HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վերաքննիչ դատարանն Իգիթյանին զրկեց ազատությունից

Դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց այս տարվա սեպտեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Գրիգոր Իգիթյանը դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման` ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Իգիթյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը, մինչեւ դատավճիռը կստանար օրինական ուժ: Դատարանը հիմնավորված էր համարել, որ «Գ. Իգիթյանը խաբեությամբ իրավունք է ձեռք բերել փաստացի Նաջարյանին պատկանող Երեւան քաղաքի Աբովյան 32 հասցեում գտնվող ֆոտոխանութի եւ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի թիվ 4 եւ 11/12 կիսակառույց շենքերի ու դրանցով ծանրաբեռնված հողատարածքի նկատմամբ»:

Հիշյալ անշարժ գույքերը դատարանը վերադարձրել էր տուժողին` անվավեր ճանաչելով Իգիթյանի անվամբ տրված բոլոր փաստաթղթերը (Տես` Իգիթյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման): 

Քննելով Իգիթյանի ներկայացրած բողոքը` դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, դատավճիռը հրապարակեց պաշտպանական կողմի` Իգիթյանի եւ նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի բացակայությամբ, քանի որ նրանք, պատշաճ կերպով տեղեկացված լինելով, դատաքննությանը չէին ներկայացել: Նախորդ` դեկտեմբերի 24-ի նիստի ժամանակ ամբաստանյալը դարձյալ դատաքննությանը չէր ներկայացել, իսկ նրա պաշտպանը դատարանին հանձնեց բժշկական տեղեկանք, ըստ որի` Իգիթյանը բժշկական հետազոտության կարիք ունի:

«Առանց կնիքի, հարցման եւ իրավական հիմքի այդ տեղեկանքը տրված էր բժիշկ Եվգենի Մելիքյանի կողմից, որի համաձայն` մեղադրյալը ոտքի բութ մատի հետ կապված խնդիրներ ունի: Ընդ որում, սա նույն բժիշկն է, ով ժամանակին Իգիթյանին տեղեկանք էր տվել սրտի պրոբլեմների հետ կապված, եւ այն ներկայացվել էր առաջին ատյանի դատարան: Հետո մենք պարզեցինք, որ դա կեղծ փաստաթուղթ էր, որովհետեւ ո´չ ախտորոշումն էր այնպիսին, որ նա հիվանդանոցում բուժվեր, ո´չ էլ ամբաստանյալը հիվանդանոցում գրանցված էր»,- պարզաբանում է Նաջարյանների շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը:

Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, իսկ դա նշանակում է, որ Գրիգոր Իգիթյանը պետք է ազատությունից զրկվի:

«Վերջին նիստում Իգիթյանի մասին արդեն տեղեկություն չունեինք, բայց սկզբունքորեն նրան պետք է կալանավորեն: Վերաքննիչն իր դատավճիռը կուղարկի ԱՆ քրեակատարողական վարչության քրեակատարողական ծառայություն, եւ նրանք պետք է այդ հարցով զբաղվեն` ոստիկանության միջոցով»,- նշում է Հրայր Ղուկասյանը: 

Ինչ վերաբերում է այսօր Իգիթյանի անունով գրանցված վերոնշյալ անշարժ գույքերին, որոնք դեռեւս կալանքի տակ են, փաստաբան Հ. Ղուկասյանի խոսքերով` շուտով կսկսեն նաեւ արգելանքի վերացման եւ անվանափոխության գործընթացը:

«Մենք նաեւ մտավախություն ունենք, որ այդ տղան (Գրիգոր Իգիթյանը) կարող է շենքերը վնասել, բայց պահպանության ապահովման ուղղությամբ եւս միջոցներ կձեռնարկենք, հավանաբար կվարձենք պահակներ»,- ասում է Նաջարյանների շահերի պաշտպանը:

Իգիթյանը վեցամսյա ժամանակահատվածում կարող է դատավճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարան, սակայն այդ ընթացքում դատական ակտի կատարումը չի կասեցվելու: 

«Դա դեռ հարց է` Վճռաբեկ դատարանը բողոքը կվերցնի՞ քննության: Որովհետեւ օրենսդրությամբ քննության են վերցվում այն գործերը, որոնք որոշակի պահանջների են բավարարում, ասենք` էական նշանակություն ունեն իրավակիրառական, միասնական պրակտիկա ապահովելու համար եւ այլն: Ամեն դեպքում, եթե գործը նույնիսկ ընդունվի վարույթ, դա դեռ չի նշանակում, որ բողոքը կբավարարվի»,- նշում է փաստաբան Հրայր Ղուկասյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter