ ոչինչ չեն հասկանում, ու դրանք ընդունվել են»,- անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ընդունված օրենքին` ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերջինն այսօր հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում: Հ. Բագրատյանի խոսքով` այսօրվա ասուլիսն առիթ էր, որպեսզի լսարանին ներկայացվի, թե ինչ կնշանակեր նորմալ կենսաթոշակային բարեփոխում: «Կենսաթոշակը կարող է լինել պետական` բյուջետային. դա այն համակարգն է, որ մենք ունեինք: Նախ և առաջ կառավարությունը պետք է որոշում կայացներ, թե այս պետական թոշակի շրջանակները որն են: Ընթացիկ պետական թոշակի առանձնահատկությունն այն է, որ այն գործում է այս սկզբունքով` այսօրվա աշխատողները վճարում են այսօրվա չաշխատողների համար: Հիմա սրան ավելացվում է կուտակային հատվածը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ավանդ: Դուք վճարում եք ձեր ապագայի համար: Եվ 40-րդ տարուց սկսած` մարդ ստանում է թոշակային երկու փող»: Սա պարզ, հստակ մոտեցում է: Սակայն, ըստ Հ. Բագրատյանի, երբ կարդում ես կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը, այս երկու սկզբունքից բացի, որոնք հեղինակները չեն էլ հասկացել, կարդում ես ամեն ինչ: «Պետությունը պիտի որոշեր, թե ինչ տեսակի թոշակ է ուզում հիմա և 40 տարի հետո:  Սա ստրատեգիական թիվ է, որ տարբեր երկրներ ընդունում են: Օրինակ, Չինաստանում կամ Ճապոնիայում թոշակներ չկան կամ շատ չնչին են, ինչը թույլ է տալիս այդ երկրներին մեծ կուտակումներ ունենալ, դրանց շնորհիվ անել մեծ ներդրումներ և ունենալ 10-12 տոկոս տնտեսական աճ: Որոշ երկրներում թոշակները հավասար են և նույնիսկ կարող են ավել լինել միջին աշխատավարձից, որը մյուս ծայրահեղությունն է: Սակայն երբ թոշակը մոտենում է աշխատավարձին, այլևս աշխատելու ցանկություն չի լինում: Մարդիկ փորձում են շուտ թոշակի գնալ: Սակայն ճիշտ թիվն է, որ թոշակը պետք է լինի միջին աշխատավարձի 38-50 տոկոսը»: Հայաստանի այսօրվա թոշակը կազմում է միջին աշխատավարձի 22 տոկոսը: Հ. Բագրատյանը հավատացնում է, որ պետք էր օրենքներում հայտնել մոտեցումներ, ինչը չի արվել: «Եթե մենք ուզում ենք թոշակները բարձրացնել 22-ից 30 տոկոս, պետք է այն ֆիքսել տվյալ տարվա միջին աշխատվարձի նկատմամբ, որպեսզի լինի հավատ: 40 տարի հետո ինչ ասես կարող է լինել: Խնդիրն ուներ շատ պարզ, պրիմիտիվ լուծում: 2011թ-ին թոշակը կլինի միջին աշխատավարձի 22,5 տոկոսը, 2012-ին` 22,7 տոկոսը, ու այդպես շարունակ: Նման մի սանդղակ էր պետք հաստատել, ու խնդրին պարզ լուծում տալ»: Հ. Բագրատյանի կարծիքով` անհրաժեշտ է նաև հաշվի առնել, թե որքան երիտասարդ որքան տարեց մարդու է կերակրելու: Բնութագրելով կենսաթոշակային բարեփոխումների մասին ընդունված օրենքները` Հ. Բագրատյանը դրանք անվանում է բացարձակապես վերլուծական մտքի կարողությունից զուրկ օրենքներ: «Ինձ ավելի զարմացրեց կուտակային բաղադրիչը: Կուտակայինով մարդն ինքն իրեն ապագա է ստեղծում: Դա, իմ կարծիքով, չի կարող լինել պարտադիր: Այդ պարտադիր գումարի վրա փող է ավելացնում պետությունը, ոչ թե գործատուն»: Կենսաթոշակային ավանդները, ըստ նախկին վարչապետի, բանկային ավանդ է, բայց 40 տարով: Ու պարզվում է, որ դրանով պետք է գնեն արտասահմանյան երկրների արժեթղթեր: «Ինչպե՞ս կարելի է էսպիսի բան անել: Պատկերացնենք, որ իդեալապես ստացվել է ամեն ինչ, ու 2011թ-ին սպասվող գումարը պետք է լինի 350-400 միլիոն դոլար` այդքան մենք ենք դնելու, նույնքան էլ` պետությունը: Ու 800 միլիոն դոլար արժեթղթեր գնելով` փողը դուրս ես տալիս: Չկա այնպիսի միտք, որ օրինակ ճանապարհները այդ փողով կառուցեն, բյուջեն էլ երաշխավորի եկամտաբերություն: Ու էլ ավելորդ տեղը պետությունը վարկի տակ չընկնի: Բանկերը Ռուսաստանից վարկ վերցնելու տեղը կարող էին հայ ժողովրդից փող վերցնել»,- ասում է նախկին վարչապետը` նշելով, որ ոչ ոք չի հասկացել, թե ինչ են ընդունում: Հ. Բագրատյանի կարծիքով` կուտակային համակարգը պետք է լիներ միայն կամավոր և հանրապետության ներսում ենթակառուցվածքների բարելավման համար: «Կենսաթոշակային ֆոնդը պետք է ծառայի երկրի բարեփոխման համար»,- ասում է Հ. Բագրատյանը` նշելով. «Հերթական անգրագետ տնտեսական քայլն է, որի համար շատ դառը կվճարենք հետագա 20-30 տարիների ընթացքում»: Նախկին վարչապետի կանխատեսմամբ` շատ շուտով նաև հարկերը կբարձրանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter