HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոնստրուկտիվ երկիմաստություն» հայ-ադրբեջանական կարգավորման մեջ. տեսություն և պրակտիկա

Չնայած հայ իշխանավորների խանդավառությանը, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների հուլիսի 17-ի հայտարարության «դիտողությունները» հասցեագրված են Ադրբեջանին (Է.Շարմազանովի ձևակերպմամբ` Ադրբեջանը դեղին քարտ ստացավ), այն շրջադարձային չի դառնա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում:

Բացի այն պնդումից, թե կարգավորման վեց տարրերը մեկ ամբողջություն են, և դրանցից մի քանիսի առանձնացումը չի կարող հանգեցնել հավասարակշռված լուծման, մնացած բոլոր դրույթներն արդեն տեղ են ունեցել Ղարաբաղի խնդրով միջնորդների նախորդ հայտարարությունների մեջ:

Ալմաթիում, ինչպես Աթենքում (2009 թ. դեկտեմբեր, ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովի ժամանակ ընդունված «3+2»-ի հայտարարություն), ընդգծվեց միջազգային երեք իրավունքների (տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ժողովուրդների իրավահավասարության պահպանում, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից հրաժարում) համաժամանակյա կիրառման հարցը:

Ալմաթիում, ինչպես Մուսկոկում (2010 թ. հունիս, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահների հայտարարություն), անհասցե քննադատվեցին շփման գոտում հունիսյան լուրջ բախումները, «իրավիճակը թեժացնող հրապարակային հայտարարությունները»:

Նույնիսկ պատերազմի վերսկսման կործանարարության մասին պնդումն առանց կոնկրետ նշանառության բաց թողնվեց քաղաքական մթնոլորտ` շահարկումների ու փոխբացառող ընկալումների մեծ ասպարեզ բացելով հակամարտ կողմերի համար: Ո՞վ ասաց, որ «ուժի գործադրումն է ստեղծել ներկա իրավիճակը, և դրա կրկնությունը կարող է հանգեցնել կործանման, հակամարտության ու թշնամանքի սերնդեսերունդ փոխանցման» նախազգուշացումը և հայերի, և ադրբեջանցիների փաստարկների զինանոցի համար խորթ պնդում է:

Ադրբեջանցիներն այդ առթիվ կարող են շարունակել ներկայացնել Հայաստանի զավթողականության պատճառով ստեղծված կացությունն ու դա անհապաղ շտկելու անհրաժեշտությունը և, հետևաբար, կարծել, թե ձևակերպման մեջ նկատի է առնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումը:

Մենք այդ առթիվ կարող ենք շարունակել հակադարձել, որ ստեղծված կացությունը Ղարաբաղի դեմ սկսած պատերազմի հետևանք է, և ուրեմն` պատերազմի անընդունելիության մասին հավաստումները զգուշացումներ են` ուղղված միայն ու միայն Ադրբեջանին:

Համատարած երկիմաստություններ, համատարած կոմֆորմիզմ, որոնք տեսական առումով պետք է որ հնարավորություն տան կողմերի ղեկավարներին և գնալ փոխադարձ զիջումների, և դիրքերը չզիջողի զգացողություն առաջացնել սեփական հասարակություններում: Իսկ միջազգային ուժերին պատրանք ստեղծելու հնարավություն տան, թե Ղարաբաղյան հակամարտության լուծումը հրատապ նշանակություն ունի իրենց համար:

Թե իրականում ինչպես կիրառվեցին այս կարգի «կոնստրուկտիվ երկիմաստությունները» միջազգային հանրության համար ավելի նշանակալի հայ-թուրքական կարգավորման պրակտիկայում, հիշեցման անհրաժեշտություն չկա: Նույն սկզբունքով, այսինքն` «ես սև ասեմ, դու սպիտակ հասկացիր», այժմ մեկնաբանվում են վերը նշված երեք հայտարարություններում տեղ գտած դրույթները:

Այսպես` եթե խոսվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների մասին, ապա Ադրբեջանի համար դա Ղարաբաղի ինքնորոշումն է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում (այսինքն` նախակոնֆլիկտային կարգավիճակից փոքր-ինչ ավելի լայն իրավասություններով ինքնավարություն), և միայն այդ դեպքում կարելի է մի կողմ դնել ուժի կիրառման սպառնալիքը:

Իսկ հայկական կողմի համար դա ուժի կիրառման բացառումն է ու այդ պայմաններում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչումը, և  միայն այդ դեպքում մեջտեղ կգա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ավտոմատ լուծված հարցը:

Ինչպես տեսնում ենք, ֆորմալ առումով Մադրիդյան երեք սկզբունքներն էլ տեսականորեն ընդունելի են հայկական և ադրբեջանական կողմերի համար, սակայն պրակտիկորեն դրանցից յուրաքանչյուրի մեջ կողմերը դնում են միայն իրենց համար ընդունելի  բովանդակություններ: Որքա՞ն տարբեր էր լինելու Ալմաթիում այդպես էլ չծնված «3+2»-ի հայտարարությունն այն փաստաթղթից, որի հետ գործ ունենք այժմ:

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել բանակցություններին նախորդած և դրանից հետո արված հայ-ադրբեջանական հրապարակումներում: Դատելով դրանց բովանդակությունից` չկայացած հայտարարությունն իսկապես պետք է ռումբի պայթյունի զգացողություն առաջացներ իր արմատականությամբ:

Քանի որ դրանում Ադրբեջանը պետք է գրավոր հավաստեր իր պատրաստակամությունը շարունակելու «բանակցությունները Սանկտ-Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռքբերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ-Պետերբուրգում» (Է. Նալբանդյան):

Իսկ Հայաստանը պետք է վերջապես գրավոր կողմնորոշվեր, թե ադրբեջանցիների հետ համաձայնագիր կնքելուց 5, 7, թե՞ 10 տարի հետո կարող է խոսք գնալ Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանի իրավասությանը փոխանցելու և դրա դիմաց  նաև Զանգելանով Ղարաբաղի հետ կապը վերստանալու հնարավորության մասին (Է. Մամեդյարով): 

Այլապես նոր համատեղ հայտարարությունը կլիներ արդեն մեկ անգամ ընդունվածի կրկնությունը: Այս ամբողջ խճճվածության մեջ մի դրական բան  կա, այն է` հեռակա ինտենսիվ բանավեճերի ու իրավիճակը թեժացնող հայտարարությունների  արդյունքում գաղտնազերծվում են այնպիսի մանրամասներ, որոնց մասին հնարավոր էր մինչ այդ ունենալ միայն չափազանց մոտավոր պատկերացումներ:

Այսպես, օրինակ, հասկանալի է դառնում, թե ի՞նչն էր պատճառը, որ հունիսի 17-ի սանկտպետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո Ի. Ալիևի կողմից հաճախ կրկնվող խոսքով` աշխարհում տնտեսական զարգացման լավագույն ցուցանիշներից մեկն ունեցող երկրի նախագահը չմասնակցեց խոշոր տնտեսական միջազգային ֆորումին և անսպասելիորեն վերադարձավ Բաքու:

Ուրեմն, պատճառը «Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի» գոյությունն է, որը նաև պրակտիկայում որպես հիմք ընդունելու դեպքում ադրբեջանական պատկերացումները Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվեին:

Պարզ է դառնում նաև, որ եթե Հայաստանը, ի տարբերութուն Ադրբեջանի, չի ընդունում Մադրիդյան նորացված սկզբունքները (ինչպես այս տարվա հունվարից սկսած անընդհատ հայտարարվում էր Ադրբեջանում), ապա Ադրբեջանն իր հերթին խույս է տալիս Մադրիդյան նորացված սկզբունքների «ամենանորացված» տարբերակից:

Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը հուլիսի 19-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Կ. Գրիշչենկոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ շարունակում էր գաղտնազերծել Ալմաթիի բանակցությունների բովանդակության մանրամասները` էլ ավելի ռադիկալ ընկալումներ դնելով վեց տարրերից յուրաքանչյուրի մեջ: Այդպիսով նա մեծ քարով ծածկում էր այն փոսը, որի մեջ «3+2» ֆորմատը բարեհաջող թաղել էր այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter