HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փլուզում Մուշ-2 նորակառույց թաղամասում

Նորակառույց Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած գյումրեցի Մելիքյանների ընտանիքի համար անցած գիշերը մղձավանջային էր: Ծեր ամուսինները նման զգացողություն ապրել էին 1988թ-ի երկրաշարժին: 16 շենքի 2-րդ մուտքի առաջին հարկի մեկ սենյականոց բնակարանում փլուզում էր տեղի ունեցել: Ննջարանի առաստաղը գիշերը ժամը 1-ին հայտնվել էր հատակին: «Գիշերը զարթնա ճռճռոցից,-պատմում է 64-ամյա Անժիկ Մելիքյանը,-գնացի մոտեցա դրսի դռանը, տեսա, որ պադյեզդից չէ, մտածեցի կարողա փողոցից եկավ էդ ձենը: Մինչեւ մոտեցա պատուհանին, արդեն լրիվ թավանը իջավ գլխիս»: Հիվանդ, 1-ին խմբի հաշմանդամ 73-ամյա ամուսինը եղել է անկողնում: Առաստաղից մեծ կտորներով պոկված ծեփոնները թափվել են նրա ոտքերին: «Ամուսինս գլխի վիրահատություն տարած մարդ է, լավ է, որ գլխին չընկան, թե չէ ես չիդեմ թե ինչ կեղներ,-արտասվելով պատմում էր տիկին Անժիկը,-ես հազիվ կըրցա իրան գրկած բերեի կուխնի: Սաղ գիշեր ահ ու դողով ենք լուսացրել»: Մելիքյանները արդեն մեկ ամիս է` ապրում էին «Գլենդել Հիլզի» կառուցած բնակարանում: Բնակարանամուտ տոնած առաջին ընտանիքների թվում են: Տեղափոխվել են, հաշվի չառնելով գազի, ջրի, լույսի բացակայությունը, մտածելով որ դրանք ընթացքում արագ կարգավորվող խնդրիներ են: Տնակը հանձնել են եւ հիմա գնալու տեղ չունեն, քանի որ այլեւս չեն ուզում այդ բնակարանում ապրել: «Հըմի շատ կցավամ, որ տարածքս ազատել եմ ու տնակս էլ հանձնել եմ,-զայրույթը չէր զսպում ահաբեկված կինը,-հըմի ո՞վ բդի սարքե իմ բնակարանը: Սարքելուց հետո էլ ես ի վիճակի չեմ ըստեղ ապրելու, ես կվախենամ: Ես ի՞նչխ քնիմ, հլը դուք եղեք իմ տեղս եւ ըստեղ գիշերը քնեք, կքնի՞ք...անընդհատ էդ սարսափն իմ աչքիս առաջը բդի էղնի, չէ՞»: Մելիքյանների վերեւի հարկի հարեւանները դեռ չեն տեղափոխվել: Ու ծեր ամուսինները չեն պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե վերջիններս ապրելիս լինեին: Հավանաբար այդ ժամանակ ոչ թե պարզապես առաստաղը կփլվեր, այլ հարեւանի կահ-կարասին էլ կհայտնվեր առաջին հարկի բնակարանում: Տիկին Անժիկն ասաց, որ «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչն այցելել է ու խոստացել վերանորոգել: Եկել են նաեւ քաղաքապետարանից: «Կըսեին` ամուր շենքեր են, էս էր ըսոնց սարքած ամուրը»,-նկատում է Անժիկ Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter