HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ռուսական ռազմաբազան պետք է Հայաստանից դուրս բերվի

Ըստ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի` հիմա այս կարգախոսի ժամանակն է Օրերս Երեւանում փոփոխություններ կկատարվեն հայ-ռուսական պայմանագրում, որով Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 25-ից կհասնի 49 տարվա: Շրջանառվող լուրերի համաձայն` փոփոխությունների արդյունքում կյանքի կկոչվի նաեւ մի ձեւակերպում, ըստ որի` Ռուսաստանը պետք է պաշտոնապես ճանաչվի Հայաստանի անվտանգության երաշխավորը: «Դա Հայաստանի անկախության արդեն ֆորմալ կորստի սկիզբն է, որովհետեւ եթե որեւէ պետություն դառնում է մեկ այլ պետության անվտանգության արաշխավոր, նշանակումը է, որ տվյալ պետությունն արդեն անվտանգություն չի ունենում: Թե այդ պետության անվտանգությունը որն է, արդեն որոշում է երաշխավորը»,- ասում է Հրանտ Տեր-Աբրահամյանը: Այսօր նա «Հայելի» ակումբում պետք է բանավիճեր Մենուա Հարությունյանի հետ: Վերջինս չեկավ, եւ բանավիճելու փոխարեն Տեր-Աբրահամյանն իր մտահոգություններով կիսվեց լրագրողների հետ: Նա պատահական չի համարում, որ սպասվելիք փոփոխությունների համատեքստում Ռուսաստանը Ս-300 հակահրթիռային համակարգեր է վաճառում Ադրբեջանին: «Ես շատ զարմացած եմ Հայաստանում շատ շատերի ռեակցիայից: Վերլուծաբաններ, քաղաքագետներ, շատ խելոք մարդիկ նստած շատ լուրջ փորձում են հիմնավորել, որ ոչինչ, առանձնապես բան չկա դրա մեջ, նորմալ ա… Դա (զենքի վաճառքը) ուղղակի շանտաժ է Հայաստանի նկատմամբ` այս պայմանագրի կնքման նախօրեին եւ ֆոնին»,- ասում է հրապարակախոսը եւ հավելում, որ դաշնակցի հակառակորդին իրականում զենք չեն ծախում: Վերջինիս գնահատմամբ, Ադրբեջանին Ս-300-ներ վաճառելով` Ռուսաստանն տարածաշրջանում խախտում է ուժերի հավասարակշռությունը, ինչի տրամաբանական շարունակությունը կարող է լինել ԼՂ հիմնախնդրի արագ տեմպերով «կարգավորումը»: «Ես չեմ բացառում ղարաբաղյան անվտանգության գոտում բավականին արագ զարգացումներ` ռուսական սցենարով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նպատակը ռուսական զորք մտցնելն է հակամարտության գոտի: Թե դրան Արեւմուտքը ինչպես կարձագանքի, դա այլ խնդիր է»,- ասում է բանախոսը եւ շեշտում, թե մեզ ձեռնտու չէ, որ որեւէ երկրի` կապ չունի` ՌԴ-ի, թե, ասենք, ԱՄՆ-ի, ռազմական ուժը մուտք գործի Արցախ: Ըստ Տեր-Աբրահամյանի` փոքր պետության անկախությունը կարող է գոյատեւել որոշակի ուժերի հավասարակշռության պարագայում: Իսկ եթե այդ հավասարակշռությունը խախտվի հօգուտ գերտերություններից մեկի, մեր անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տակ: Իսկ ո՞ր կողմ կթեքվի ռուսական սցենարը: Հարցին ի պատասխան` բանախոսը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կար դեռ 1905 թվականին` հենց ռուսական կայսրության հրահրմամբ: Հետո ռուսները «լուծեցին» այդ հակամարտությունը` բոլորիս հայտնի տարբերակով: «Հիմա դուք մտածեք` ի շահ Հայաստանի՞ էր, թե՞ Ադրբեջանի»,- ասաց հրապարակախոսը: Ստեղծված իրավիճակում, բանախոսի կարծիքով, հայկական կողմը շատ քիչ բան կարող է անել: Անհրաժեշտ է առնվազն հասարակական մակարդակով խնդիրը կտրուկ բարձրաձայնել, ինչն իշխանություններին հնարավորություն կտա առաջարկվող պայմաններն ինչ-որ չափով գոնե մեղմել: Ըստ Տեր-Աբրահամյանի` եկել է «Ռուսական ռազմաբազան պետք է Հայաստանից դուրս բերվի» կարգախոսի ժամանակը, «Որովհետեւ չստորագրել, ինձ թվում է` հնարավոր չէ»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter