HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սայլը ձիուց առաջ, կամ Կեսարինը` Կեսարին

ՄԱԿ-ի Միջազգային (Հաագայի) դատարանի խորհրդատվական եզրահանգման մասին լուրը (թե 2008 թ. փետրվարին Կոսովոյում անկախության հռչակագրի ընդունումը համապատասխանում է միջազգային իրավունքին) տարածվեց հայ-ադրբեջանական բանավեճի մասնակիցների եւ միջնորդների համար շատ ճիշտ պահի:

Եթե դա տեղի չունենար, հիմա կողմերը խորանալու էին խնդրո առարկայի մասին վեճերի լաբիրինթոսում` մի տեսակ անհարմար վիճակ ստեղծելով եռանախագահ երկրների համար էլ:

Լայն հասարակությունների առջեւ եւ նրանց մեջ էլ այդ վեճի ծավալման գլխավոր մեկնարկներն արդեն տրվել էին: Հուլիսի 21-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ հիմա եկել է Ադրբեջանի կողմնորոշվելու ժամանակը, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները «Պետերբուրգյան առաջարկությունների» հիմքով:

Հուլիսի 22-ին Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ի պատասխան ներկայացրեց «Պետերբուրգյան առաջարկությունների» իր ընկալումը` դրանք համարելով աշխատանքային, որոնք բավական հաճախ են արվում: «Եվ այդ աշխատանքային առաջարկությունները պատրաստել է միայն մի կողմը (Ռուսաստանը-Լ.Բ.), դրանով իսկ չի պահպանվել Մինսկի խմբի ձեւաչափը:

Սանկտ-Պետերբուրգում արված առաջարկությունները, ըստ էության, փոխում են բանակցային գործընթացի ողջ փիլիսոփայությունը, ...դրանք խաթարում են վերջին վեց տարիներին անցկացված աշխատանքը եւ վնաս հասցնում այդ ընթացքում ձեւավորված նուրբ կառույցին»:

Կոսովոյի թեման միանգամից փոխեց բանավեճի հունը, եւ հիմա արդեն միջնորդները ստիպված չեն լինելու անհապաղ ու միանշանակ անդրադառնալու երկու հանգամանքի. նախ` թե սրանից հետո իրենց առաջարկությունների այդ ո՞ր վերջին տարբերակը պետք է հիմք ընդունել հետագա հանդիպումների ժամանակ (այսպես կոչված Մադրիդյան նորացվա՞ծ սկզբունքները, որոնք հարմար էին Ադրբեջանին, թե՞ «էլ ավելի նորացվածները», որոնք, պարզվեց, ընդունելի են Հայաստանի համար):

Երկրորդ` համանախագահները ստիպված էին լինելու ավելի հանգամանալից արտահայտել իրենց վերաբերմունքը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցածի առթիվ, քան դա արել էին Ալմաթիի իրենց հայտարարության մեջ (ընդամենը երախտագիտություն էին հայտնել ՌԴ նախագահին ու ԱԳ նախարարին կողմերի միջեւ տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար), եւ որ ամենատհաճն է` հնարավոր է` ստիպված էին լինելու անցկացնել ներքին քննարկումներ ու որոշել, թե «Պետերբուրգյան առաջարկությունները» հանրությունը պետք է համարի համանախագահների համատե՞ղ առաջարկություններ, թե՞ ոչ:

Կոսովոյի անկախության հռչակման օրինականության շրջանակներում լինել-չլինելու հարցն առհասարակ կարող էր եւ չդառնալ Միջազգային դատարանի քննարկման առարկա, եթե չլիներ հենց Սերբիայի խնդրանքով ՄԱԿ-ի Գերագույն խորհրդի դիմումը Միջազգային դատարան: Իհարկե, դատարանը եզրակացություն է հայտնել խնդրի միայն այն չափով, որ չափով նրան հարցրել էին:

Միամտություն կլիներ ենթադրել, թե ՄԱԿ-ի ԳԽ-ում ներկայացված տարբեր երկրների փորձառու դիվանագետները չէին հասկանում, թե ինչ էր նշանակելու Միջազգային դատարանի առջեւ նաեւ Կոսովոյի անկախացման իրավական հետեւանքների մասին եզրակացություն դուրս բերելու խնդիրը:

Այն դեպքում, երբ ի սկզբանե Կոսովոյի հետ կապված ողջ պատմությունը զարգանում էր նախազգուշացմամբ, թե Կոսովոյի բոլոր դրվագները (այդ թվում նաեւ` Կոսովոյին դեպի անկախություն առաջ մղած ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հանգամանքը) բացառիկ են, եւ որ Կոսովոյի անկախացման գործընթացը չի կարող ունենալ նախադեպի նշանակություն ինքնորոշման իրավունքի համար պայքարող այլ տարածաշրջաններում:

Իսկ այսպես, իրավական առումով արդարացնելով միայն անկախության հռչակումը` Միջազգային դատարանը կարող է հեռու մնալ միջազգային իրավունքի ու միջազգային իրականության միջեւ եղած խորքային հակասության մեջ արգելակվելու վտանգից, եւ Կոսովոյի անկախության հետեւանքները կարելի է շարունակել համարել որպես միայն Կոսովոյի եւ Սերբիայի` առանձին վերցրած գործը:

Կոսովոյի գործը» Միջազգային դատարանի քննությանը հանձնելու իրողությունը կարելի էր համարել «ձիուց առաջ կանգնեցրած» սայլն իր տեղը վերադարձնելու համար արված քայլ (իդեալական կլիներ, եթե Կոսովոյի անկախության իրավական հիմնավորումից հետո միայն տեղի ունենային այլ երկրների կողմից նրա ճանաչումները), եթե պարզ չլիներ, որ նաեւ այս առումով Կոսովոն չի կարող դառնալ նախադեպ այլ հակամարտությունների ու այլ տարածաշրջանների համար:

Քաղաքական իրողություններն այնպես են դասավորվել, որ Միջազգային դատարանի որոշումից հետո ինքը` Սերբիան կարող է ճանաչել Կոսովոյի անկախությունը` դրանով իսկ միանգամից լուծելով մի շարք կարեւորագույն հարցեր նախեւառաջ իր համար, այդ թվում` Կոսովոն ճանաչած բազմաթիվ ազդեցիկ երկրների հետ հետագայում հարաբերվելու խնդիրը: Պատահական չէ Սերբիայի այն պաշտոնական հայտարարությունը, թե կընդունի Միջազգային դատարանի ցանկացած եզրակացություն: Դժվար է միջազգային իրավունքի եւ միջազգային իրականության այդ հակասականության պատճառով միանշանակ գնահատել նաեւ անկախացման ճանաչման կամ չճանաչման ակտերը:

Այն, որ Կոսովոն այս պահի դրությամբ ճանաչել են միջազգային իրավունքի սուբյեկտ 192 պետություններից 69-ը (մեկ երրորդից ավելին), իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան` միայն 2-ը, բացատրվում է միայն ու միայն այդ ակտերի քաղաքական նպատակահարմարությամբ եւ անկախացող պետությունների «գլխավոր պատրոնների» հեղինակությամբ: Եվ այդ երկու բացատրություններն էլ նվազեցնում են ինչպես ճանաչման, այնպես էլ չճանաչման արժեքները:

Սակայն մյուս կողմից` հենց քաղաքական տեսանկյունից 2-ի եւ 69-ի միջեւ տարբերությունն էական չէ, քանի որ ճանաչման ակտերն անդառնալի են, ճանաչման ետկանչն անհեթեթություն է եւ հեղինակազրկում է նախեւառաջ «փոշմանածին»:

Միջազգային դատարանի լսումների ժամանակ Կոսովոյի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծում էին երկու հանգամանք. այն, որ ինքնորոշումը հնարավորություն տվեց Կոսովոյի բնակչությանը ապահովել մարդու իրավունքների իրականացումը եւ այլն, որ Կոսովոյի անկախությունն իրականություն է, որն ընդունվել է (այն ժամանակ) 63 պետությունների կողմից:

Իհարկե, այս հիմնավորումները կարող են մասամբ հիմք լինել նաեւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար, եթե դրա համար հասունացած լինի միջազգային համապատասխան իրադրությունը:

Սակայն չարժե այդքան ոգեւորվել այս հանգամանքով, որովհետեւ հայտնի չէ, թե երբ է հասունանալու այդ համապատասխան իրադրությունը, եւ կհասունանա՞ արդյոք: Ղարաբաղյան բանակցությունների ակտիվ, հետեւաբար նաեւ` առարկայական բանավեճերի փուլն այսպիսով կարելի է համարել ավարտված:

Փոխարենը հայերի ու ադրբեջանցիների համար պարարտ հող է ստեղծվել Կոսովոյի հետ առնչվող հետագա զարգացումների առիթով ինքնամոռաց ու երկարատեւ բանավեճերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter