HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Թուրքիան` պատմական երկընտրանքի առջեւ

Այն արձագանքը, որին արժանացավ թուրք մտավորականների ներողության նախաձեռնությունը Թուրքիայում, որքան սպասելի, այնքան էլ անսպասելի էր բոլորի համար: Այն ցույց տվեց, որ ժամանակակից Թուրքիայի թիվ մեկ խնդիրը հայկական հարցն է: Ավելին, այն ազդարարեց Թուրքիայի պատմության մեջ արմատական փոփոխության սկիզբը եւ լուրջ մարտահրավերներ նետեց թուրք հասարակությանը:

Ներողության խնդրագիրը այժմ էլ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Դրան արձագանքել են արդեն իշխանության ներկայացուցիչները եւ ընդդիմադիր գործիչները, պաշտոնաթող դիվանագետները եւ լրագրողները: Տեսակետները, բնականաբար, հակասական են: Տեսակետները հակասական են նույնիսկ թուրքական կառավարությունում: Մինչ վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Բաբաջանն իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտում, նախագահ Գյուլն ավելի դրական գնահատականներ տվեց:

«Եթե հանցագործություն է կատարվել, դրա պատասխանատուները պիտի ներողություն խնդրեն: Ոգչ ես, ոգչ իմ երկիրը, ոգչ իմ ժողովուրդը նման խնդիր չունի»,- նշեց Էրդողանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտնեց, որ արշավը կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք-հայկական երկխոսության վրա: Նա ընդգծեց, որ ինքը հատկապես զգայուն է հարցի նկատմամբ, քանի որ իր նախարարությունը շատ դիվանագետներ է կորցրել հայկական ահաբեկչական խմբերի հարձակումների հետեւանքով:

Թուրք դիվանագետների հանդեպ կատարված սպանությունների մասին հիշեցրեցին նաեւ ավելի քան 50 պաշտոնաթող դիվանագետներ` նախաձեռնած հակաքարոզարշավի շրջանակներում: Ըստ նրանց` ներողության արշավը «անհարգալից վերաբերմունք է մեր պատմության եւ այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը կորցրել են հանրապետության պատմության, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում դաժան ահաբեկչական հարձակումների պատճառով»: 

«Թեեւ հայերի տեղահանումը, որ տեղի ունեցավ պատերազմի պայմաններում, դժբախտ հետեւանքներ ունեցավ, թուրք ժողովրդի կորուստն ու տառապանքը հայկական ապստամբության եւ ահաբեկչության պատճառով ավելի պակաս չէ, քան հայերինը»,- նշվում է դիվանագետների հայտարարության մեջ:

Ավելի դրական արձագանքեց նախագահ Աբդուլլա Գյուլը: Նա ասաց, որ Թուրքիան երկիր է, որտեղ խոսքի ազատությունն ապրում է: «Որպես պետություն` մեր նպատակն է հարեւանների հետ մեր հարաբերությունները հասցնել բարձրագույն մակարդակի: Մենք հավատում ենք, որ մեր հարեւանների հետ, ում հետ ունենք խնդիրներ, կարգավորումը հնարավոր է երկխոսության միջոցով: Խնդիրների շարունակությունը որեւէ մեկին օգուտ չի տա»:

Ճիշտ է, Գյուլի խոսքերը լրացուցիչ մեկնաբանությունների արժանացան: Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) փոխտնօրեն Քանան Արիթմանը նշեց, որ նախագահ Գյուլի պատասխանը պայմանավորված է նրա «ազգային ակունքներով»: «Մենք տեսնում ենք, որ նախագահը աջակցում է այս արշավին: Աբդուլլա Գյուլը պետք է լինի ողջ թուրք ժողովրդի նախագահը եւ ոչ միայն նրանց, ովքեր կիսում են նրա ազգությունը: Հետաքննեք նախագահի մոր ազգային ակունքները եւ կտեսնեք»,- հայտարարեց նա` ակնարկելով այն շրջանառվող լուրերը, որ Գյուլի ընտանիքն ունի հայկական արմատներ:

Քանան Արիթմանի այս հայտարարությունը, սակայն, «ֆաշիզմ» անվանեցին նույնիսկ նրանք, ովքեր դեմ են ներողության քարոզարշավին:

Չնայած նախաձեռնության հանդեպ քննադատության տարափին` թուրք մտավորականների բացած կայքէջում (www.ozurdiliyoruz.com` Ես ներողություն եմ խնդրում) ստորագրությունները շարունակում են ավելանալ: Դեկտեմբերի 15-ից այնտեղ դրվել է ավելի քան 15000 ստորագրություն: Ճիշտ է, դրա հակա-կայքէջում (www.ozurdilemiyorum.net` Ես ներողություն չեմ խնդրում) ստորագորությունների թիվը կրկնակի է` ավելի քան 34000:

Հակառակ թուրքական բուռն արձագանքներին` Հայաստանում արձագանքներ գրեթե չեղան: Նույնիսկ մամուլում տեղեկատվությունը մատուցվում էր առանց մեկնաբանությունների: Սրա պատճառը ավելի քան ակնհայտ է: Հայաստանում շատ լավ են հասկանում, որ Հայոց Ցեղասպանության քննարկման հարցը նախեւառաջ Թուրքիայի ներքին խնդիրն է:

Վերջին տարիներին Թուրքիայում իսլամիստական կառավարությունը ձեռնամուխ է եղել լուծել երկրի ներքին եւ արտաքին խնդիրները, որոնց առկայությունը լուրջ խոչընդոտ է երկրի զարգացման եւ ժողովրդավարության համար:

2009-ը կարող է կարեւոր տարի դառնալ Թուրքիայի` Եվրամիության անդամակցության ճանապարհին: Ճիշտ է, Թուրքիան եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու: Սակայն Հայոց Ցեղասպանության հարցը ամենակարեւորներից է այն առումով, որ միշտ հարցեր է առաջացնելու թուրք հասարակության ներսում:

Իրավաբան Թահիր Էլչին գտնում է, որ «ոգչ քրդական, եւ ոգչ էլ մյուս խնդիրները չեն կարող լուծվել, քանի դեռ Թուրքիան չի լուծել հայկական հարցը»:

Իրականում Ցեղասպանության շուրջ քննարկումները ավելի մեծ առաջընթաց կարող են արձանագրել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում, քան այն բոլոր բարեփոխումները, որ Թուրքիան ստիպված է կատարել Եվրոպայի պահանջով:

Թուրքիան այսօր կանգնած է մեծ բարեփոխումների իրականացման շեմին: Եվ Թուրքիայում դա շատ լավ են հասկանում: Ներողության արշավի նախաձեռնողներից Ալի Բայրամողլին չի կիսում այն մարդկանց տեսակետը, ովքեր ներողությունը անհարգալից վերաբերմունք են համարում նախնիների հանդեպ եւ հիշեցնում հայկական ահաբեկչությանը զոհ գնացած թուրքերի մասին: Նրան այս պնդումը անհամոզիչ է թվում, որովհետեւ նա հավատում է, որ ամեն հասարակություն բարոյական պատասխանատվություն ունի ճանաչելու իր սեփական պատմության սխալները: 

«Եթե մենք խոսում ենք գիտակցության, մարդկային արժեքների եւ մոդեռնիզմի մասին, յուրաքանչյուրի պարտականությունն է վստահ լինել, որ նախեւառաջ իր սեփական տանն ամեն ինչ կարգին է, հիշել այն ցավը, որ ինքը պատճառել է ... Արշավը թուրքական ինքնության հասունացման, երկրի ժողովրդավարացման եւ հզորացման շարունակական գործընթացի մի մասն է... Մենք իրականացնում ենք մեր պարտականությունը: Այն ամենը, ինչի միջով մենք անցել ենք, մեր հիշողություններում է: Մենք հանձնվում ենք իրականությանը: Նրանք, ովքեր ցանկանում են հանձնվել, կարող են միանալ մեզ»: 

«Այն, ինչ հնարավոր չէր արտասանել երկու ամիս առաջ, հնարավոր է այսօր,- գրում է Քերիմ Բալչին Today'z Zaman-ում:- Ես ինքս չէի ստորագրի ներողության տակ, սակայն սա մեր պատմության նոր կառուցումն է, որ անպայման մարտահրավեր կնետի պաշտոնական տարբերակին: Մեր պատմությունը փոխվում է: Այս երկրի պատմությունը նորից է գրվումգ Թուրքիան ահռելի փոփոխությունների է ենթարկվում: Նրա ոչ միայն ներկան է փոխվում, նրա անցյալն է նաեւ նորից գրվում... Անհրաժեշտ է դեմքով շրջվել դեպի անցյալի մղձավանջները, բայց միայն եթե մենք ունենք քաջություն եւ կամք իրականությունն ընդունելու»:

«Մեր երկիրը քննարկում է սա, ոմանք աջակցում են դրան, մյուսները` քննադատում: Մի կողմից դա ցույց է տալիս այս երկրի քաջությունը: Եվ ուրեմն ես հարցնում եմ` կագ մեկը Հայաստանից, ով ունի նման քաջություն: Կագն հայ մտավորականներ, որ կասեն. «Մենք ներողություն ենք խնդրում թուրքերի հետ մեր հազարամյա ընկերությունը կոտրելու համար: Ներողություն ենք խնդրում այն մուսուլմանների համար, ում սպանել ենք»,- հարցնում է Մեհմեթ Քամիշը նույն Today'z Zaman-ում:

«Կհնչիգ, արդյոք, ներողություն հայկական ահաբեկչության զոհերի համար»,- հարցնում են հակաքարոզարշավ սկսած պաշտոնաթող թուրք դիվանագետները:

Թուրք մտավորականների նախաձեռնությունը, անշուշտ, մեծ քաջություն է Թուրքիայի նման երկրում, ուր «Ցեղասպանություն» բառի արտասանումն իսկ կարող է վիրավորանք դիտվել թուրք ժողովրդի հասցեին: Թուրք մտավորականները Թուրքիայի գիտակից քաղաքացիներ են, ովքեր անտարբեր չեն իրենց պետության անցյալի եւ ապագայի հանդեպ: 

Ցեղասպանության մասին քննարկումներից առաջինը կշահի հենց Թուրքիան: Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, Թուրքիան այս հարցում գրեթե չի հանդիպում արտաքին ճնշումների: Սակայն ներքին հարցադրումներից խուսափել չի հաջողվի. հարցը երկրի ժողովրդավարացման եւ զարգացման նախապայմաններից է: Իսկ Հայաստանում հասարակությունը պիտի լուծի բոլորովին ուրիշ խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter