HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Հայերը շարունակում են ապաստան խնդրել Ֆրանսիայից

 Վերջին երկու ամիսների ընթացքում ֆրանսիական Շոլե քաղաքում ուշադրության կենտրոնում են փողոցում հայտնված երկու հայ ընտանիքներ: Մարտի վերջին ընտանիքներից մեկը ստիպված է եղել լքել Ապաստան խնդրողների ընդունման կենտրոնը (CADA), մյուսը` հյուրանոցը, որտեղ ժամանակավոր ապաստան էր գտել:

Ֆրանսիական կողմը մերժել է ապաստանի տրամադրման խնդրանքը, իսկ Մեն-է-Լուար (Maine-et-Loire) շրջանի (որի վարչատարածքում է Շոլե քաղաքը) Գլխավոր խորհուրդը հրաժարվում է այսուհետ օգնություն տրամադրել ընտանիքներին, քանի որ «նոր դիմումների ու քայլերի ձեռնարկման հնարավորություններն արդեն սպառվել են, եւ նրանք իրավունք չունեն մնալ Ֆրանսիայում»: Այդուհանդերձ, ընտանիքները հրաժարվում են Հայաստան վերադառնալ: Սկզբնական շրջանում «Էմաուս» կազմակերպության աջակցությամբ նրանք ժամանակավորապես բնակվել են շարժական տնակներում, իսկ հունիսի 14-ից հայտնվել են փողոցում:

Այս ընթացքում մշտապես նրանց կողքին են եղել «Ումար Դիալո» կոմիտեի անդամները: Մեզ հետ զրույցում կոմիտեի խոսնակ Միշել Լյո Կլերը նշեց, որ երեք շաբաթ ընտանիքների կողքին է եղել օրական մոտ 30 հոգի, Շոլեի քաղաքապետարանի հարեւանությամբ:

Այնուհետեւ ընտանիքներն ապաստանել են տարբեր անձանց տներում: Նրանց սատարելու համար կազմակերպվել են բողոքի մի շարք ակցիաներ: Առաջին զույգը (48 եւ 44 տարեկան) ունի երկու երեխա` 15 եւ 12 տարեկան: Երկրորդ ընտանիքը (32 եւ 25 տարեկան) նույնպես երկու երեխա ունի` 5 տարեկան եւ 8 ամսական:

Ընտանիքները հրաժարվում են Հայաստան վերադառնալ` պատճառաբանելով, թե հայրենիքում իրենց տարբեր վտանգներ են սպառնում: Հուլիսի սկզբին Նանթ քաղաքի վարչական դատարանում կրկին մերժվեց առաջին ընտանիքի դիմումը: Դատարանը բերված ապացույցներն անբավարար համարեց: Ըստ դատարանի` «պարոնը չունի ներկայացված ռիսկերի ապացույցները, որոնք իրեն սպառնացել են իր երկրում»:

Պարոն Լյո Կլերի խոսքով` 12 եւ 15 տարեկան երեխաների հայրը, լինելով եզդիական փոքրամասնության ներկայացուցիչ, Երեւանում հետապնդման է ենթարկվել «տեղական մի բոսի» կողմից. «Նրանք լքել են իրենց երկիրը, քանի որ ընտանիքներից մեկը եզդի է եւ ապրում է մի թաղամասում, որտեղ իշխում է «ախպերությունը», իսկ մյուս ընտանիքը` ցույցերին մասնակցելու պատճառով: Նրանք չեն ցանկանում վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են հաստատվել Ֆրանսիայում»: Երկրորդ ընտանիքը սպասում է իր դիմումի վերաքննությանը: Այսօր Մեն-է-Լուարում բազմաթիվ են ապաստան խնդրած հայ ընտանիքները, որոնք սպասում են վճիռների կամ գտնվում են իրենց կարգավիճակների կարգավորման փուլում:

Ընդհանուր առմամբ, 2009-ին Հայաստանը երրորդ երկիրն էր Կոսովոյից եւ Շրի Լանկայից հետո` ապաստանի խնդրման դիմումներով (առաջին դիմում, այսինքն` երբ առաջին անգամ են դիմում): 2008-ին Ֆրանսիայից ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 1532, որը 2008-ին Ֆրանսիայից ապաստան խնդրածների թվի 13,2%-ն է (այս թիվը ներկայացնում է միայն առաջին դիմումները եւ չի ներառում անչափահասներին): Նախորդ տարվա ընթացքում Ֆրանսիայից ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվն աճել է 49,9%-ով` կազմելով 2297 դիմում, որը 2009-ին Ֆրանսիայից ապաստան խնդրածների 17,2%-ն է: Ավելացել են նաեւ ՀՀ քաղաքացիների դիմումների վերաքննման դեպքերը: 2009-ին վերանայվել է 491 դիմում: Ինչպես տեղեկանում ենք Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ֆրանսիական գրասենյակի (OFPRA) 2009 թ. զեկույցից, ՀՀ քաղաքացիները ապաստան խնդրելիս շարունակում են քաղաքական հիմնավորումներ ներկայացնել: Խոսքը հիմնականում վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի մասնակիցներին: Ապաստան խնդրելիս հայերը ներկայանում են իբրեւ տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամներ: Զեկույցում մասնավորապես նշվում են ՀԱԿ-ը, «Օրինաց երկիր»-ը եւ «Երկրապահը»: Գրասենյակը շարունակում է նաեւ ստանալ հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ստեղծված էթնիկ բնույթի ավանդական դարձած հիմնավորումներ: Ոմանք էլ ներկայանում են իբրեւ եզդիական փոքրամասնություն: Հայերի որոշ դիմումներում ներկայացվում է ազդեցիկ անձանց կողմից հաշիվներ պահանջելու հայաստանյան իրավիճակը, որոնց զոհ են գնում վերջիններս: Գրասենյակի տեղեկացմամբ` Ֆրանսիայից ապաստան խնդրող հայաստանցիների պատճառաբանություններն ու հիմնավորումները չեն փոխվել նաեւ այս տարի:

Թեեւ նախորդ տարվա վերջին Ֆրանսիան որոշում ընդունեց Հայաստանը ներառել կայուն երկրների շարքում, սակայն ապաստան խնդրող հայերի հոսքը չի դադարում: Գրասենյակի մամուլի ծառայության` մեզ փոխանցած տվյալներով` այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է հայաստանցիների ապաստանի խնդրման 590 առաջին դիմում: Վերանայված դիմումների թիվը կազմել է 171: Անչափահասների թիվը 193 է: Ընդհանուր առմամբ, 2010-ի առաջին 6 ամիսներին 954 հայաստանցի է ապաստան խնդրել:

Վերաքննվող դիմումներ ներկայացրած հայաստանցիների հանդիպելու հույսով եղանք Ապաստանի իրավունքի պետական դատարանում (CNDA), որտեղ փակցված դատավճիռների թվում կային նաեւ հայերի 5-6 ազգանուններ: Դատարանը բավարարել էր նրանց պահանջը: Զարմանալի զուգադիպությամբ քննված բոլոր գործերի փաստաբանը միեւնույն անձն էր:

Մենք փորձեցինք հանդիպել վերջինիս, սակայն քարտուղարուհին տեղեկացրեց, որ զբաղվածության պատճառով փաստաբանն առայժմ չի կարող պատասխանել մեր հարցերին: Նույն օրը դատարանում հանդիպեցինք տարբեր հայ ընտանիքների, որոնք սպասում էին իրենց դատավարությանը: Նրանցից մեկը ներկայացրել էր հայ-ադրբեջանական էթնիկական խնդիրը:

«Իմ տատիկը իսկապես Ադրբեջանում է ծնվել»,- ասաց ապաստան խնդրող ընտանիքի մայրը: Հայաստանից նոր ժամանած երկու երիտասարդներ խոստովանեցին, որ ներկայանալու են իբրեւ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter