HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

«Վրաստանը երբեք չի դառնա Ամերիկայի 51-րդ նահանգը»

Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ Եվրամիության եւ Հարավային Կովկասի համագործակցության եւ խնդիրների վերաբերյալ միջազգային կոնֆերանս: «Հետք»-ին հաջողվեց կոնֆերանսի շրջանակներից դուրս զրուցել Վրաստանի Զարգացման եւ համագործակցության բազմակարծության կենտրոնի ղեկավար, 1990-95 եւ 2004-08 թթ. Վրաստանի խորհրդարանի անդամ Իվլիան Խաինդրավայի, ինչպես նաեւ Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի (SCIRS) տնօրեն, Վրաստանի Հելսինկյան հանձնաժողովի համակարգող Ալեքսանդր Ռուսեցկիի հետ:

Իվլիան Խաինդրավայի ելույթը ամենահետաքրքիրներից էր կոնֆերանսում: Խաինդրավան խիստ քննադատության ենթարկեց ինչպես Վրաստանի իշխանություններին, այնպես էլ Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին վերջին իրադարձությունների կապակցությամբ` դիպուկ եւ սրամիտ փաստարկներ բերելով: Ըստ նրա` եվրոպական փափուկ դիվանագիտական լեզուն ժանրի ճգնաժամ է ապրում, իսկ Վրաստանում ժողովրդավարության խնդիրը շարունակում է հրատապ մնալ:

Հնարավո՞ր է իշխանության փոփոխություն Վրաստանում մոտ ապագայում` Հետքի հարցին ի պատասխան՝ Ի.Խաինդրավան ասաց. «Ինձ համար դժվար է պատկերացնել, որ Սահակաշվիլին ավարտին կհասցնի իր երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետը: Ճիշտ է, այս առումով ես ունեմ ոչ միայն լավատեսություն (որովհետեւ ես կցանկանայի, որ Վրաստանում իշխանությունը փոխվի), այլ նաեւ որոշ մտավախություններ, քանի որ եթե, այնուամենայնիվ, նման հնարավորություն նրան (Սահակաշվիլիին-հեղ.) տրվի, ինձ համար դժվար է պատկերացնել, որ նա հանգիստ կպահի իրեն եւս չորս տարի եւ կհեռանա մեծ քաղաքականությունից որպես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կորստի պատասխանատու: Այնպես որ, այստեղ ոչ միայն ցանկություն կա փոփոխել դեպի լավը, այլեւ խուսափել ավելի վատից»: 

Այն իրավիճակը, որում գտնվում է այսօր Վրաստանը, ըստ Խաինդրավայի, անկայուն է եւ վտանգավոր, այնպես որ փոփոխությունները պետք է լինեն աստիճանաբար, հանգիստ` խուսափելով ավելորդ վնասներից: Դրա համար անհրաժեշտ է բացել մեդիա տարածությունը, տեղեկացնել մարդկանց, վերադառնալ հակակշիռների եւ զսպումների համակարգին, ապահովել օրենքի գերակայությունը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի կազմվի ներկայացուցչական խորհրդարան:

«Դրանից հետո արդեն պարզ կլինի՝ արդյո՞ք հարկավոր է փոխել նախագահին, թե՞ միայն նրա լիազորությունների սահմանափակման անհրաժեշտություն կա` նախագահական գրասենյակից այսպես ասած չմտածված քայլերը կանխարգելելու նպատակով»,- նշեց փորձագետը: Թեեւ Խաինդրավան Վարդերի հեղափոխության կողմնակիցն էր եւ մասնակիցը, այնուամենայնիվ, գտնում է, որ ամեն անգամ իշխանությունը փոխել հեղափոխության եւ այլ ցնցումների ճանապարհով չի կարելի: Պետք է դա կատարել սահմանադրական ճանապարհով` արդար ընտրությունների միջոցով:

«Իսկ ինչպիսի՞ն են խորհրդարանի նախկին խոսնակի` Նինո Բուրջանաձեի` իշխանության գալու հնարավորությունները»,- հետաքրքրվեցինք մենք: Ինչպես հայտնի է, Նինո Բուրջանաձեն բոլորովին վերջերս հանդես եկավ իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ եւ հայտարարեց, որ Վրաստանում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ:

«Բուրջանաձեն Սահակաշվիլիին ուղղեց 43 հարց, որոնցից առնվազն 33-ին չէր խանգարի, որ ինքն էլ պատասխաներ, որովհետեւ նա եղել է Սահակաշվիլիի ամենամոտ դաշնակիցը, նա եղել է հիերարխիայով երկրորդ դեմքը եւ, չորս տարի շարունակ ղեկավարելով խորհրդարանը, կոծկել է Սահակաշվիլիի բոլոր անօրինականությունները: Այնպես որ, միայն արմատական հայտարարությունները բավական չեն»,- նշեց նա: 

Խաինդրավայի կարծիքով՝ Բուրջանաձեի հավակնությունները չեն համապատասխանում հասարակության տրամադրություններին, քանի որ իր ռեյտինգով նա ամենեւին էլ բարձր չէ մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներից: «Այնպես որ,- գտնում է փորձագետը,- նրա կողմից այնքան էլ խելամիտ չէ նախապայմաններ դնել այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար»: 

«Բուրջանաձեն, այնուամենայնիվ, ունի իր տեղը երկրի քաղաքական դաշտում եւ, եթե նա իր հավակնությունները համապատասխանեցնի Վրաստանի առաջ դրված խնդիրներին, մասնավորապես ներքաղաքական, կարող է համաձայնության գալ չափավոր քաղաքական ուժերի հետ»,- ընդգծեց նա:

Լեհաստանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ վերջին սկանդալային իրադարձության մասին. Խաինդրավան նշեց, որ վերջին տեղեկություններով՝ օսական կողմից կրակոցներ, իրոք, եղել են: «Որպես մարդ, ում երակներով հոսում է նաեւ մի քիչ լեհական արյուն, մեծ համակրանքով եմ վերաբերվում այդ երկրին, սակայն կարծում եմ, որ Լեհաստանի նախագահը ոչ միշտ է գործել իր ռանգին համապատասխան Վրաստանի հանդեպ: Կարծում եմ, որ Վրաստան կատարած այցելությունների քանակով նա գերազանցել է որեւէ այլ մեկին Եվրոպայից, եւ նրա այցելություններից ոչ բոլորն են եղել արդյունավետ եւ համապատասխանել քաղաքական կոնյունկտուրայի պահանջներին: Կարծում եմ, որ նա մի քիչ չափն անցել է»:

Արդյո՞ք Ռուսաստանն ընդմիշտ կորցրել է Վրաստանը, թե՞ հնարավոր է հարաբերությունների նորմալացում, ասենք՝ Վրաստանում իշխանափոխության պարագայում: «Մենք հարեւաններ ենք, իսկ հարեւաններին չեն ընտրում: Այն իրավիճակը, որում գտնվում են վրաց-ռուսական հարաբերությունները, նորմալ չէ, եւ արդեն բավական երկար ժամանակ: Գուցե այն, ինչ կասեմ, կհնչի որպես լոկ բարի մտադրություն, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից պետք է լինեն ազդակներ, որոնք որոշ չափով կհանգստացնեն վրացական հասարակությանը, քանի որ Ռուսաստանի օգոստոսյան գործողություններն ընկալվում են որպես ագրեսիա»: 

Ըստ Խաինդրավայի` հնարավոր է ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գտնել ընդհանուր շահեր եւ երկխոսել հնարավոր համագործակցության մասին հենց այդ ընդհանուր շահերի հիման վրա: Սակայն դրա համար նախեւառաջ հարկավոր է, որ փոխվի հռետորությունը՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թբիլիսիի, եւ առաջին հերթին, այնուամենայնիվ, Մոսկվայի կողմից: Դա պետք է զուգորդվի որեւէ ցուցադրական քայլով, օրինակ՝ Ախալգորիի շրջանի ապաօկուպացմամբ: «Այդ դեպքում նաեւ վրացական կողմը կստանա փաստարկ, որ Ռուսաստանում ինչ-որ բան փոխվում է, եւ հնարավոր է երկխոսել նրա հետ»,- գտնում է փորձագետը:

Իվլիան Խաինդրավան կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթում հստակորեն  բաժանեց Արեւմուտքը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի: «Վրաստանի ապագան, այնուամենայնիվ, Ամերիկայի՞ հետ է, թե՞ Եվրոպայի»,- հետաքրքրվեցինք նրանից: 
«Ես լիովին համոզված եմ, որ Վրաստանի ապագան Եվրոպայի հետ է, որովհետեւ Վրաստանը հնարավորություն եւ հուսով եմ նաեւ ցանկություն չունի վերածվել Ամերիկայի Միացյալ Նահանգների 51-րդ նահանգի: Վրաստանը հնարավորություն ունի դառնալու միավորված Եվրոպայի անդամ, թեեւ, ամեն դեպքում, այն Եվրոպայի անմիջական հարեւանն է… Ցավոք սրտի, Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի է ունեցել ակնհայտ դիսբալանս պայմանականորեն ասած Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ` հօգուտ Վաշինգտոնի, եւ սա եւս պետք է ուղղել… Քաղաքակրթական առումով Վրաստանը դարերով ձգտել է դեպի Եվրոպան եւ այժմ պետք է գործով իրականացնի իր դարավոր ձգտումները»:

Օգոստոսյան ճգնաժամը, փորձագետի խոսքերով, նաեւ եվրոպացիներին ցույց տվեց, թե որքան վտանգավոր է հակամարտությունները պահել «սառեցված» վիճակում, քանի որ ցանկացած պահի նրանք կարող են պայթել, եւ թե որքան անհրաժեշտ է համապատասխան ուշադրություն ցուցաբերել անմիջական հարեւաններին:

Իսկ ընդհանուր առմամբ Եվրոպան պետք է հստակորեն գիտակցի եւ ձեւակերպի իր շահերը Հարավային Կովկասի հանդեպ: «Եվրոպան պետք է հստակ մեսիջներ հղի, թե ինչ է սպասում մեզնից, որովհետեւ այն լղոզված, երբեմն նաեւ հակասական մեսիջները, որ մենք ստանում ենք Եվրոպայից, որոշ առումով ապակողմնորոշում են մեր քաղաքացիներին եւ թույլ են տալիս մեր իշխանություններին շահարկել դրանք»,- եզրափակեց Խաինդրավան:

Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի (SCIRS) տնօրեն, Վրաստանի Հելսինկյան հանձնաժողովի համակարգող Ալեքսանդր Ռուսեցկիի հետ Հետքն ավելի շատ զրուցեց հայ-վրացական հարաբերություններից: Ճիշտ է, Ա. Ռուսեցկին եւս արտահայտեց իր կարծիքը Վրաստանի ներքաղաքական իրադրության վերաբերյալ:

«Կողմնակից եմ, որ Վրաստանում լինեն ընտրություններ, որ իշխանությունը փոխվի առանց հեղափոխությունների, փափուկ ձեւով: Կարծում եմ, որ գործող իշխանությունները սպառել են իրենց իրական հնարավորությունները, եւ որ նոր առաջնորդներ պետք է գան իշխանության, սակայն, ցավոք, ընդդիմադիր քաղաքական գործիչները ներկայումս լավատեսություն չեն ներշնչում: Կադրերի խնդիր կա: Անձամբ ես չեմ տեսնում ուժեղ քաղաքական առաջնորդների, որոնք կարող են «վարդերից» հետո գալ իշխանության եւ առկա իրադրությունը փոխել դեպի լավը»,- նշեց նա:

Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի համար յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխհարաբերությունները: «Հայաստանն ու Վրաստանը երկու հարեւաններ են, որոնք ունեն փոխհարաբերությունների հին պատմություն եւ, ցավոք սրտի, այն խնդիրները, որոնք առաջանում են այս հարաբերություններում, բավարար կերպով չեն կարգավորվում: Ես կարծում եմ, որ վրաց-հայկական հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա, որի վրա նրանք պետք է գտնվեն»,- նշում է Ռուսեցկին: 

Այս ամենի պատճառը, ըստ նրա, այն է, որ մենք «չենք եկել այն գիտակցության, որ ապրում ենք մի տարածաշրջանում, եւ տարածաշրջանային քաղաքականությունը պետք է ստեղծվի բոլորի մասնակցությամբ: Տարածաշրջանի պետությունները չպետք է լինեն բախվող ճամբարներում եւ զբաղվեն միմյանց պետական շահերին վնասելով, այլ համագործակցեն եւ ստեղծեն այդ համագործակցության այնպիսի արտադրանք, որից կշահեն երեք երկրների ժողովուրդները»: 

Ինստիտուտը մշակել է վրաց-հայկական հետազոտական կենտրոնի ստեղծման ծրագիր: Այն ենթադրում է հայ եւ վրացի փորձագետների աշխատանքային խմբի ձեւավորում, որը մշտապես կդիտարկի գործընթացները հայ-վրացական հարաբերություններում` դրանցում շտկումներ մտցնելու եւ դրանք լրիվ նոր մակարդակի` դրական մակարդակի բարձրացնելու նպատակով: Նույնպիսի ծրագիր է նախատեսվում իրականացնել նաեւ վրաց-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: 

Ինստիտուտը արդեն հինգ տարի զբաղվում է հետազոտությամբ` անցկացնում է մամուլի մոնիտորինգներ, եւ հսկայական տեղեկատվություն է հավաքել այդ խնդիրների վերաբերյալ: «Մենք ոչ միայն մոնիտորինգներ ենք անցկացնում, այլեւ աշխատում լրագրողների հետ, բացատրում նրանց, որ, ասենք, որոշ տերմիններ, որ նրանք օգտագործում են, կարող են միջէթնիկ թշնամանք հրահրել, նվազեցնել հասարակության հանդուրժողականության մշակույթը»,- նշում է Ալ.Ռուսեցկին: 

Այժմ կենտրոնը համագործակցում է իրավաբանական կազմակերպության հետ, որի հետ աշխատանքներ են տարվում այս խնդիրների իրավական կարգավորման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Նպատակ կա հասնել խնդրի իրավական կարգավորման հնարավորությանը, որպեսզի պատասխանատվության ենթարկվի այն թերթը կամ հեռուստաալիքը, որը զբաղվում է միջէթնիկ թշնամանքի սերմանմամբ:
 
Սակայն Ալ.Ռուսեցկին իր մտահոգությունն է հայտնում, որ երկկողմ ծրագրերն ու նախաձեռնությունները պոպուլյար չեն եւ չեն ֆինանսավորվում տարբեր ֆոնդերի կողմից, իսկ իրենց աշխատանքը միակողմանի է: «Այդ իսկ պատճառով մենք փնտրում ենք էնտուզիաստների, փորձագետների հայկական կողմից, ովքեր հետաքրքրված կլինեն այս ծրագրով եւ կցանկանան համագործակցել մեզ հետ»,- նշում է Ռուսեցկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter