HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

«Հորթի համառության» հետեւանքները

Բաքվի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ մտած «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի նախագծի քննարկումներին ու հավանական ընդունմանը դիմակայելու համար պաշտոնական Երեւանը ապավինել է կազմակերպության անդամ երկրների մեծամասնության ողջախոհությանը:

Անցյալ շաբաթ հանրապետության դպրոցներից մեկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ: Իսկ այն երկրները, որոնք ցանկանում են, որ հարցը լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, դեմ կամ գոնե ձեռնպահ են քվեարկելու այս բանաձեւին: Նախագահի սպասելիքներն ակնհայտորեն վկայում են, որ իշխանությունների համար դիվանագիտական հաղթանակ է համարվելու 2008-ին նմանատիպ մեկ այլ նախագծի քվեարկության մոտավոր պատկերի կրկնությունը:

Այն ժամանակ բանաձեւին, որով, ի դեպ, Հայաստանը ճանաչվում էր ագրեսոր, կողմ էր քվեարկել 39 երկիր: 150 երկիր ձեռնպահ էր մնացել, եւ դեմ էր քվեարկել ընդամենը 7 երկիր: Չնայած բանաձեւն ընդունվեց, պաշտոնական Երեւանը հրճվանքով մատնացույց էր անում ձեռնպահ մնացած երկրների թիվը: Նույնը լինելու է հիմա: Սակայն, արդյո՞ք սա բավարար կլինի Հայաստանի համար:

Ակնհայտ է, որ գործնական միակ արդյունքը մնում է այն, թե բանաձեւն ընդունվու՞մ է, թե՞ ոչ: Որովհետեւ բանաձեւի հետագա գործնական կիրառության ժամանակ ոչ ոքի չի հետաքրքրում, թե քանի ձայնով է այն ընդունվել, կամ քանի երկիր է դեմ արտահայտվել: Հետեւաբար այն, ինչ 2008-ին եւ հիմա անում է իշխանական քարոզչամեքենան, ավելին չէ, քան սեփական երկրի հասարակությանը պարզունակ մանիպուլյացիայի ենթարկելը: Իսկ որ նման բանաձեւերն ունեն եւ ունենալու են գործնական կոնկրետ հետեւանքներ կամ արդյունքներ, Ադրբեջանն ապացուցեց ընդամենը 4 ամիս առաջ, երբ ԵԽԽՎ-ն  ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին թիվ 2216 բանաձեւը, որտեղ Հայաստանից, իբրեւ ագրեսիա իրականացրած երկրից, ուղղակի պահանջվում էր զորքերը դուրս բերել ոչ միայն հարակից, այլեւ անգամ ԼՂ տարածքից: Ընդ որում` այդ բանաձեւում ուղղակի հղում էր կատարվում նաեւ 2008 թ. ընդունված «Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին» բանաձին:

Թե այն ժամանակ, թե հիմա Հայաստանի իշխանությունները, մասնավորապես իշխող Հանրապետական կուսակցությունը հանգստացնում էին, թե այդ բանաձեւերը զուտ խորհրդապահական նշանակություն ունեն: ՀՀԿ քարոզչական «ծանր հրետանին» Ռաֆիկ Պետրոսյանը, քաջաբար նույնիսկ վանկարկեց Իլհամ Ալիեւին, թե իբր վերջինս հորթի համառություն է դրսեւորում` շրջանառության մեջ դնելով անիմաստ ու անտեղի բանաձեւեր, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ:

Պետրոսյանի արիասիրտ «մերկացումների» արձագանքները դեռ չէին մարել, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես հայտարարեց, թե սեպտեմբերի վերջին խորհրդատուներից ու փորձագետներից կազմված  փաստահավաք խումբ է ուղարկվելու ԼՂ հարակից շրջաններում  «մարդասիրական իրավիճակը» գնահատելու նպատակով: Այսինքն` կատարվելու է այն, ինչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում հայտնված բանաձեւի նախագծով ուզում է հասնել Ադրբեջանը:

Բաքվի համար էականն անգամ այդ առաքելության կողմից ներկայացվելիք մոնիթորինգի արդյունքները չեն, այլ ինքնին այդ տարածքներ փաստահավաք խումբ գործուղելը: Մի կողմից դա շեշտում է այդ տարածքների անվերապահ պատկանելությունն Ադրբեջանին, Հայաստանի կողմից այդ տարածքների օկուպացումը, մյուս կողմից, որ ավելի էական է, ողջ բանակցային փաթեթից շատ հմտորեն առանձնացվում ու կարեւորվում է Բաքվի համար առանցքային նշանակություն ունեցող փախստականների վերադարձի անհրաժեշտության եւ դրա համար նպաստավոր պայմանների ստեղծման խնդիրը: Բաքվի համար բացարձակապես որեւէ նշանակություն չունի` այդ խնդիրը լուծվում է ՄԱԿ-ի՞, թե՞ ԵԱՀԿ-ի կողմից:

Վերջինը ավելի ձեռնտու տարբերակ է, որովհետեւ գործընթացը տեղի է ունենում այն կազմակերպության շրջանակներում, որը ստանձնել է հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս իմաստով Ադրբեջանը անգամ ներկայիս բանաձեւը ՄԱԿ-ի ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ մտցնելու անհրաժեշտություն չունի, քանի որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն երաշխավորել են փաստահավաք առաքելության իրականացումն այս ամսվա ընթացքում:

Նման քայլի չդիմելով` Բաքուն տակտիկական հաղթանակ կարող է տանել ՄԽ համանախագահների նկատմամբ, որոնք իրենց դեմքը փրկելու նկատառումներից ելնելով` չէին ցանկանա, որպեսզի ԼՂ խնդիրը որեւէ կտրվածքով քննարկման առարկա դառնար միջազգային որեւէ այլ կառույցում: Այդպիսով Ադրբեջանի իշխանությունը ձեռք է բերում շատ կարեւոր հաղթաթուղթ` ՄԱԿ-ում նմանատիպ բանաձեւերի ներկայացումը որպես շանտաժ օգտագործել` հասնելու հեռահար նպատակներ հետապնդող շատ էական մարտավարական հաղթանակների:

Սրանից ավելի գործնական արդյունք դժվար է անգամ պատկերացնել, եւ ՀՀԿ-ում պետք է իրենց հարց տան` արդյո՞ք Ալիեւն է հորթի համառություն դրսեւորում ՄԱԿ-ում նման նախաձեռնություններ առաջ մղելով, թե՞ հայաստանյան իշխանությունը, որը սեփական անզորությունը փորձում է թաքցնել դիմացինին ճղճիմ վիրավորանքներ հասցնելով եւ համառորեն փորձելով նկատելու չտալ այն, ինչ ուղղակի չի կարելի չտեսնել:

ՀՀ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար, եւ որ մեր կողմից եւս քայլեր կլինեն: Այդպիսի «կոպիտ սխալներ» Ադրբեջանը շարունակաբար կատարում է 2008-ից հետո: Սակայն եւ ոչ մի անգամ ականատես չեղանք այդ «սխալները» ՀՀ իշխանությունների կողմից օգտագործելու եւ ոչ մի փաստի:

Գուցե Ադրբեջանի իշխանություններին ծաղրելն է նկատի առնվում ռաֆիկպետրոսյանների միջոցով, կամ` բանաձեւերին կողմ ու դեմ քվեարկողների թվաքանակը հաշվելն ու համեմատելը: Դժվար է ասել: Ամեն ինչ պարզ կդառնա սեպտեմբերի կեսերին, երբ իշխանությունները ստիպված կլինեն լայն ժպիտներով ԵԱՀԿ փաստահավաք խմբին ուղեկցել ԼՂ հարակից շրջաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter