HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է պատասխանատու 27-ամյա կնոջ մահվան համար

Այս տարվա հունիսի 7-ին Աշտարակի հիվանդանոցում մահացել է Օշական գյուղի բնակչուհի 27-ամյա Մարինե Ներսիսյանը: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ մարզում: Այդ դեպքից հետո հղիները խուսափում են Աշտարակի ծննդատուն գնալ եւ, օգտվելով անվճար ծննդաբերության իրենց իրավունքից, նախընտրում են ծննդաբերել Երեւանի հիվանդանոցներում:

Մարինեն 3 ամսական հղի էր: Նա ժամանակին հաճախել է կոնսուլտացիաների, հերթական ստուգումն անցել է մայիսի 11-ին Աշտարակում, հղիությունը զարգացել է բնականոն ընթացքով: Հունիսի 5-ին նրա մոտ արյունահոսություն է սկսվել, եւ հաջորդ օրն առավոտյան Մարինեն քրոջ` Գայանեի հետ գնացել է Աշտարակի հիվանդանոց: Ստուգող բժշկուհին` Ռիմա Կիզակյանը, ասել է, թե պտուղը չի աճում, եւ 2000 դրամ վերցնելով` նրան ուղեգրել է Երեւան, որպեսզի սարքավորումներով ստուգվի: Հանրապետական հիվանդանոցում բժշկի սենյակ մտել են Մարինեն ու Գայանեն, իսկ նրանց մայրը` Հասմիկ Հակոբյանը, սպասել է միջանցքում: «Ստուգելուց հետո Մարինեն լացելով դուրս եկավ հիվանդասենյակից` ասելով, որ պտուղը մահացած է եւ անպայման պետք է այն հեռացնեն: Բժշկուհին առաջարկել էր դա անել իրենց մոտ կամ Աշտարակում, աղջիկս էլ ասեց, որ Հանրապետական հիվանդանոցում ոչ մեկին չի ճանաչում, իսկ Աշտարակում Կիզակյանն իրեն է սպասում, ուզում է այնտեղ հեռացնի»,- «Հետքին» պատմում է Հասմիկ Հակոբյանը: Նույն օրը` հունիսի 6-ին, բուժզննումն անցնելու փաստաթղթային արդյունքներով ներկայացել են Ռիմա Կիզակյանին: «Ցույց տվեցինք «էխո»-ի թուղթը, ասեցինք, որ տեղային թմրեցումով հեռացնեն պտուղը, քանի որ հնարավոր է արյունահոսի: Բժիշկն ասաց, որ չի անի, քանի որ ոչինչ չի պատահի: Հետո ասաց, որ նարկոզի բժիշկը չկա եւ չի կարող անել: Հետո իմացել ենք, որ նարկոզչիկը խմած է եղել, ու Ռիման այդ մասին գիտեր: Մեզ ասեց` դեղատնից «Վիկասոլ» վերցրեք, թող խմի: Ասաց, որ հաջորդ օրը առավոտյան գանք, որպեսզի հղիությունն ընդհատեն»,- ավելացնում է տիկին Հասմիկը: Նրանց տուն ուղղարկելուց առաջ Ռիմա Կիզակյանը զգուշացրել է, որ առավոտյան հիվանդանոց ներկայանան անձնագրով եւ 20 000 դրամով: Բացատրել է, որ 10 000 դրամն իր գումարն է, մյուս կեսը` անզգայացնող բժշկի: Հասմիկի պատմելով` ամբողջ գիշեր Մարինեն արտասվել է այդքան սպասված երեխային լույս աշխարհ չբերելու համար: Առավոտյան սկեսուրը սուրճ է տվել հարսին, Մարինեն էլ համբուրել է 8-ամյա դստերը` Ասյային` խոստանալով շուտ վերադառնալ, ու մոր հետ գնացել են հիվանդանոց: Մինչեւ վիրահատությունը Ռ. Կիզակյանը մոտեցել է Հասմիկին, որպեսզի վերցնի 20.000 դրամը, սակայն Հասմիկը չի տվել` ասելով, որ կվճարի գործողության ավարտից հետո: «Քիչ հետո քույրը` Լալան եկավ նարկոզի բժշկի հետ: Նրան խնդրեցի, որ բալիս իրա երեխու պես նայի, ինքն էլ ասեց, որ ամեն ինչ լավ կլինի»,- հիշում է տիկին Հասմիկը: Երբ Մարինեին պտուղը հեռացնելու համար տարել են համապատասխան սենյակ, մի քանի րոպե անց տիկին Հասմիկը լսել է, թե ինչպես է անզգայացնող բժիշկը բղավել` Լալա, էս ինչ արեցիր: Դրանից հետո նույնիսկ մայրը չի պատկերացրել, որ դստերն այլեւս կենդանի չի տեսնելու: «Ինձ ուղարկեցին, որ անձնագիրը պատճենահանեմ, երբ եկա, արդեն բժիշկները խառնվել էին իրար: Ինձ մտցրին մի սենյակ, ասեցին դուրս չգամ: Անցավ մեկ ժամ, հարցրի, թե ինչու չեն վերջացնում, ասում էին, թե լավ մասնագետներ են կանչել, որ իրենց օգնեն: Մոտ 2 ժամ հետո ասեցին, որ Մարինեն մահացել է»,- պատմում է Հասմիկը: Մարինեի մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է` «անաֆիլակտիկ շոկ ընդհանուր անզգայացումից հետո»: Մարինեն 2 համալսարան է ավարտել (կրթությամբ` բժիշկ), ուսանողական տարիներին մի անգամ անզգայացումով հղիության ընդհատում են կատարել, ամեն ինչ բարեհաջող է անցել: Հարազատները զարմացած են, թե ինչու պետք է Մարինեն դեղից շոկի մեջ ընկներ, երբ նրա մոտ ալերգիկ երեւույթներ չեն նկատվել: Դեպքից անցել է մոտ 3 ամիս, սակայն մինչ օրս ոստիկանությունից որեւէ մեկը հարազատներին չի հարցաքննել: Միայն դեպքի օրը մահացածի տուն է գնացել Մուրադ անունով Աշտարակի օպերլիազորը (ազգանունը չեն հիշում) եւ զրուցել ամուսնու` Սարգսի հետ: Վերջինս հենց տեղում բողոք է գրել: «Երեխաս է մեղք, թե չէ ես իմ ձեւով հարցերը կլուծեի: Իմ տունը բժիշկները քանդեցին, հենց առաջինը Ռիման է արել: Բա բժիշկը փողի համար նման բան կանի՞, երեխեն փորի մեջ մեռած Մարինեին ասել է` գնա տուն 20.000 դրամ վերցրու, հաջորդ օրը արի: էս են մեր բժիշկները, ո՞ւմ բողոքեմ: Մի խեղճ ու կրակ մարդ մեկի հավը գողանա, միլիցեքն այնքան կծեծեն, մինչեւ խոստովանի: Շուտով 3 ամիսը կլրանա, ինչի՞ չեն պատժում, ինչի՞ են մինչեւ հիմա այդ բժիշկներն աշխատում»,- հարցնում է Սարգիսը: Հարազատները Մարինեի մահվան իրական պատճառն իմանալու համար դիակը տեղափոխել են Երեւան, որտեղ էլ կատարվել է դիահերձումը: Դիահերձարանից նույնպես բանավոր ասել են, որ նա շոկի մեջ է ընկել: «Իմ երեխեն բժիշկների մեղքով է ձեռքներիցս գնացել: Գիշերը չեմ քնում, հանգիստ չունեմ, որովհետեւ իմ ձեռքով աղջկաս տարա մահվան բերանը»,- արտասվելով ասում է Հասմիկը: Ինչպես Մարինեի մայրը, այնպես էլ Սարգիսը չեն հավատում դիահերձման պատասխաններին: «Էլի եմ ասում` բժիշկները սպանեցին կնոջս, տարբեր մարդկանց հետ եմ խոսել, ասում են` նարկոզի դեղի դոզան բարձր են արել, դրանից էլ մահացել է»,- նշում է Սարգիսը: Դիահերձման արդյունքները Աշտարակի ոստիկանությունում են` Արմեն Խաչատրյանի մոտ: Հենց նա էլ Սարգիսին պատմել է արդյունքների մասին: Թե ինչու՞ դա ընտանիքի անդամներին չեն տալիս` անհայտ է: Սակայն ոստիկանությունից տեղեկացրին, որ մինչ օրս իրենք դատաբժշկի եզրակացությունը չեն ստացել: «Այդ դեպքում ինչպե՞ս է քննիչը դատաբժշկական եզրակացությունից որոշ տվյալներ հաղորդել մահացածի ամուսնուն» հարցին ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանն ասաց, որ ինքը չգիտի, թե քննիչն ինչ արդյունքների մասին է խոսել: Նաեւ չկարողացավ պատասխանել, թե ինչու է դատաբժշկական փորձաքննությունը ձգվում արդեն 3 ամիս. «Ի՞նչ իմանամ»: Հարազատները հոգեկան ծանր ապրումների մեջ են հայտնվել, երբ իմացել են, որ Մարինեի ինչպես կողքի, այնպես էլ կրծքավանդակի ոսկորները կոտրված են եղել: Դա իմացել են հետո, իսկ թաղման ժամանակ ստիպված Մարինեի պարանոցին շոր են կապել, որ կապտուկները չերեւան: Հիվանդանոցում իրարամերժ պատասխաններով փորձում են խճճել պատմությունը Հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը չէր սպասում մեզ: Մոտ 10 րոպե փորձում էր համոզել, որ հոդված չգրենք, քանի որ «վնասելու ենք բժշկական հաստատությանը»: «Այս պահին գտնում եմ, որ մեր բժիշկները մեղավորություն չեն ունեցել: Այդ դեպքն ազդել է մեր գործունեության վրա, ժողովուրդը մեկը մյուսի միջոցով տարածել է, ու հիմա ծննդաբերողների թիվը նվազել է: Դեպքը 2 ամիս առաջ է տեղի ունեցել, ի՞նչ իմաստ կա նորից վերհանեք: Փաստի առիթով արդեն ուշացել եք: Դեպը կա, բայց բերեք ժողովրդի մոտ կրքերը նորից չբորբոքենք: Դատաբժշկական փորձաքննությունն ավարտված է, տեղի է ունեցել ակնթարթային մահ անաֆիլակտիկ շոկի հետեւանքով: Հարազատները հավանաբար գտնում են, որ հիվանդանոցը եւ մեր բժիշկները որոշակի մեղք ունեն: Դա իրենց խնդիրն է, այդ հարցով իրավապահ մարմինները զբաղվում են, վերջնական գնահատականը կտան նրանք: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցված»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: Մինչդեռ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ առայժմ հարուցված չէ. «Նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն: Նյութեր են պատրաստվում, հետագայում պարզ կլինի` դրանց հիման վրա գործ հարուցվելու՞ է, թե՞ ոչ»: Ա. Հովհաննիսյանը չէր ցանկանում իր աշխատասենյակ հրավիրել բժշկուհի Ռիմա Կիզակյանին: «Բոլոր հարցերին ես կպատասխանեմ, կարիք չկա բժշկին կանչել»,- պնդում էր տնօրենը: Սակայն «բանակցություններից» հետո խոսակցությանը հրավիրեց նաեւ բժշկուհուն: Ռիմա Կիզակյանը չափազանց հուզված էր: Նա դեպքի ու դրա նախորդ օրվա մասին պատմեց իր տեսանկյունից, ինչը որոշ դրվագներով չէր համապատասխանում Հասմիկ Հակոբյանի պատմածներին: «Հիվանդն ասաց, որ մեկ օր առաջ արյունահոսություն է ունեցել, նայեցի ու ասեցի, որ պտուղը չի աճում: Հունիսի 6-ն էր, եկան, ստուգեցի եւ խորհուրդ տվեցի գնալ Երեւան` մասնագիտացված «էխո»-ով ստուգվելու: Երեկոյան ժամը 7-8-ին եկան, պատասխանը բերել էին` չաճող հղիություն: Ասեցի, որ պիտի պառկի, առավոտյան անալիզներ արվեն, քանի որ արյունահոսության վտանգ կա: Ասեցի, որ հերթապահ եմ, եթե արյունահոսություն լինի, կարող են գալ, եթե չէ` ուրեմն առավոտյան»,- պատմում է Ռ. Կիզակյանը: «Հիվանդը պահանջել է տեղային անզգայացումով հենց կիրակի ընդհատել հղիությունը, ինչու՞ չեք արել» հարցին ի պատասխան` բժշկուհին ասաց. «Իրենք ասել են` նարկոզով ենք ուզում, տեղային անզգայացման մասին խոսք չի եղել: Առավոտյան 9.20 եկան: Անհրաժեշտ անալիզներն արվեցին, ու հրավիրվեց անեսթեզիոլոգը: Նախապատրաստական գործողությունն արել են, ես էլ գնացի, որ գործողությունն անեմ, գործիքը դրեցի, տեսա, որ հիվանդը շարժվում է: Ինձ թվաց, թե նա լավ չի քնել, նայեցի հիվանդի գլխավերեւում կանգնած անեսթեզիոլոգին, ինքն էլ ասեց` ոչ մի բան մի արա, վեր կաց: Այդքան բան, հիվանդը վատանում էր, ու ահագին միջոցառումներ են կատարվել: Մնացածի մասին ես տեղյակ չեմ, ոչ մի գործողություն չեմ արել»: Ըստ նրա` կիրակի բժշկական գործողություն չի արվել, որովհետեւ հիվանդին պետք է նախապատրաստեր եւ ձեռքի տակ ունենար արյան մակարդելիության, շաքարի անալիզների պատասխանները: Ռ. Կիզակյանը այդպես էլ չէր ուզում ասել, որ արյունահոսության համար Մարինեին խորհուրդ է տվել դեղ գնել ու տանել տուն: Նրա մատնանշած դեղը տարբերվում է տիկին Հասմիկի ասած դեղից: «Դուք ասացիք, որ արյունահոսության վտանգ կար, ինչո՞ւ հիվանդին ճանապարհեցիք տուն: Բացի դա, դուք դեղ չեք նշանակե՞լ նրան» հարցին էլ հետեւյալ պատասխանը տվեց. «Օֆիցիալ դեղ չեմ նշանակել»: «Իսկ ոչ օֆիցիա՞լ»: «Ոչ օֆիցիալ ասացի` եթե արյունահոսություն ունենաս, «Դիցինոլ» կխմես ու շտապ կգաս, ես հերթապահ եմ: Հիվանդի վիճակը ծանր չէր, չէր արյունահոսում, վատ բան չկար, ոչ մի գանգատ չուներ, առավոտյան էլ իր ոտքով եկել է: Անհապաղ անում են այն ժամանակ, երբ արյունահոսում է»,- ավելացրեց նա: Մինչ Ռ. Կիզակյանի գալը տնօրեն Արթուր Հովհաննիսյանն ասում էր, որ դատաբժշկական եզրակացությունն արդեն պատրաստ է, եւ տեղի է ունեցել ակնթարթային մահ: Իսկ բժշկուհին նշեց, թե առայժմ մահվան հիմնական պատճառը չգիտեն: «Ինչպե՞ս է Մարինեն կողոսկրի եւ կրծքավանդակի կոտրվածքներ ստացել» հարցը զարմացրեց Ռիմա Կիզակյանին: «Շատ կներեք, այդ կոտրվածքների մասին որտեղի՞ց եք իմացել, մենք օֆիցիալ տվյալներ չունենք: Ես չեմ հասկացել, թե երբ է նա մահացել: Ընդամենը ուզել եմ հղիությունը ընդհատեմ, բայց չեմ էլ սկսել»,- ասաց բժշկուհին: Ոսկորների կոտրվածքը Ա. Հովհաննիսյանը բնորոշեց օրինաչափ. «Կլինիկական մահ է արձանագրվել եւ փորձել են վերակենդանացնել, դա ուղղակի ցուցանիշ է, եթե կողոսկրերը կոտրված չլինեն, կարող է գնահատվել, որ անարդյունավետ է սրտի մերսումն արվել: Պետք է մասնագետ լինեք, որ հասկանաք, ինչքան էլ բացատրեմ, չեք հասկանա»: Ստացվում է, որ սրտի խնդիր ունեցող ցանկացած հիվանդ, ում բժշկական օգնություն է ցուցաբերվում, պետք է հիվանդանոցից դուրս գա կոտրվածքներով, հակառակ դեպքում բուժօգնությունը կդիտվի «անարդյունավետ»: Ռիմա Կիզակյանը զարմացավ, որ Մարինեի հարազատներն իրեն են մեղադրում աղջկա մահվան մեջ: «Ես չգիտեմ, թե ինչու են հարազատներն ինձ մեղադրում: Իմ կարծիքով` արվել է ամեն ինչ նրան փրկելու համար»: Իսկ այն մեղադրանքին ի պատասխան, թե անզգայացնող բժիշկը հունիսի 6-ին եղել է ոչ սթափ վիճակում եւ նրա պատճառով կիրակի օրը չի ընդհատվել հղիությունը, Ռ. Կիզակյանն ասաց. «Նարկոզի բժիշկը` Հարութը, բացարձակ չի խմում, դա արդեն շատ եղավ, էլի»: «Ի՞նչ եք կարծում, եթե նույնիսկ խմած լիներ, բժշկուհին ասելու՞ էր այդ մասին»,- հակադարձեց տնօրենը:

Հ.Գ. «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը 2009 թ. գրանցվել է 568 ծնունդ, այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվը պակասել է մոտ 10 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter