HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործեր` Սեւանա լճի մաքրման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված  ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված  չարաշահումների  դեպքերի առթիվ: Մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրություններով  պարզվել է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված  ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաեւ այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա` 2006-2008թթ. ընթացքում հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվել «Ուայդ Գեյթ», 2009թ. «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերությունները: Ստուգումների համաձայն՝ «Տրի Գրեն», «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերությունների կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին, այսինքն` տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար 86,5 եւ 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի  կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ: Իսկ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության տնօրենը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին փաստացի հանձնված  անտառանյութի խիտ զանգվածի քանակությունը ներկայացված կատարողական  ակտերի տվյալներին չհամադրելով, հաստատել է «Տրի Գրեն» ՍՊ ընկերության կողմից Նորատուսի եւ Սեւանի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերության կողմից Մարտունու, Վարդենիսի տեղամասերում պայմանագրով  նախատեսված աշխատանքների  կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր  ամիսների կատարողական ակտերը: «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերությունը չի մաքրել ջրածածկ անտառատնկարկների շուրջ 35 հա տարածք եւ տեխնիկակական բնութագրի չափորոշիչներից պակաս է կատարել 795,7 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետն առանց առարկայական եւ փաստաթղթային համադրություններ կատարելու, հաստատել է պայմանագրերով ամրագրված աշխատանքների կատարման վերաբերյալ կազմված կեղծ կատարողական ակտերը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման  վարչության պետն էլ, առանց պատշաճ հսկողություն իրականացնելու եւ կատարողական ակտերի իսկությունը  ստուգելու, հաստատել է 2006թ. հուլիս, հոկտեմբեր, դեկտեմբեր, 2007 թ. սեպտեմբեր հոկտեմբեր, դեկտեմբեր եւ 2008թ. հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսների  եզրակացություններն այն մասին, որ «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերությունը կատարել է պայմանագրերով նախատեսված աշխատանքները: Արդյունքում՝ կազմված հանձնման-ընդունման  արձանագրություններով աշխատանքներն  ընդունվել են ՀՀ բնապահպանության  նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ եւ 315-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերն ուղարկվել են  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter