HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավթը և գազը քաղաքական տարբեր նշանակություն ունեն

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) սեպտեմբերի 3-ին հրապարակած զեկույցը` «Ադրբեջան. խոցելի կայունություն», տպավորություն է ստեղծում, թե արեւմտյան կազմակերպություններն այսուհետ «ամբողջ ուժով» զբաղվելու են  Ադրբեջանում ներքաղաքական գործընթացների սլաքը ժողովրդավարության կողմը շրջելու խնդրով:

Մի բան, ինչի պակասից միշտ դժգոհել են ադրբեջանցի իրավապաշտպանները` ընդգծելով, որ իրենց երկրում գնալով խորացող բռնապետության համար պատասխանատու են ոչ միայն իրենց իշխանությունները, այլեւ դրան մատների արանքով նայող միջազգային հանրությունը:

Դեռ երկու տարի առաջ ադրբեջանցի իրավապաշտպան Է. Զեյնալովը մեզ հետ հարցազրույցում պատկերավոր նկարագրեց Ադրբեջանի ժողովրդավարացման նկատմամբ երկստանդարտ վերաբերմունքի պատճառները.«Ադրբեջանի հետ հարաբերություններում միջազգային ուժերին առաջին հերթին հետաքրքրում է նավթը, երկրորդ հերթին` նավթը, երրորդին` դարձյալ նավթը»:

Հետաքրքիր է, որ զեկույցը տարածվեց այն բանից հետո, երբ Բաքվում սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրվեց արձանագրություն, որով Ռուսաստանին վաճառվող ադրբեջանական գազի ծավալները մեծանում են քառակի անգամ, ընդ որում` ԱՊՀ տարածքում գնվող ամենաբարձր սակագներով (245 դոլար): Դ. Մեդվեդեւի ու Ի. Ալիեւի համատեղ ասուլիսից պարզ հասկացվում է, որ «սա դեռ ամենը չէ»,  համագործակցությունը լինելու է երկարատեւ` վկայելով, որ հիմա էլ հաստատվում է «գազային դարաշրջանը»` պարզ արտահայտվող ռուսական աշխարհաքաղաքական հրամայականներով: Էներգակիրները դեռ 90-ականների կեսերից են դադարել պարզապես էներգիայի աղբյուրներ լինել:

Դրանց տիրապետելու հնարավորությունն իր հերթին անսահմանափակ հորիզոններ է բացում այսպես կոչված «հակաքայլերի ու ճնշումների քաղաքականության համար»:

Այնպես է ստացվել, որ եթե մինչեւ վերջերս ադրբեջանական նավթը խորհրդանշում  էր նախկին խորհրդային տարածաշրջաններից Ռուսաստանին դուրս մղելու աշխարհաքաղաքականությունը (արեւմտյան ներկայությունը Հարավային Կովկասում), ապա հիմա ադրբեջանական գազը դառնում է ռուսական աշխարհաքաղաքականության «վերադարձի» խորհրդանիշը տարածաշրջանում:

Թե ոնց պատահեց, որ, ինչպես ՄՃԽ-ն է վերջին զեկույցում նշում, այսօր Ի. Ալիեւին հաջողվել է երկրի ներքին կյանքի բոլոր ուղղություններում հաստատել այնպիսի վերահսկողություն, ինչպիսին չի ունեցել անգամ նրա հայրը, նույն ինքը` Հ. Ալիեւը, արդեն պատասխանել է նույն այդ կազմակերպությունն իր նախորդ զեկույցներից մեկում: Ի դեպ, ՄՃԽ-ն միջազգային այն կազմակերպություններից է, որի զեկույցներում առկա տարբեր իրավիճակների նկարագությունները տարբեր տարածաշրջանների ու երկրների վերաբերյալ հազվադեպ են վրիպում միջազգային ճարտարապետությամբ պրակտիկորեն զբաղվող ուժերի ու գործիչների ուշադրութունից, իսկ առաջարկվող լուծումները փոքր-ինչ մոդիֆիկացված տարբերակներով ընդգրկվում են այս կամ այն երկրների մասին որոշումների, բանաձեւերի հիմքում:

«Ադրբեջանի միջազգային գործընկերները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ԵՄ-ն եւ ԵՄ անդամ-պետությունները, անցյալում համակերպվում էին ընտրակեղծիքների հետ` հուսալով, որ սկզբում Ալիեւ ավագի, հետո նաեւ նրա որդու ռեժիմը կպահպանի երկրում կայունությունը, կպայքարի ահաբեկչության դեմ, կերաշխավորի նավթի կայուն մատակարարում»,- նշված է Ադրբեջանում 2005 թ. խորհրդարանական ընրություններից հետո ՄՃԽ-ի ներկայացրած զեկույցում («2005 թ. ընտրություններն Արբեջանում. բաց թողնված հնարավորություն», 2005 թ. նոյեմբեր):

Այս նոր փաստաթուղթը հրապարակվեց ինքնին հետաքրքիր պահի, նույնիսկ եթե հաշվի չառնենք առաջիկայում (2010-ի նոյեմբեր) Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հանգամանքը: Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կարեւորագույն ներքաղաքական, ներհասարակական գրեթե բոլոր բնագավառներում տիրող անհուսալի իրավիճակին բավական խիստ ոճով տրված գնահատականները դժվար թե հնարավոր լինի շտկել ընտրությունների ժամանակ, մանավանդ, որ նույն այդ զեկույցում ՄՃԽ-ն նշում է. «Միջազգային հանրությունը քիչ լծակներ ունի Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար, բայց այն պետք է ավելին անի իշխանություններին համոզելու համար, որ հենց իրենց շահերից է ելնում երկրի աստիճանական լիբերալացումն ու ազատականացումը»:

Ո՞րն է լինելու Ադրբեջանի իշխանությունների շահը` գնալու երկրի աստիճանական ազատականացմանը, երբ թվում է, թե ոչինչ այլեւս չի կարող դրդել Ի. Ալիեւին փոխելու իր իշխանության համար բավական շահավետ ներքին եւ արտաքին պայմանները:

Պարզվում է` կան միանգամից երկու գրգռիչներ: Առաջին (ինչպես ընդգծվում է փաստաթղթում)` անցել է այլեւս Ադրբեջանի նավթարդյունահանման առավելագույն ծավալների ժամանակը. ՀՆԱ-ում նավթի կազմած հասույթի առավելագույն մասնաբաժինը (35,3 տոկոս) գրանցվել է 2006 թ., այս տարի այդ ցուցանիշը կնվազի մինչեւ 3 տոկոս, իսկ 2011-ին կհասնի 0,6 տոկոսի:

Եվ ուրեմն, եթե մարվում է այն հաղթաթուղթը (սպառվում է նավթը), որի պատճառով մինչ այժմ միջազգային կազմակերպությունները բավարարվում էին Ադրբեջանում սոցիալական ու իրավական արդարության բացակայության, մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ոտնահարումների բազմաթիվ փաստերի արձանագրումներով ու ոչինչ չպարտադրող հայտարարությունների տարածմամբ, ապա մոտ ապագայում գալու է նաեւ պատժամիջոցների փուլը:

ՄՃԽ-ի գնահատմամբ` իշխանությունների դեպի ազատականացում գնալու շահը հենց սա է` միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում պահել իրավիճակը վերահսկելու հնարավորությունը: Երկրորդ, եւ թվում է` Ադրբեջանի համար ավելի կարեւոր պատճառը, ըստ ՄՃԽ-ի, այն պետք է լինի, որ երկրի ազատականացումը միջազգային հանրությանն ավելի ընկալունակ կդարձնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի դիրքորոշումների նկատմամբ:

Զարմացնում է հանգամանքը, որ այժմ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանավեճում դիրքորոշումների ու պնդումների արդարացի լինելը անմիջականորեն կապվում է երկրում ժողովրդավարության աստիճանի հետ: Իբրեւ թե Միջազգային ճգնաժամային խմբի անդամները չգիտեն, որ դա այդպես չէ, որ այս կամ այն երկրի անկախության (չ)ճանաչումները բացարձակ կապ չունեն երկրի ժողովրդավարության հետ:

Կամ էլ, կարծես նրանք ծանոթ չեն երկու տարի առաջ Ադրբեջանում նախագահական ընտրությունների գրեթե նախօրեին ընդունված ԵԽԽՎ այն բանաձեւին, որտեղ արձանագրված է ճիշտ հակառակ պնդումը (այն, որ Ադրբեջանում ժողովրդավարական զարգացման հնարավորությունները էականորեն թույլ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծվածության պատճառով, 1614 բանաձեւ, 2008 թ.): Այն մասին, թե իրականում  ինչպես գնահատվեց այս դրույթը ադրբեջանցի բոլոր այն վերլուծաբանների, իրավապաշտպանների ու այլ մասնագետների կողմից (զարմանքից մինչեւ խիստ քննադատություն), որոնց հետ առիթ ենք ունեցել այս առումով հարցախույզ անցկացնել, արդեն գրել ենք («Զգուշացեք, դռները փակվում են»):

Ուստի վստահ ենք, որ ղարաբաղյան հարցով Ադրբեջանի իշխանություններին դեպի ժողովրդավարություն ուղղորդելու ՄՃԽ-ի այս երկրորդ միջոցն ավելի պակաս նշանակություն ունի առհասարակ: ՄՃԽ-ի զեկույցը, ըստ էության, կարող էր եւ հրապարակվել նոյեմբերին կայանալիք, սակայն հիմա արդեն անսխալորեն կանխատեսելի ընտրություններից հետո:  Ադրբեջանի ընդդիմադիր երկու շոշափելի ուժերի («Մուսավաթ» կուսակցության - Իսա Գամբար եւ Ադրբեջանի Ազգային Ճակատի - Ալի Քերիմլի) վերջերս տեղի ունեցած միավորման հանգամանքը դժվար թե արմատապես ազդի ընտրությունների արդյունքների վրա:

Միեւնույն է, խորհրդարանական ընտրություններում դարձյալ մեծամասնություն է կազմելու իշխանական «Նոր Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցությունը, քանի որ, ինչպես հիմա է նկարագրում ՄՃԽ-ն իր զեկույցում, Ադրբեջանի ներքաղաքական կյանքն ընթանում է ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների տիրույթում, այլ ներիշխանական հազվադեպ խժդժությունների համատեքստում, որից հասարակությունն իր ամբողջության մեջ նույնիսկ գլուխ էլ չի հանում:

Դատելով ՄՃԽ-ի առաջարկություններից` ուղղված միջազգային հանրությանը (փաստաթղթում թվարկվում են ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն եւ կա «արտասահմանյան առանձին պետություններ» արտահայտությունը), այսուհետ նրանք Ադրբեջանի հետ բազմակողմանի եւ երկկողմանի հարաբերություններում պետք է ղեկավարվեն մարդու իրավունքների խնդիրներով, իսկ որպես գործուն միջոց պետք է կիրառվի Ադրբեջանի նկատմամբ պարտավորությունների վերանայումը եւ աղմկարար հայտարարությունները:

Ավելի հետեւողական պետք է լինել Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած որոշումների իրականացման հարցում:  Ավելի ուշադիր պետք է հետեւել Ադրբեջանում առաջիկա ընտրություններին: Արեւմտյան մի շարք վերլուծաբանների պնդմամբ` ոչ ժողովրդավարական իշխանությունները ձգտում են կոոպերացվել Ռուսաստանի հետ հիմնականում այն պատճառով, որ ի տարբերություն արեւմտյան պետությունների ու կառույցների` Ռուսաստանը ժողովրդավարության քննաշրջաններ չի կազմակերպում: Սակայն այս ճշմարիտ բացատրությունը  շատ քիչ նշանակություն է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանում որոշում էին կայացնում իրենց գազը «ռուսական աշխարհաքաղաքականության անոթները» լցնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter