HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մեկ տարի Արմանը պետք է անցկացնի վրացական բանտում

սկիզբը` Հայաստանի քաղաքացին դատապարտվում է Աբխազիա մուտք գործելու համար Վրացական դատարանն Արման Ղազարյանին մեկ տարի ազատազրկման վճիռ է կայացրել։ Դատարանը հաստատել է Արմանի կողմից ստորագրված դիմում-հաշտարարագիրը, որով նա ընդունում է իր մեղավորությունը, իսկ վրացական օրենքը 2-4 տարվա փոխարեն սահմանում է մեկ տարի ազատազրկում։ Դատական նիստին խոսք անգամ չի եղել տուգանքի մասին։Դատավարությունից հետո Արմանի հարազատներին հնարավորություն են տվել տեսակցել նրան։ «Շատ վատ ա Արմանի վիճակը,-պատմում է Թիֆլիսից վերադարձած տիկին Լիանան՝ Արմանի մորաքույրը։-Ականջը չէր լսում, աչքերը չէին կենտրոնանում, ներվային վիճակից մի աչքը լրիվ ծռվել էր հակառակ ուղղությամբ»։ «Գլուխս ցավում ա, վիզս ցավում ա։ Նեղվում եմ, որ փակ տարածության մեջ եմ, ուզում եմ դուրս գամ։ Նրանից, որ չեմ կարում ազատ ելումուտ անեմ, սիրտս վատանում ա»,-ապակու հետևից մորաքրոջը գանգատվել է Արմանը։ Արմանն իրեն լավ չի զգացել նաև դատավարության ժամանակ, խնդրել է անջատել օդափոխիչը։ Նրա համար բանտում հաշվեհամար են բացել, շաբաթական երկու անգամ 25-30 լարի են փոխանցում նրա հաշվին, որպեսզի ուտելիք գնի։ Բայց ըստ տիկին Լիանայի՝  նորմալ ուտելու բան էլ չկա։ Արմանը թույլ առողջություն ունի, նրան սննդարար ուտելիք է պետք, իսկ բանտում ոչ քաղցրավենիք են վաճառում, ոչ միրգ։ Բանտում գտնվելու առաջին օրերին Արմանը բացարձակ ոչինչ չի կերել, բայց սոված մնալով՝ ստիպված համակերպվել է նրանց տված շիլաների հետ։ Մորաքույրը 3 կապոց է ուղարկել Արմանին, բայց դրանցից ոչ մեկը չի հասել նրան։ Նա էլ տեսակցության ժամանակ խնդրել է մորաքրոջը նոր բան չուղարկել։ Հայկական պետությունը բացարձակ չի մտահոգվում իր քաղաքացու ճակատագրով։ Տիկին Լիանան բողոքում է Հայկական դեսպանատան անտարբերությունից։ Տիկին Լիանան նորից է մտաբերում, որ Արմանի ձերբակալության մասին տեղեկանալով՝ դեսպանատունն այդ մասին չի հայտնել նրա հարազատներին։ Տիկին Լիանայի հարցին՝ ինչու չեն հայտնել, հյուպատոս Վարդան Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես պարտավո՞ր էի զգուշացնեմ, ինչի եք հետս առևտուր անում»։ «Բա ո՞վ էր պարտավոր։ Գժվում էինք, երեխան չկար»,- վրդովվում է տիկին Լիանան։ Դեսպանատանը միայն մի պատասխան են տվել՝ օրենքը խախտել է, պետք է պատժվի, միայն իրավաբան կարող ենք առաջարկել (վճարովի՝ Ա.Թ.), նրանց ներքին գործերին չենք կարող միջամտել։ «Գոնե հետաքրքիր չի՞ ձեզ՝ ինչ են անում ձեր քաղաքացու հետ այնտեղ»,-հարցրել է տիկին Լիանան։ Պատասխանել են, որ եթե իրենց քաղաքացին բողոքի, որ իրեն այնտեղ ծեծում են, իր հետ վատ են վերաբերվում, ինքը օգնության կարիք ունի, այդ դեպքում կարձագանքեն։ Արմանի մորաքույրը նոր մանրամասներ է պատմում դեպքի մասին։ Պարզվում է՝ Արմանն ստորագրել է հաշտարարագիրն ավելի շուտ, քան այդ մասին հայտնի է դարձել հարազատներին։ Հուլիսի 10-ին քննիչը զանգել է տիկին Լիանային, խնդրել նրան գալ Թիֆլիս։ Հուլիսի 12-ին տիկին Լիանան Թիֆլիս է ժամանել, բայց Արմանն արդեն Գլդանում էր։ Մորաքույրը պայմանավորվածություն է ձեռք բերել նախաքննական մարմնի հետ, որ մինչև իր հաջորդ Թիֆլիս մեկնելը՝ օգոստոսի 2-ը, որևէ բան չձեռնարկվի, քննիչը գործը դատախազություն չհանձնի, և դատախազն էլ հաշտարարագրի պահանջ չներկայացնի Արմանին։ Պայմանավորվել են, որ հաջորդ անգամ տիկին Լիանան կտա իր համաձայնությունը Արմանի կողմից հաշտարարագրի ստորագրմանը։ Բացատրում է, որ այդ ընթացքում մտածում էին դիմել իրավապաշտպան կազմակերպությունների օգնությանը։ Թիֆլիս իր հաջորդ այցելության ժամանակ տիկին Լիանան տվել էր իր բանավոր համաձայնությունը։ Չնայած հետո նրան ասացին, որ այդ համաձայնությունը որևէ էական դեր չունի, Արմանը չափահաս մարդ է, և ինքն է որոշում՝ ստորագրի, թե ոչ։ Հուլիսի 21-ով հաշտարարագիրն արդեն ստորագրվել էր Արմանի կողմից։ Այդ մասին անտեղյակ հարազատներն այս ընթացքում փորձում էին համաձայնության գալ տուգանք վճարելու մասին։ «Էդքանը որ իմանայի, ոչ էլ կգնայի դատախազություն, ոչ էլ ավելորդ անգամ կպայմանավորվեի։ Երեխին խաբել են, ստորագրել տվել»,-ասում է տիկին Լիանան։ Վերջինիս ասելով՝ Արմանը հայտնված է եղել երկու քարի արանքում։ Հիշում է դատախազի կողմից մի քանի անգամ շեշտված պայմանը. «Կամ գրում ես, որ մեղավոր ես, հանցանքը վիզդ ես վերցնում, կամ դատում ենք, գնում 2-4 տարի նստում ես։ Հրաման ենք ստացել՝ այլևս տուգանք չկա, պիտի նստես»։ Տիկին Լիանան զարմանում է, որ վարչական խախտումը դարձավ քրեական գործ այն դեպքում, երբ այդ գործի քննության առարկան ընդամենը այն ուղերթն էր, որով Արմանը Ռուսաստանից հասել էր Բոլնիս. Սոչիից Ադլերով գնացել է Սուխումի, այնտեղից՝ Աբխազիա, Աբխազիայից մտել է Վրաստան, Թիֆլիսում նստել է Թիֆլիս-Երևան գնացքը։ Բոլնիսում ստուգել են փաստաթղթերը և իջեցրել գնացքից։ Տիկին Լիանան ճշտել է, որ Արմանի անձնագրում ընդհանրապես աբխազական կնիք չի դրվել ոչ Աբխազիա մտնելիս, ոչ դուրս գալիս։ Արմանը պատմել է, որ աբխազները շատ բարյացակամ էին, ինքը հարցրել է՝ կնիք չեն դնում, ասել են ոչ, բարի գալուստ Աբխազիա։ «Ոնց կարելի ա, հարևան ազգեր ենք, աղուհաց ենք ուտում,-դարձյալ մարդասիրությունից է խոսում տիկին Լիանան, ապա նորից սրտնեղում,-պետությունների քաղաքականության պատճառով տուժում են մարդիկ։ Արանքին տուժողը հասարակ մարդն ա, ինչի պիտի մեր հիվանդ երեխեն գնա Գլդանում նստի»։ Արմանի հարազատները չեն պատրաստվում լռել։ Նրանք որոշել են նամակ ուղարկել Սահակաշվիլուն ներման խնդրանքով և նամակին կցել Արմանի հիվանդության պատմությունը։ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում Արմանին ախտորոշում է տրվել՝ արտահայտված տագնապի նևրոզ՝ կլաուստրաֆոբիայով, վեգետաանոթային դիստոնիայով։ Նրա հիվանդության պատմության մեջ նշված է. վեգետաանոթային դիստոնիա հիպերտոնիկ տիպի։ Ասթենոնևրոտիկ սինդրոմ։ 12 մատյա աղու կոճղեզրի խոցային հիվանդություն, հաճախ ռեցիդիվ ընթացքով, 12 մատյա աղու կոճղեզրի սպիա-խոցային դեֆորմացիա։ Հիպերպլաստիկ գաստրիտ։ Դեղորայքային ալերգիա։ Տարանիտվող շլություն։ Աջ աչք-հիպերմետրոնիա թույլ աստիճանի-2,5։ Ձախ աչք-Հիպերմետրոնիա միջին աստիճանի-3.5։ Բարդ հիպերմետրիկ աստիգմատիզմ-1,0։ Մի ականջի թաղանթը վնասված է։ Նույնիսկ աչքի վիրահատության ժամանակ կլինիկական մահ է տարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter