HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Կինոն կբացի հայ-թուրքական սահմանը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով նախորդ շաբաթ Հայաստանում էին գտնվում տասը թուրք երիտասարդ կինոգործիչներ` մասնակցելու հայ-թուրքական երկրորդ կինոսեմինարին: Սեմինարի նպատակն էր խթանել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիական եւ մշակութային երկխոսությունը, քննարկել հայ-թուրքական համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունները:

Սա թուրք կինոգործիչների պատասխան այցն էր Հայաստան. այս տարվա ապրիլին Ստամբուլ էին մեկնել հայ կինոգործիչները, Ստամբուլի 27-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցել «Կինոն եւ պատմությունը» սեմինարին: Իսկ ընդհանրապես, «Ոսկե ծիրանը» թուրքական «Անադոլու Քյուլթուր» ասոցիացիայի հետ համագործակցում է 2006 թ.-ից: «Անադոլու Քյուլթուրը» հասարակական կազմակերպություն է, հիմնադրվել է 2002 թ. եւ նպատակ ունի վերհանելու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը: 

Ասոցիացիայի ծրագրերի համակարգող Չիդեմ Մաթերի կարծիքով` համատեղ ֆիլմարտադրությունը, ինչպես նաեւ ընդհանրապես մշակութային փոխգործակցությունը, իրոք, կարող են կարծրատիպեր կոտրել հայ եւ թուրք հասարակություններում: «Մենք տեսանք դա Թուրքիայում Ֆեթիյե Չեթինի «Մեծ Մայրը» գրքի օրինակով, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել մի փոքրիկ գրքի շնորհիվ: Նույնիսկ փոքր ֆիլմերը կարող են օգնել հասկանալու միմյանց»,- նշում է Չ. Մաթերը:

Ըստ նրա` թուրք հասարակությունը դրական է վերաբերվում երկու երկրների քաղաքական առաջնորդների հանդիպումներին, քանի որ «բոլորն էլ հասկանում են, որ թշնամական հարաբերություններ պահպանելով` ոչնչի չես հասնի, ոչ ոք չի շահի դրանից»: 

Այս առումով լուրջ խնդիր է սահմանի բացումը: «Հատկապես Կարսի, Արդահանի բնակիչների համար դա նախեւառաջ տնտեսական խնդիր է,- գտնում է Մաթերը,- եւ եթե սահմանը բացվի, տնտեսական մեծ օգուտներ կբերի այդ մարդկանց»: Նա հիշեցնում է երեք տարի առաջ Կարսում անցկացված ստորագրահավաքի մասին, երբ 50.000 մարդ իր ստորագրությունը դրեց սահմանի բացման օգտին:

«21-րդ դարում ես չեմ հավատում սահմաններին: Երեկ ես Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում էի եւ տեսա Արարատը. այն պատկանում է երկուսիս էլ, այն ե’ւ մերն է, ե’ւ ձերը: Ով է դրել այդ հիմար սահմանը` մենք չգիտենք, բայց ես կարծում եմ, որ Արարատը, Անիի ավերակները, Աղթամարի կղզիները շատ բան են ասում մեր ընդհանուր պատմության մասին»,- եզրափակում է նա:

Չնայած երիտասարդ տարիքին` կինոռեժիսոր Մուջդե Արսլանը հասցրել է արդեն մի ֆիլմ նկարահանել: Ֆիլմը կոչվում է «Վերջին խաղը» եւ պատմում տարեց մարդկանց ընկերության մասին, ներկայացնում, թե որքան են այս մարդիկ զգում միմյանց կարիքը: Ըստ Արսլանի` ինչպես եւ իր ֆիլմում, հայ եւ թուրք ժողովուրդները եւս ունեն միմյանց կարիքը: 

Նրա կարծիքով` երկու ժողովուրդները խնդիր չունեն, խնդիր կա պետությունների միջեւ հարաբերություններում. «Ճիշտ է, թուրք հասարակության ներսում դեռեւս կան խնդիրներ, սակայն դրանք աստիճանաբար վերանում են, մարդիկ սկսում են ավելի շատ բան հասկանալ, եւ նրանց մոտ ցանկություն է առաջանում ավելի լավ ճանաչել հարեւան հայերին»: 

Մ. Արսլանը իր թուրք գործընկերների նման եւս գտնում է, որ կինոն կարող է մեծ դեր խաղալ երկու հասարակություններում միմյանց հանդեպ դրական մթնոլորտ ձեւավորելու գործում եւ օգնել ավելի լավ ճանաչել միմյանց: «Կինոն ուժ է, այն ցույց է տալիս մարդկանց զգացմունքները, այն կարծես մարդկային աչքերով է ներկայացնում ամեն ինչ: Իսկ մարդիկ կառավարության նման չեն մտածում, նրանք առաջնորդվում են զգացմունքներով»,- նշում է նա:

Իր թուրք գործընկերների հետ Հայաստան էր ժամանել նաեւ Լուսին Դինքը` Հրանտ Դինքի եղբոր դուստրը: Լուսինն ավարտել է Ստամբուլի կինոյի դպրոցը եւ արդեն հինգ տարի աշխատում է որպես ռեժիսորի օգնական, մասնակցել է մի շարք խաղարկային ֆիլմերի նկարահանումների, նաեւ զբաղվում է գովազդով:

Լուսին Դինքի կարծիքով` նույնիսկ եթե երկու երկրների քաղաքական առաջնորդները հաջողության չհասնեն, մշակութային երկխոսությունը մարդկանց միջեւ անպայման պետք է շարունակվի. այն կօգնի մարդկանց ավելի լավ ճանաչել միմյանց: Այս առումով համատեղ ֆիլմարտադրությունը երկխոսության հրաշալի օրինակ կարող է դառնալ: 

«Մի ֆիլմով գուցե անհնար լինի քաղաքական փոփոխություների հասնել, բայց կարելի է մի հետք թողնել պատմության էջերում, ապացուցել, որ մենք կարող ենք համագործակցել, կարող ենք միասին մի բան ստեղծել առանց միջնորդների»,- գտնում է Լ.Դինքը:

Համատեղ ֆիմերի գաղափարներ կարծես շատ կան. թուրք կինոգործիչները Հայաստան էին ժամանել` իրենց հետ բերելով մի քանի ծրագրեր: Կինոռեժիսոր Սենեմ Թյուզենը, օրինակ, իր հետ բերել էր Կոմիտասի մասին պատմող ֆիլմի նախագիծ եւ ակնկալում էր հայ սցենարիստների աջակցությունը գաղափարի զարգացման եւ իրականացման գործում: Մեծ հետաքրքրություն առաջացրած գաղափարներից մեկն էլ Ֆեթիյե Չեթինի «Մեծ մայրը» ֆիլմի էկրանավորումն է: Սակայն գաղափարը դեռ տեսական քննարկումների փուլում է եւ, ինչպես Չիդեմ Մաթերը հայերեն նշեց, «կամաց-կամաց» է առաջ ընթանում:

Ի դեպ, հայ-թուրքական կինոսեմինարին մասնակցում էին նաեւ Հայաստանի գրողների միության երիտասարդ անդամներ: Նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու ֆիլմերի սցենարների վերաբերյալ քննարկումներին: Իսկ «Անադոլու Քյուլթուրի» հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել նաեւ հայերենից թուրքերեն եւ թուրքերենից հայերեն գրքերի թարգմանության բնագավառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter