HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Պատրա՞ստ է, արդյոք, Թուրքիան ներողություն խնդրել

«Ես գիտակցորեն չեմ կարող ընդունել անտարբերությունը այն մեծ աղետի հանդեպ, որ օսմանյան հայերն ապրեցին 1915-ին, եւ դրա ժխտումը: Ես մերժում եմ այս անարդարությունը եւ, գործելով իմ սեփական կամքով, ես կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի զգացմունքները եւ ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:

Մի խումբ թուրք մտավորականների այս նամակը, որում վերջիններս ներողություն են խնդրում հայերից 1915թ. իրադարձությունների համար, խիստ հակասական արձագանքներ առաջացրեց Թուրքիայում: Նախաձեռնողների թվում են պրոֆեսոր Բասկին Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրող Ալի Բայրամօղլուն եւ Չենգիզ Աքթարը: 

Առճակատման ասոցիացիայի (Yuzlesme Dernegi) համակարգող Այտեկին Յըլդըզն ընդգծեց, որ Թուրքիայի հայ համայնքն արդեն իսկ տեղյակ է, որ Թուրքիայում գիտակից շատ մարդիկ կան, եւ խնդիրը հայտնի փաստերի մասին հայտարարելը չէ: «Սա լավ սկիզբ է, բայց բավարար չէ: Նախեւառաջ, ի՞նչ նկատի ունեն նրանք «մեծ աղետ» ասելով: Եկեք տանք դրա անունը, դա ցեղասպանություն էր: Եվ հետո, պետությունը պետք է ներողություն խնդրի»,- գտնում է Յըլդըզը:

Պատմաբան Այշե Հյուրին եւս կիսում է այն կարծիքը, որ պետությունը պետք է ներողություն խնդրի. «Ինձ համար այդ բոլոր իրադարձությունները այն ժամանակ ծաղկող թուրքական ազգայնականության մեղքն են, եւ ես ինձ չեմ նույնականացնում դրա հետ, ուստի անձնապես ներողություն խնդրելու կարիք չունեմ»: Նրա կարծիքով` պետությունը նախ պետք է համապատասխան միջավայր ստեղծի քննարկումների համար, այնուհետեւ պետք է ներողություն խնդրի ինչպես ոճրագործների, այնպես էլ իր անունից, քանի որ «տարիներ շարունակ օրինականացրել է նրանց գործողությունները»:

Չնայած այն հանգամանքին, որ ստորագրահավաքի տեքստում «Ցեղասպանություն» բառն օգտագործված չէ, այն մեծ հակադարձության հանդիպեց հատկապես թուրք ազգայնականների շրջանում: Նախաձեռնությունը որակվեց որպես «դավաճանություն», «վիրավորանք թուրք ժողովրդի հասցեին»:

Ազգայնական շարժում կուսակցության (MHP) Էրզրումի տեղակալ Զեքի Էրթուգայը Today’s Zaman-ին տված հարցազրույցում մեղադրեց նախաձեռնության հեղինակներին «հիստերիայի մեջ գտնվելու» համար: Ըստ նրա` ոչ թե հայերն են տառապել օսմանյան թուրքերից, այլ թուրքերը, որոնց կոտորել են հայերը. «Հայերից ներողություն խնդրելը ես համարում եմ վիրավորանք թուրք ժողովրդի հասցեին…  Այնպիսի ամոթալի արատ, ինչպիսին ցեղասպանությունն է, երբեք տեղի չի ունեցել թուրք ժողովրդի պատմության մեջ: Եթե կա մեկը, ով պիտի ներողություն խնդրի, դա հայերն են եւ արեւմտյան պետությունները, որոնք հայերին սադրեցին թուրքերի դեմ` խոստանալով նրանց, որ սեփական երկիր կունենան»:

Նույն կուսակցության Մերսինի տեղակալ Բեհիչ Չելիկի խոսքերով` նույնիսկ տեղահանության համար ներողություն խնդրելն է անընդունելի, որովհետեւ տեղահանություններ իրականացվել են շատ երկրների կողմից, ոչ միայն Թուրքիայի. «Միացյալ Նահանգները տեղահանեցին բնիկ ամերիկացիներին, Ռուսաստանը աքսորեց կազակներին եւ Ղրիմի թաթարներին: Նրանց մտավորականները երբեք ներողություն չխնդրեցին որեւէ մեկից»:

Հայտնի ուլտրանացիոնալիստ Յուսուֆ Հալաչօղլուն, ով նախկինում ղեկավարել է Թուրքական պատմական ընկերությունը (TTK), կարծում է, որ այս ամենը սերտ առնչություն ունի Թուրքիայի նոր արտաքին քաղաքական նախաձեռնության հետ, որը սկսվեց սեպտեմբերի սկզբին, երբ Աբդուլլա Գյուլը եւ Ալի Բաբաջանը Երեւան այցելեցին ֆուտբոլային խաղը դիտելու: «Նպատակը հասարակական կարծիքը նախապատրաստելն է այդ նախաձեռնությունը մյուս մակարդակի վրա տեղափոխելու համար»,- գտնում է նա:

«Արդյո՞ք հայերը կհայտարարեն, թե ում հետ են նրանք համագործակցել, երբ Օսմանյան կայսրությունը պատերազմում էր համաշխարհային տերությունների դեմ: Արդյո՞ք նրանք պատրաստվում են հրապարակավ հայտարարել, թե քանի հայեր կային այն ժամանակ ֆրանսիական եւ ռուսական բանակներում: Հայերը, ովքեր համագործակցում էին թշնամու հետ իրենց սեփական երկրներում, պարտվեցին այս պատերազմում: Դա է այն իրականությունը, որ մենք այսօր ունենք»,- ընդգծում է Հալաչօղլուն:

«Սա մեր նախնիների հասցեին արված ամենամեծ դավաճանությունն է, որ կարող էր լինել»,- հայտարարեց պատմաբան Չեմալեթթին Թաշքիրանը, ում խոսքերով` քարոզարշավը նախաձեռնվել է` վնասելու թուրք ժողովրդի միասնականությանը եւ ուղի հարթելու Թուրքիայի կողմից Ցեղասպանության հայկական պնդումները վերջնականապես ճանաչելու համար:

«Թուրք գիտնականները եւ գրողները իրենց ենթարկում են դաժան պետական խարազանի արժանանալու վտանգին` հրապարակային ներողություն խնդրելով Առաջին համաշխարհային պատերազմում օսմանյան զորքերի կողմից հայերի ապրած ցեղասպանության համար,- գրում է ավստրալիական The Age-ը:- Կոտրելով թուրք հասարակության ամենամեծ տաբուներից մեկը` ներողությունը ներկայացվում է բաց նամակով, որը հրավիրում է թուրքերին ստորագրել էլեկտրոնային խնդրագիրը` աջակցելով դրա բովանդակությանը»:

«Խնդրագրի արձագանքները… եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան քաջ պետք է մեկը լինի` իր այլախոհ կարծիքները Թուրքիայում հրապարակավ հայտարարելու համար, հատկապես եթե այդ կարծիքները հակասում են պաշտոնական գաղափարախոսությանը»,- գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Հայաստան այցելած թուրք լրագրող Օսման Քյոքերը Հետքի հետ զրույցում հաստատեց, որ այս նախաձեռնությունը խիստ քննադատության է ենթարկվում Թուրքիայում` հատկապես ազգայնամոլական շրջանակների կողմից: Ճիշտ է, նախաձեռնության համար դեռեւս քրեական գործ չի հարուցվել: «Սա ներողություն խնդրելու փորձ է, բայց նրանք ներողություն են խնդրում ոչ իրենց արածի համար, կարեւորում եմ այս ակցիան եւ ես էլ առաջին ստորագրողներից եմ»,- նշել է նա:

«Մենք ներողություն ենք խնդրում, որ այդքան երկար ժամանակ` մոտ հարյուր տարի, չենք կարողացել այս հարցը բաց քննարկել,- հայտնել է նախաձեռնողներից Չենգիզ Աքթարը թուրքական Vatan օրաթերթին:- Այսօր Թուրքիայում շատերը, ովքեր ունեն լավ մտադրություններ, կարծում են, որ ոչինչ չի պատահել հայերի հետ… Պաշտոնական պատմությունն ասում է, որ դեպքերը պատահել են երկրորդական, ոչ այնքան կարեւոր եւ նույնիսկ փոխադարձ կոտորածների միջոցով… Ցավոք, փաստերը լրիվ ուրիշ բան են ասում»:

Քարոզարշավի կազմակերպիչները հայտարարել են, որ նրանք նախ ստորագրություններ կհավաքեն մտավորականներից, այնուհետեւ կբացեն ապահով կայքէջ` ստորագրություններ հավաքելու համար: Ի դեպ, հայտնի Facebook կայքէջում արդեն իսկ ստեղծվել են մի քանի խմբեր, եւ բուռն քննարկումներ են սկսվել հարցի շուրջ:
Իսկ մինչ այդ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին բաց նամակ են հղել նաեւ 300 հայ մտավորականներ: Նամակում նրանք նշում են, որ թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է հայոց Մեծ Եղեռնի համար, եւ պահանջում են Թուրքիայի նախագահից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել գրող Պերճ Զեյթունցյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, Հայաստանի Հանարային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար Հարություն Հարությունյանը:
«Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը և ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը: Կարծում ենք` սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից և բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը և համարձակ քայլ անել դեպի ապագա: Միայն այս դեպքում կկայանա մեր երկու ժողովուրդների անկեղծ երկխոսությունը եւ ցանկալի իրական հաշտության գործընթացը»,- ընդգծում է նամակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter