HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Այստեղ ժողովուրդը պահանջատեր չէ»,- ասում է Տեր Կտրիճը

«Ես ծնվել էի որպես ամերիկացի, ես մեծացել եմ որպես ամերիկացի, ես զգում էի, որ հայ եմ, որովհետեւ գնացել էի հայկական դպրոց, հաճախում էի Հայ Առաքելական եկեղեցի եւ ընտանիքում խոսում էինք հայերեն: Երբեք չէի մտածի, որ մի օր կապրեմ Հայաստանում: Մտածում էի` ծնվել եմ Ամերիկայում, այնտեղի քաղաքացի եմ, պետք է մինչեւ վերջ այնտեղ ապրեմ:

Բայց Հայաստանը դա փոխեց: Երբ եկա այստեղ, տեսա, որ հայրենիք ունեմ, տեսա, որ այստեղ էլ կա ապագա հայի համար, ոչ միայն տեղացի հայերի համար, այլեւ սփյուռքահայերի»,- պատմում է Տեր Կտրիճը: Նա Ամենայն Հայոց կաթողիկոսի օգնականն է: Երբ կաթողոիկոսը մեկնում է արտերկիր, նրան ուղեկցում է Տեր Կտրիճը (ավազանի անունը` Արմեն Դեւէջյան): Արմենը առաջին անգամ Հայաստան է այցելել 1990 թ., վերջնականապես տեղափոխվել` 2001-ին: Մասնագիտությամբ ճարտարապետ է, ծնվել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում, իսկ կինը` Փոլան` Ֆրեզնոյում: Ծանոթացել են Ֆրեզնոյում` համալսարանում աշխատելու տարիներին: Տեր Կտրիճի արմատները Արաբկիրից են, Փոլայինը` Խարբերդից: Ներկայումս Տեր Կտրիճը Մայր Աթոռի Օտար հաղորդակցության բաժնի ղեկավարն է, իսկ երեցկինը` ինտերնետային էջի պատասխանատուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը մի քանի միջազգային կառույցներում:

Տեր Կտրիճն ասում է, որ ԱՄՆ-ում համայնքը համախմբված էր եկեղեցու շուրջը, իսկ իր համար հոգեւորականը միշտ եղել է տարեց, մի քիչ խիստ, ավելի շատ ոչ թե ընկեր, այլ մեկը, ում հանդեպ պետք է մեծ հարգանք ունենալ: Հայաստան առաջին այցելության ժամանակ Արմենը ծանոթացել է մի երիտասարդ, աշխույժ հոգեւորականի հետ: Լավ ընկերներ են դարձել, ամեն անգամ Հայաստան այցելելիս հանդիպել են, սուրճ խմել կամ ճաշել: Այդ երիտասարդ հոգեւորականն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Քանի որ ֆինանսական միջոցներ չեն ունեցել Հայաստանում ներդրում կատարելու համար, Արմենը եւ Փոլան որոշել են իրենց ժամանակը տրամադրել եւ դրանով օգտակար լինել: Երբ եկել են Հայաստան, մտածել են, թե ետ կվերադառնան, վերցրել են երկարատեւ բացակայության իրավունք, դուռը փակել ու եկել:

«Էնտեղ մենք շատ ավելի լավ էինք ապրում, տուն ունեինք, աշխատանք, բայց վերջիվերջո տեսնում ես, որ ամեն ինչ փողով չի պայմանավորված, կյանքի արժեքը միայն ունեցվածքի մեջ չէ, այլ կյանքի որակի»,- ասում է Տեր Կտրիճը: 6 ամիս այստեղ մնալուց հետո հասկացել են, որ իրենց լավ են զգում, այստեղի դժվարությունները ավելի պարզ են ու հասարակ:

Տեր Կտրիճն օրինակ է բերում, որ այստեղ կարող է երեկոյան հանգիստ զբոսնել, գնալ ընկերներից մեկի տուն, հյուրընկալել եւ հյուրընկալվել, եւ ոչ ոք չի ասի` ինչու ես եկել: ԱՄՆ-ում այդպես չէ, ընկերներով հանդիպելու համար մեկ շաբաթ առաջ զանգահարում են, նախապես օր եւ ժամ նշանակում: Տեր Կտրիճը համոզված է, որ եթե այստեղ մարդն աշխատանք ունենա, իրեն հարգված զգա աշխատանքում, աշխատավարձը համապատասխանի աշխատանքին, գործատերը հարգի իր աշխատողին, ապա կարող է շատ հանգիստ ապրել, որովհետեւ այստեղ ծախսերը տարրական են` սնունդ, կոմունալ վճարումներ, որից հետո մարդ հոգսեր չունի: Եթե փող ունի, կարող է ծախսել հաճույքի համար, եթե չունի, չի ծախսում, որովհետեւ միջավայրն ինքնին հաճույք է:

«Դու ինքդ էլ կարող ես քեզ համար հաճույքներ ստեղծել, իսկ Ամերիկայում չկան պարզ հաճույքներ: Ես եղել եմ ընտանիքներում, որ գումար չունեն, մի կոպեկ էլ չունեն, հավաքվում են, մի փոքր հաց ուտում ու ամբողջ գիշեր երգում, դա էլ իրենց հաճույքն է: Կամ էլ` կարող են դուրս գալ եւ զբոսնել, դրա համար գումար պետք չէ, այստեղ մարդիկ իրար հետ խոսում են»:

«Ես գիտեմ, որ կարող եմ մասնակցել այս երկրի կառուցմանը: Ես չդարձա հոգեւորական, որ Աստծուն ծառայեմ, այլ ժողովրդին, ես պարտք եմ զգում իմ նախնիների հանդեպ: Նրանք զոհողություններով անցան, որ ես կարողանամ հանգիստ կյանք ապրել, որքանո՞վ ճիշտ կլինի, որ ես գնամ դրսում հանգիստ նստեմ եւ ոչ մի բան չվերադարձնեմ էս ժողովրդին»,- ասում է Տեր Կտրիճը: 9 տարի Հայաստանում ապրելը նրա համար զոհողություն չէ, ասում է` եթե զոհողություն լիներ, հնարավոր է չապրեր: Այստեղ կարոտում են ԱՄՆ-ում ապրող հարազատներին: «Մենք այստեղ միայն իրար ունենք եւ մեր ընկերներին»,- ասում են Տեր Կտրիճն ու Փոլան: Տեր Կտրիճի ու Փոլայի ընկերները Հայաստանում ապրող սփյուռքահայեր են եւ տեղացիներ, որոնց հետ ծանոթացել են եկեղեցու միջոցով, աշխատանքի բերումով, երբեմն ընկերների խմբերը խառնվում են միմյանց:

Ժողովուրդը պետք է պահանջատեր լինի

«Իշխանությունը կարող է շատ ավելի մեծ բան անել, եթե ավելի հանդուրժող լինի, եթե արգելքներ չդնի, եթե չվախենա ժողովրդից: Ինչքան նա ժողովրդին նայի որպես սպառնալիքի, երկիրը չի զարգանա»,- ասում է Տեր Կտրիճը:

Ըստ նրա` այսօր Հայաստանում բազում մարտահրավերներ կան հաղթահարելու: 9 տարվա ընթացքում նա մի բանում է համոզվել. «...խորհրդային իշխանությունը 70 տարվա մեջ ավելի ավեր է գործել ժողովրդի բարոյական եւ հոգեւոր կյանքի վրա, քան թուրքը` 600 տարվա մեջ, քանի որ, ապրելով Թուրքիայում, եկեղեցին ինչ-որ չափով ազատ էր, կտրված չէր իր համայնքից, հոգեւորականը ամենօրյա ներկայություն էր ընտանիքների մեջ, հոգեւորականը ամուսնացնում էր, կնքում, տարին 2 անգամ գալիս էր տունը օրհնում, ճանաչված անձ էր, բոլորը նրան գիտեին, ինքն էլ` բոլորին, կարող էր դուռը ծեծել, մտնել ընտանիքների մեջ, խնդիրներ լուծել, չկար հոգեբան, չկար հոգեբույժ, հոգեւորականն էր դա անում: 70 տարվա մեջ մեր եկեղեցիները քանդվեցին, հոգեւորականներին սպանեցին, եկեղեցական կառույցը կործանվեց»:

Հայաստանի հիմնական խնդիրը նա համարում է բարոյական համակարգի վերստեղծումը քրիստոնեական արժեքների ուսուցմամբ եւ կիրառմամբ:

Նրա խոսքերով` Հայաստանում չկա աթեիստ, կա անտարբեր մարդ, ով հպարտությամբ ասում է, որ ինքը քրիստոնյա է, բայց չի գիտակցում դրա նշանակությունը. «Եկեղեցին ժողովուրդն է, ոչ թե կառույցը, պետք է հասկացնել ժողովրդին, որ քրիստոնյա լինելը պարտավորություն է, միայն խոսքերով չէ, պետք է նաեւ ապրել որպես քրիստոնյա: Ի՞նչ իմաստ ունի կիրակի գնալ եկեղեցի, իսկ երկուշաբթի նորից խաբել»: Քրիստոնեական դաստիարակությունը մատչելի դարձնելու նպատակով նա առաջարկում է նոր եկեղեցիներ կառուցել:

Օրինակ է բերում 1911 թ. Կոստանդնուպոլսի պատրիարք Մաղաքիա Օրմանյանի արձանագրությունը, համաձայն որի` Երեւանն ուներ 250 հազար բնակչություն, 245 եկեղեցի, այսինքն` հազար հոգու համար եղել է մի տեր հայր կամ հայր սուրբ, իսկ այսօր 1 մլն մարդ կա` տասը եկեղեցի, այսինքն` 100.000 հոգու համար կա մի տաճար:

«Հավատքը առանց գործերի մեռած հավատք է, մենք էդ վիճակում ենք, կարող է հիմա էս ժողովուրդը մեծ հավատք ունի, բայց այն քնած է, մեռած չի: Կարող է հավատքի մակարդակը ինձ բավարարում է, բայց ես դրա արդյունքը չեմ տեսնում»,- ասում է կաթողիկոսի օգնականը: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն բողոքել, այլեւ պահանջել: «Եթե մենք մեզ ժողովրդավար երկիր ենք համարում, դա նախեւառաջ նշանակում է, որ ոչ միայն իշխանությունն ունի պարտավորություններ, այլեւ ժողովուրդը: Շատ հեշտ է, երբ ժողովուրդն ասում է, թե իշխանությունը լավը չէ, այս բանը չի անում, բայց չէ՞ որ ժողովուրդն էլ իր պարտավորությունները չի կատարում. ժողովուրդը պահանջատեր չէ: Իսկ ո՞վ է ասել, որ պահանջելու դեպքում չի ստանալու: Ամերիկան Ամերիկա չդարձավ նախագահի կամ ինչ-որ մեկի շնորհիվ, այլ որովհետեւ ժողովուրդը պահանջատեր էր, պահանջում էր որոշ բաներ, իսկ այստեղ ժողովուրդը պահանջատեր չէ»:

Տեր Կտրիճը զգացել է, որ Հայաստանում երեխան ոչ թե բեռ է ընտանիքի համար, այլ հաճույք. «Սա իմն է, ես ինձ հաստատուն եմ զգում այստեղ»,- շեշտում է նա: Տեր Կտրիճին դուր չի գալիս այն, որ Հայաստանում լուրջ խնդիրների մասին լռում են, օրինակ` ընտանեկան բռնություն, կաշառակերություն: Նրա կարծիքով` եկեղեցին կարող է շատ ավելի խիստ խոսել դրա մասին, ժողովուրդն էլ կարող է շատ ավելին պահանջել:

«Ինչու՞ հոգեւորականները չեն խոսում» հարցին հոգեւորականը պատասխանում է. «Իրենց հարցրեք, ես խոսում եմ, կարող է իրենց համար դա առաջնային խնդիր չէ, ինձ համար առաջնային է»: Միջնակարգ դպրոցներում դասավանդման ձեւը նրա համար անընդունելի է, որովհետեւ հիսուն տարի առաջ էլ նույնն էր, եւ չի պատրաստվում մի սերունդ, որը կկարողանա մրցակցել 21-րդ դարում. «Ես ավելի շատ վախենում եմ, որ մենք չենք սովորեցնում, թե մեր երեխաները ինչպես պիտի մտածեն, սերունդ չենք կրթում, ավելի շատ դրանից եմ վախենում, քան թուրքից ու ադրբեջանցուց: Այստեղ ոչ մի դասախոս չի հարցնում իր երեխային, թե դու ինչ ես մտածում»:

Հայաստանը Տեր Կտրիճին ավելի անհամբեր է դարձրել, մինչդեռ ԱՄՆ-ում նա ավելի համբերատար էր: Ասում է` երբ դրսում ինչ-որ բան ես ձեռնարկում, ավելի հեշտ ես արդյունք ստանում, իսկ այստեղ երկար ժամանակ է պահանջվում, ուստի հոգնում ես:

Ազատ ժամանակ Տեր Կտրիճը ֆիլմեր է դիտում, ընթերցում է, գրում: Հայկական հեռուստատեսություն չի նայում, հայկական թերթեր չի ընթերցում, որովհետեւ կարծում է, որ այստեղ թերթը կարծիք է ներկայացնում, ոչ թե լուր հաղորդում: Ամուսինների երազանքն է տուն գնել, մեկ կամ երկու երեխա որդեգրել: Իրենց հետագա կյանքը ամերիկահայ ամուսինները պատկերացնում են միմիայն Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter