HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանի բացում. երկրորդ ռաունդ

Տարօրինակ զուգադիպությամբ արդեն երրորդ սեպտեմբերն է, ինչ քննարկվում է «Կանի՞ Թուրքիան այդ քայլը, թե՞ ոչ» հարցը: Այս անգամ «Կբացի՞, արդյոք, Թուրքիան սահմանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում» հարցին հայկական շրջանակներում, ի տարբերություն ադրբեջանականի ու թուրքականի, ավելի պակաս նշանակություն է տրվում:

Հավանաբար այն պատճառով, որ եթե Թուրքիան նույնիսկ գնա սահմանի ժամանակավոր բացմանը, ապա դա հայ հասարակության վրա կթողնի այն նույն տպավորությունը, ինչ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ կապված պատմությունն է գործում. սա հայ-թուրքական կարգավորման գործընթացի իմիտացիա է, պատրանք, կիսաքայլ:

Որը, ի հակառակ ՆԱՏՕ-ի այս զորավարժությունները Հայաստանում անցկացնելու սցենարի հեղինակների սպասումների, հայ-թուրքական մերձեցման համար անհրաժեշտ քայլի ընկալում չի կարող առաջացնել:

Սահմանի ապաշրջափակման ներկայիս տարբերակի հակառակ պարագան ոչ թե սահմանը չբացելն է, այլ սահմանը մեկընդմիշտ բացելը: Քանի որ դա կնշանակի հայերի նկատմամբ բռնած նախկին դիրքերի արմատական զիջում, ինչպես Սուրբ Խաչին գործող եկեղեցու կարգավիճակ տալը նշանակելու էր այն հանձնել հայ եկեղեցու տնօրինությանը եւ կորցնել իրավիճակը վերահսկելու կարեւոր հնարավորությունը:

Մեկ առանձին վերցված կիսաքայլը կես քայլ է, ինչ տեսանկյունից էլ այն դիտարկես: Սակայն, մեծ ցանկության դեպքում արդեն մի քանի տարբեր կիսաքայլերի (ինչպես թող որ ընդամենը 3, սակայն թուրքական բանակի ներկայացուցիչների առաջին անգամ Հայաստանում անցկացվող զորավարժություններին մասնակցելն է, ինչպես հայ-թուրքական սահմանի, թող որ ժամանակավոր, սակայն բացման մասին քննարկումներն են, ինչպես Սուրբ Խաչում, թող որ տարին մեկ անգամ, սակայն պատարագի մատուցման արարողությունն է) ընդհանուր տպավորությունը ծառայելու է անհրաժեշտ համոզմունքների ձեւավորմանը: Մանավանդ, երբ խոսքը պահին հարիր քաղաքական դիսկուրսի, քարոզչական ու դիվանագիտական գործիքավորումների մասին է:

Ճիշտ նույն ժամանակ, երբ թուրքական եւ հատկապես ադրբեջանական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էին սահմանի թեկուզեւ ժամանակավոր բացման քաղաքական հետեւանքները, Թուրքիայի փոխարտգործնախարար Սինիրլիօղլուն ԱՄՆ-ում ֆորմալ առումով նախապատրաստում էր Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի` ՄԱԿ-ի հերթական նստաշրջանին (սեպտեմբերի 9) մասնակցության հարցերը, իսկ իրականում «շտկում էր» թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին ժամանակաշրջանում առաջացած հակասությունները:

Սա հուլիս-օգոստոսյան բավական ակտիվ «լուռ դիվանագիտության» առանցքներից մեկն է, որը բավական հաջող շղարշվեց ավելի ցուցադրական իրադարձություններով: Իհարկե, հայ-թուրքական սահմանի թեկուզեւ ժամանակավոր ապաշրջափակման վերբալ համատեքստը Թուրքիայի համար էական է բացառապես թուրք-ամերիկյան հարաբերությունների առումով: Պատահական չէ, որ այս մասին առաջին տեղեկատվությունը մեջտեղ բերեցին թուրքական աղբյուրները` այդպիսով առիթ դառնալով բազմաբովանդակ մեկնաբանությունների, հերքում-հաստատումների համար:

Գլխավորը, կարելի է ասել, հարթ տեղում, առանց դրա համար հայ-թուրքական գործընթացում շրջադարձային փոփոխության, սահմանի բացման նյարդային թեման վերակենդանացնելն է: Այն, որ կբացվի-չի բացվի հարցին բեւեռային պատասխաններ էին տալիս ոչ թե տարբեր, այլ նույնիսկ միեւնույն թուրք գործիչները մեկ ամսից էլ ավելի պակաս ժամանակաընթացքում, պայմանավորված էր ոչ այնքան Ադրբեջանի հանգամանքով (ինչպես ընդունված է բացատրել), այլ տեղեկատվական հետաքրքրությունը սրա վրա հնարավորինս երկար սեւեռելու, ինտրիգը երկարաձգելու խնդրով: Սակայն, հայ-թուրքական սահմանը, մեծ հաշվով, ունի միեւնույն խորհուրդը հայկական եւ ադրբեջանա-թուրքական կողմերի համար:

Փակ սահմանը նախեւառաջ ղարաբաղյան հարցում թուրք-ադրբեջանական համերաշխության, բազմակողմանի, այդ թվում նաեւ` ռազմաքաղաքական համագործակցության 17-ամյա մարմնացումն է, հաստատումն այն իրողության, որ ադրբեջանական զինուժը, առհասարակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ողջ ներուժը գործնականում հանդես է գալիս որպես թուրքական բանակի արեւելյան բաղադրիչ: Սահմանի բացման-չբացման հարցը սինխրոնացվեց թուրք-ադրբեջանական (օգոստոսի 16) եւ հայ-ռուսական (օգոստոսի 19) ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին արդեն գոյություն ունեցող համաձայնագրերի վերահաստատման եւ երկարաձգման փաստերի հետ:

Այն դեպքում, երբ այդ փաստաթղթերի վերաստորագրման կամ երկարաձգման համար չկային իրավական անհրաժեշտություններ, դրանց գործելու ժամկետներն ավարտված չէին: Մինչեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի ավարտը դեռ 10 տարի կար, նմանապես` չէին սպառվել նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ 1994 թ. ռազմավարական համագործակցության մասին կնքված համաձայնագրի ու դրանից հետո ռազմական համագործակցության մասին կնքված մի քանի այլ փաստաթղթերի` ուժի մեջ լինելու ժամկետները:

Երկու ռազմավարական համագործակցությունների մասին նոր ստորագրությունները, մեծ հաշվով, արմատական փոփոխություն չմտցրին մինչ այդ եղած իրողությունների մեջ, քանի որ ռուսական ռազմական ներկայությունն ինչպես ուներ Հայաստանի անվտանգության համար շոշափելի երաշխիքի նշանակություն, այնպես էլ մնաց այդպիսին:

Եվ թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական համագործակցությունն ինչպես ընթանում էր համաձայն նախորդ տարիների ընթացքում կնքված մի շարք փաստաթղթերի, շարունակելու է այդպես զարգանալ: Վստահ ենք, որ եթե թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մեջ այս վերջին փաստաթղթով կատարվեր արմատական փոփոխություն, ապա բավական հեշտ կլիներ գտնել փաստաթղթի ամբողջական բովանդակությունը հանրության համար հասանելի աղբյուրներում: Իսկ այսպես հանդիպում ես միայն հիմնականում ադրբեջանցի մեկնաբանների գնահատականներին, որոնք ուշադրություն են հրավիրում թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական փոխօգնության մասին դրույթի առկայության վրա:

Մոտավորապես այնպես, ինչպես բուռն քննարկվում էին «Կընդունի՞, արդյոք, Գյուլը ՀՀ նախագահի Երեւան ժամանելու հրավերը» (2008 թ. սեպտեմբեր), «Կգնա՞, արդյոք, Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում» (2009 թ. սեպտեմբեր) հարցերը, Ադրբեջանում այժմ բավական ցավոտ են ընկալում հայ-թուրքական սահմանի թեկուզ ժամանակավոր բացման մասին տեղեկությունները:

Սակայն, փորձը ցույց է տալիս, որ նյարդային փուլերին հաջորդում են նաեւ թուրք-ադրբեջանական բարեկամությունը հաստատող քայլերն ու հայտարարությունները, որոնք արագ մոռացնել են տալիս նույնիսկ ամենատհաճ միջադեպերի մասին հիշողությունները: Ինչպես եղավ Բաքվի Շեհիդների պուրակում թուրքական պետական դրոշներն այրելու փաստերի հետ:

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից հանրությունը տեղեկացավ, որ այս սեպտեմբերին ՆԱՏՕ-ի Անհատական գոծընկերության ծրագրի շրջանակներում ադրբեջանական զինուժը մասնակցելու է միանգամից երեք զորավարժությունների. սեպտեմբերի 3-16-ը` Գերմանիայում (Combined Endeavor-2010), 5-17-ը` Ուկրաինայում (Rapid Trident-2010), 8-22-ը` Չեռնոգորիայում (Medceur-2010): Որպես կանոն նրանք դա անում են թուրքական զինուժի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter