HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 զոհերի անունները հայտնի են

ԼՂՀ ՊԲ Մարտունու` գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանի գլխավորած զորամասի մարտական դիրքերում հուլիսի 28-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, շրջանառվող վերջին տեղեկությունների համաձայն, 6 զոհ է եղել: Ըստ «Հետքի»` միջադեպում զոհվել են վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանը, երևանաբնակ 20-ամյա Անդրանիկ Սարգսյանը, 28-ամյա սպա Վարդգես Թադևոսյանը: Վարդգեսը 3 երեխա ունի, երկու դուստր` մեծը 4 տարեկան և մեկ որդի` 1 տարեկան: Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը lragir.am-ին ներկայացրել է միջադեպի ճշտված մանրամասներ: Ըստ նրա` դիրքեր են ժամանել մեկ լեյտենանտ և մեկ սերժանտ, որոնք նկատելով դիրքում քնած զինվորին, արթնացրել են նրան եւ վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին: Այդ ժամանակ դիրքում գտնվող մյուս զինվորը ինքնաձիգից կրակ է բացել սպայի ու սերժանտի վրա ու սպանել: Կրակոցների վրա 3 ժամկետային զինծառայողներ վազել են դեպի դեպքի վայր, որոնց նույնպես նա գնդակահարել է: Այդ ժամանակ, նկատելով, որ վերեւի դիրքից դեպի իրենց դիրք են վազում մի քանի զինծառայող, նա ինքնասպանություն է գործել: Ըստ Ա. Սաքունցի` այս զինծառայողը, ով սպանել է իր ծառայակիցներին, երեւանաբնակ Կարո Այվազյանն է: Նա որոշ ժամանակ ապրել է ԱՄՆ-ում, եւ, ըստ որոշ տեղեկությունների, դատապարտված է եղել այնտեղ: Արթուր Սաքունցի տեղեկություններով, նա ունեցել է նաեւ առողջական խնդիրներ: Թերեւս, նրան զինակոչելիս այս հանգամանքները հաշվի չեն առնվել կա'մ տեղյակ չլինելու, կա'մ անտեսելու պատճառով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի աշխատակից Մուշեղ Աղեկյանից փորձեցինք ճշտել մյուս երկուսի անունները. «Ես անունները չգիտեմ»,- նշեց նա և ավելացրեց, որ մոտ մեկ ժամից ՊՆ պաշտոնական կայքում կտեղադրվի համապատասխան հաղորդագրություն: Իսկ ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, ի պատասխան մեր հարցմանն, ասաց. «Ես այդ տեղեկությունների հետ կապ չունեմ»: Հիշեցնենք, որ այս զորամասի նախկին հրամանատարներից է եղել ներկայիս ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Իսկ հիմնադրման ակունքներում կանգնած է եղել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը: Հ.Գ. Տեղեկատվության պաշտոնական աղբյուրները լռում են, այդ իսկ պատճառով մեր հրապարակած տեղեկությունները դեռևս ամբողջական չեն և ճշտվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter