HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Մենք մեր հասանելիք կամքն արդեն ցուցաբերել ենք»

Նախագահ Սերժ Սարգսյանը Սևանի ափին պատասխանել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների հարցերին` Արցախի և հայ-թուրքական խնդրի վերաբերյալ Պարոն նախագահ, ինչպե՞ս կբնութագրեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` հատկապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգի վերջին հանդիպման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների` Ալմաթիում արված հայտարարության ներքո: Նույնիսկ Սևանի ափին կարելի է Ղարաբաղի մասին խոսել: Ես նկատի ունեմ, լավ է, որ հանգստի պահին էլ այդ խնդիրներով հետաքրքրվում եք: Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը բանակցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ: Մինսկի խմբի առաջարկությունն էր, որ 2007թ. Մադրիդյան կոչված սկզբունքները` որպես խնդրի կարգավորման հիմք, ներկայացվեցին կողմերին: Երկու կողմերն էլ ընդունեցին, ասացին` այո, փաստաթուղթը հիմք է կարգավորման համար: Եվ այս երեք տարվա ընթացքում ընթանում են բանակցություններ: Որպես այդ բանակցությունների արդյունք` Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվեցին վերջին առաջարկությունները: Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե՞ ոչ: Այսօր մեկ խնդիր կա` ադրբեջանական կողմն ընդունու՞մ է արդյոք Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունները, թե՞ ոչ: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք բանակցությունները: Եթե կասի` չի ընդունում, ուրեմն, այլ ելքեր, երևի, պետք է փնտրել: Երեք սկզբունք գոյություն ունի. Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթներն են` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի կիրառման բացառում: Քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում խոսում է տարածքային ամբողջականության մասին, հենց Ալմաթիում համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները շատ հստակ ասացին, որ որևէ դրույթ, որևէ սկզբունք չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ: Ակնհայտ է, թե դա ում էր վերաբերվում: Եվ երկրորդ` շատ կոշտ խոսեցին սադրիչ հայտարարությունների մասին: Եթե մի նախադասությամբ պատասխանելու լինեմ հարցին, ապա այո, բանակցությունները շարունակվում են, սեղանին կան վերջին առաջարկությունները, որոնք մեզ առաջարկել են Սանկտ Պետերբուրգում: Հիմա մենք և Ադրբեջանը պետք է ասենք` ընդունո՞ւմ ենք դրանք` իբրև հիմք, թե՞ ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Տեսնենք, թե ադրբեջանցիներն ինչ են ասում: Մնացած բոլոր հայտարարությունները, եզրակացությունները ցանկություններ են կամ էլ բանակցությունների նախկին փուլերի սեփական մեկնաբանություններ: Իսկ սեփական մեկնաբանությունը զուտ նախատեսված է ներքին լսարանի համար: Կարող է` իրենք իրենց ժողովրդին ուզում են ոգևորել, կարող է` իրենք իրենց են ուզում ոգևորել, կարող է` իրենց ցանկալին իրականության տեղ են ուզում ընդունել, բայց սա պարապ զբաղմունք է, որով մենք չենք ուզում զբաղվել: Դա մեր գործը չէ: Մենք ասում ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիմա վրա: Բայց կա կարևոր հանգամանք, որը մինչև չլուծվի, մնացած բոլոր քայլերը, բոլոր առաջարկությունները մեզ համար ընդունելի չեն: Թուրքիայի իշխանությունների առաջին դեմքերն ասում են, որ եթե Հայաստանը ցուցաբերի քաղաքական կամք և բարություն, ապա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը կարող է օգտավետ լինել բոլորի համար, իսկ եթե Թուրքիայի բարեկամության ձեռքը մնա անարձագանք, ապա ամենից շատ կտուժի Հայաստանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունները: Այդ հայտարարությունները նույն շարքից են, ինչ նախորդ հարցի պատասխանում ես ասացի. այդ երկրի պաշտոնյաները շատ դեպքերում նման գործելաոճ են որդեգրում և ասում այն, ինչ ուղղակի մտքներով անցնում է` առանց լուրջ հիմքերի և խեղաթյուրելով իրականությունը: Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ կամք ցուցաբերի և վավերացնի ստորագրված արձանագրությունները, թուրքերը կարծես դա չեն լսում և մեզ են ասում կամք ցուցաբերել: Մենք մեր հասանելիք կամքն արդեն ցուցաբերել ենք: Մենք երբեք բարեկամաբար մեկնած ձեռքը չենք անտեսում, բայց երբ այդ մեկնած ձեռքը իրականության մեջ չկա, այլ ներկայացնում են որպես այդպիսին, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Այսինքն, մեզ հասանելիք կամքը մենք ցուցաբերել ենք, հիմա սպասում ենք, թե թուրքերը երբ կամք կցուցաբերեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter