HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Դատարանները չեն վայելում բնակչության բավարար վստահությունը»

Հարցազրույց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու Գեորգի Կուտոյանի հետ

- Հայաստանում մարդու ո՞ր իրավունքներն է այսօր համեմատաբար հեշտ պաշտպանել եւ հակառակը` հատկապես դժվար: 

- Չէի ցանկանա առանձնացնել դժվար եւ հեշտ պաշտպանվող իրավունքներ, միայն այն պատճառով, որ որոշակի իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ ավելի շատ ենք ստանում, քան այլ իրավունքների խախտումների առնչությամբ:

Եթե դիտարկենք ըստ քաղաքացիների 2007թ. բողոքների բովանդակության (2008 թվականի զեկույցը կհրապարակվի 2009 թ. մարտին), ապա առավել շատ դիմումներ ուղղված են եղել դատարանների (149), ոստիկանության (147), դատախազության (111) դեմ: Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր աշխատանքային փորձը եւ տարեկան զեկույցների հաշվետվությունները, գրեթե չկան այնպիսի իրավունքներ, որոնց խախտման առնչությամբ բողոքներ արձանագրված չլինեն: 

- Տարեկան քանի՞ բողոք - դիմում եք ստանում քաղաքացիներից: Կա՞, արդյոք, մարզային եւ քաղաքային բնակիչների միջեւ տարբերություն քաղաքացիական ակտիվության տեսանկյունից: 

- Դիմումների քանակը մոտավորապես պահպանվում է տարեկան 2500- 3000-ի սահմաններում: Դրանք հիմնականում Երեւանից են: Օրինակ` 2007թ. պաշտպանին դիմողների 65 տոկոսը եղել է Երեւանից, իսկ Վայոց Ձորից, Արմավիրից եւ Արագածոտնի մարզերից, Տավուշից ստացված դիմումները կազմել են 1-2 տոկոս: Այն, որ Երեւանից դիմումներն ավելի շատ են, չի նշանակում, որ մարզերում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Կարծում եմ` պատճառն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի գրասենյակներ մարզերում, թեպետ մենք փոստով էլ ենք դիմումներ ընդունում: Ասեմ նաեւ, որ փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ բանավոր դիմում- բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում է գրավոր բողոք ներկայացնել, ինչպես նաեւ նշել իր անունը, ազգանունը, հասցեն` պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է բացասաբար անդրադառնալ իր վրա: 

- Մարդիկ վստահո՞ւմ են իրավապաշտպան համակարգերին (դատարան, հանրային պաշտպան, ՀԿ-ներ) կամ վստա՞հ են, որ նրանց նկատմամբ կկիրառվի իրավունքի պաշտպանության կամ պատասխանատվության կիրառման արդար ընթացակարգ: 


- 2007 թվականի զեկույցում զետեղված են 1053 պատահական քաղաքացիների շրջանում «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի կողմից անցկացված եւ Ձեր կողմից բարձրացված խնդրին վերաբերող մի հարցման արդյունքները: Այն հարցին` ո՞ւմ եւ ի՞նչ կազմակերպության կդիմեք, եթե ոտնահարվեն ձեր քաղաքացիական իրավունքները, հարցվածների մեծամասնությունը` 27 տոկոս, պատասխանել է, որ ոչ ոքի չի դիմի: Այս արդյունքից պարզ է, որ հարցվածների մեծամասնությունն ընդհանրապես չի հավատում որեւէ իրավապաշտպան կառույցի: 16.2 տոկոսը նշել է Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը: Հարցվածների 15.3 տոկոսը նշել է, որ իրավունքի վերականգնման համար կդիմի հանցագործ աշխարհի` իրեն ծանոթ հեղինակության միջնորդությանը: Հետո արդեն հիշել են իրավապաշտպան մարմիններին` ոստիկանություն, դատարան, դատախազություն, ԶԼՄ-ներ, կառավարություն` նախագահ, վարչապետ, պատգամավորներ եւ այլն: Իմ տպավորությամբ` վստահությունը, որ մարդկանց իրավունքները պատշաճ կերպով կպաշտպանվեն հանրային իշխանության մարմինների կամ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից, ցածր մակարդակում է: 

- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին զուգորդող հանգամանքները այլ շա՞տ առանձնահատուկ են այլ երկրների պաշտպաններից:

- Դժվար է հավատալ, որ ժողովրդավարական երկրներում Մարդու իրավունքների պաշտպանի հայտնաբերած խախտման վրա ուշադրություն չեն դարձնի, իսկ մեր երկրում նման դեպքեր հնարավոր են: Կան դեպքեր, երբ պաշտպանի միջամտությունից հետո էլ լինում են նույնատիպ խախտումներ, որոնց մասին նախկինում պաշտպանն արդեն հայտնել է իր դիտողությունը: 

- Ո՞ր ոլորտներն են, որոնք պաշտպանի համար մատչելի չեն միջնորդության համար, կամ որտեղ պաշտպանի միջամտությունը սահմանափակված է եւ ոչ արդյունավետ: 


- Օրենքով սահմանափակված են պաշտպանի միջամտության հնարավորությունները դատական գործընթացներին: Բայց եւ այնպես, մենք բազմաթիվ դիմումներ ենք ստանում` ուղղված, օրինակ, դատարանների կողմից արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ: Շատ դեպքերում դիմումատուները խնդրում են պաշտպանին հսկողության տակ վերցնել դատական գործընթացները, մինչդեռ պաշտպանն այդ իրավասությունը չունի: 

- Ի՞նչ խախտումներ են սովորաբար մարդիկ նշում իրավապահ եւ արդարադատության համակարգերի վերաբերյալ: 

- Իրավապահ մարմինների դեմ ուղղված բողոքները հիմնականում եղել են անձին ոստիկանություն անհիմն բերման ենթարկելու եւ ապօրինի պահման, տեղեկացված հանցագործության մասին քրեական գործ չհարուցելու, հարուցված քրեական գործերով հանցագործության բացահայտման ուղղությամբ ակտիվ գործողություներ չձեռնարկելու ու/կամ որպես մեղադրյալ ներգրավված լինելու դեպքում` բռնության եւ սպառնալիքի ազդեցությամբ ցուցմունքներ կորզելու հարցերով եւ այլն: Զգալի թիվ են կազմում քրեական գործերի քննության ընթացքում թույլ տրված խախտումներին վերաբերող բողոքները:

Դրանք, մասնավորապես, վերաբերում են կասկածյալներին, մեղադրյալներին նրանց իրավունքների մասին չծանուցելուն, գործի հանգամանքների հետազոտման համար բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չիրականացնելուն եւ այլն: Զգալի թիվ են կազմում նաեւ հոգեբանական ճնշման ազդեցության տակ անձանց հարցաքննելու մասին բողոքները: Դատարանների դեմ ուղղված դժգոհությունները հիմնականում վճիռների, դատավճիռների եւ որոշումների առթիվ են: Թեեւ բնական կարելի է համարել, որ դատապարտյալը դժգոհում է մեղադրական դատավճռից, սակայն, բողոքների քանակը եւ բովանդակությունը վկայում են, որ բնակչության վստահությունը դատարանների նկատմամբ բավարար չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter