HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հետադարձ հայացք` հայ-թուրքական մեկամյա գործընթացին

Մեկ տարի առաջ Ցյուրիխում հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին արձանագրությունների ստորագրումը Հայաստանի և Թուրքիայի միջև հայ-թուրքական հաշտեցման ֆուտբոլային դիվանագիտության միակ շոշափելի արդյունքը եղավ:

Հայաստանի նախանշած «ողջախոհ ժամկետներում» Թուրքիայի խորհրդարանն այդ արձանագրությունները չվավերացրեց, ինչը հիմք ընդունելով` 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հանրությանն ուղղված ուղերձով կասեցրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Եվ հիմա` արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց, հետադարձ հայացքով անցած ճանապարհը չափելու, ձեռքբերումներն ու կորուստները գնահատելու և դրանց առաջիկա հնարավոր հետևանքները վերլուծելու անհրաժեշտություն է առաջանում:

Ի՞նչ շահեցինք

Անկախ ամեն ինչից` հաշտեցման այդ կարճատև գործընթացի նախաձեռնությունը պատկանում էր Հայաստանին: Մի կողմից դա միջազգային հանրության ուշադրությունն անմիջապես շեղեց Հայաստանի ներքին, չափազանց բարդ խնդիրներից և օրակարգից փաստորեն հանեց նորընտիր նախագահի լեգիտիմության հարցը: Մյուս կողմից բարձրացավ Հայաստանի միջազգային հեղինակությունը. Երևանը ցուցադրեց Թուրքիայի հետ բաց երկխոսություն սկսելու, տարածաշրջանային հիմնահարցերը կարգավորելու հարցում կամք ցուցաբերելու իր կարողությունը: Չի կարելի բացառել, իհարկե, որ այդ խաղի սցենարը մշակվել էր Մոսկվայում, որովհետև թե Գյուլին Հայաստան հրավիրելը, թե 2010-ի ապրիլին արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու որոշումը կայացվեցին հենց Ռուսաստան կատարած այցերից հետո: 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի` արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչելու մասին որոշումը, արձանագրությունները մեկնաբանելու և կիրառելու հարցում արգելքներ սահմանող պատճառաբանական մասով հանդերձ, բավականին լոյալ ընկալվեց միջնորդների`Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից: Վերջիններս նույն վերաբերմունքը դրսևորեցին նաև 2010-ի ապրիլի 24-ից առաջ արձանագրությունների վավերացումը կասեցնելու Սերժ Սարգսյանի որոշման նկատմամբ: Դա հստակորեն ցույց տվեց, որ միջազգային հանրությունը Թուրքիային է համարում գործընթացի արդեն նկատելի տապալման հիմնական պատասխանատուն: Այս տեսակետից Հայաստանը գործընթացից դուրս եկավ նվազագույն կորուստներով: Ընդհանրապես հաշտեցմանն ուղղված մեկամյա այս «մղձավանջը» Հայաստանի համար կարևոր էր ևս երկու առումով: Նախ` ըստ էության, առաջին անգամ Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, Թուրքիայի հետ, թեկուզ միջնորդավորված, հարաբերվելու հնարավորություն ստացավ: Որոշ կարծրատիպեր ջարդվեցին` կապված թուրքական գերխորամանկ ու գերարդյունավետ դիվանագիտության մասին պատկերացումների հետ: Երկրորդ` դա փորձառության լուրջ պաշար էր` հետագայում ավելի իրատեսական քաղաքականություն վարելու առումով:

Ի՞նչ կորցրինք

Այս ամենով հանդերձ` ավելի զգալի ու շոշափելի էին կորուստները: Նախ` հարաբերությունների կարգավորման և սահմանը բացելու դիմաց հայության ազգային շահերն ուղղակիորեն շոշափող այսպիսի արձանագրությունների ստորագրումն ինքնին նախապայման էր` դրված Հայաստանի առջև: Եվ մենք, ստորագրելով դրանք, ընդունեցինք այդ նախապայմանները: 2009թ. մարտի վերջին Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Դավութօղլուն ուղղակիորեն բացահայտեց արձանագրությունների ստորագրումից ակնկալվող 3 հիմնական արդյունքը. անուղղակիորեն վավերացնել Կարսի և Մոսկվայի հայտնի պայմանագրերը և Հայաստանին ճանաչել տալ երկու պետության միջև գործող այսօրվա սահմանը, պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու միջոցով կասեցնել Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, մուտք գործել ղարաբաղյան կարգավորման գործընթաց, հանդես գալ միջնորդի դերում և օգտագործելով արձանագրությունները` միջազգային հանրությանն ստիպել ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ ԼՂ հարցում զիջումների գնալու համար: Արձանագրություններն, իհարկե, չվավերացվեցին: Սակայն դրանք ստորագրված են, այսինքն` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու ցանկացած փորձի ժամանակ Թուրքիան անպայմանորեն դնելու է այդ պայմանները: Հենց արձանագրությունները հիմք ընդունելով` Անկարան իրեն անուղղակի միջնորդի իրավունքներ վերապահեց` Ադրբեջանի անունից բանակցություններ սկսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ: Իրավիճակն այնքան բարդացավ հայկական կողմի համար, որ ԼՂ հարցում Երևանի հետ ցանկացած քննարկման մանրամասն ՄԽ երկրները փոխանցում էին Անկարային, իսկ վերջինս էլ` Բաքվին: Այս իրավիճակն էականորեն փոխվեց 2010-ի ապրիլի կեսերից, ավելի կոնկրետ` Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում Էրդողանի և Սարգսյանի, ապա նաև նախագահ Օբամայի հետ նրանց առանձին-առանձին հանդիպումներից հետո: Միայն դրանից հետո Թուրքիան հրաժարվեց ԼՂ-ին հարակից բոլոր շրջանները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց արձանագրությունները վավերացնելու պայմանից: Թուրքիան ձախողվեց նաև Ռուսաստանից ունեցած ակնալիքների բավարարման առումով, երբ Մեդվեդևի` Անկարա կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ հարցում չստացավ Մոսկվայի աջակցությունը: Դրանից հետո արդեն Բաքվում Էրդողանն Ալիևին հորդորում էր համաձայնել 5-ի փոխարեն 2 շրջան վերադարձնելու պայմանին: ԱՄՆ-ի և Ռուսասատանի կողմից վերաբերմունքի այսպիսի փոփոխություններն ունեին իրարից անկախ աշխարհաքաղաքական ու կոմունիկացիոն-տնտեսական այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ այդ ամբողջ ընթացքում Հայաստանը ոչ թե քաղաքականության սուբյեկտ էր, այլ օբյեկտ և որևէ կերպ գործընթացների վրա ազդելու հնարավորություն չուներ: Հայ-թուրքական հաշտեցման այս գործընթացի մյուս արդյունքը եղավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում փոխադարձ ընկալումների դաշտի սահմանափակումը: Սփյուռքը չէր հավատում, որ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գնալ` իր տարածքային, նյութական, բարոյական պահանջներն անտեսելու գնով: Հայաստանում հասկացան, որ Հայ դատը, հայոց պահանջատիրությունը Սփյուռքի համար ավելի մեծ արժեք ունեն, քան ինչ-որ տեղ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հեռանկարը: Եվ առանց այս երկու բևեռի միջև առկա հսկայական անջրպետը հաղթահարելու` Հայաստանը համարձակվեց մտնել թուրքական ավանտյուրայի հորձանուտը: Այս գործընթացը նաև նվազեցրեց իշխանության, իսկ ավելի լայն իմաստով` պետության նկատմամբ ներքին ու (սփյուռքի պարագայում) արտաքին վստահության ռեսուրսը: 2009թ. ապրիլի 23-ի և սեպտեմբերի 1-ի առավոտյան հանկարծ պարզվեց, որ նախորդող գիշերներին հրապարակվել են Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա եռակողմ հայտարարություներ: Առաջինով հրապարակվեց հաշտեցման «ճանապարհային քարտեզ» ունենալու և հարաբերությունները կարգավորելու կողմերի ցանկությունը, երկրորդով` երկու արձանագրության նախագծերը և վեցշաբաթյա հանրային քննարկումներից հետո դրանք ստորագրելու և վավերացնելու ընթացակարգը: Սա հասկանալի դարձրեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում կարող են շատ ավելի որոշիչ լինել ոչ թե հրապարակային, այլ գաղտնի բանակցությունները: Այդ երկու գիշերային հայտարարությունից հետո արդեն չի կարելի երաշխավորել, որ պետությունը հետագայում նման անակնկալներ այլևս չի մատուցելու սեփական ժողովրդին: Այսինքն` պետության կանխատեսելիության առումով առաջացան կասկածներ, որոնք փարատելը չափազանց ծանր խնդիր է լինելու ՀՀ իշխանությունների համար:

Ի՞նչ սպասել մոտ ապագայում

Հայաստանը գործընթացից դուրս չեկավ, դրանով իսկ Թուրքիային տվեց բոլոր հնարավորությունները` ցանկացած պատեհ ժամանակ կրկին շահարկելու արձանագրությունները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդամենը օրերս հայտարարեց, թե հաշտեցման գործընթացը չի էլ ավարտվել, որ նորը սկսվի: Միջազգային հանրության ուշադրությունը հիմա կենտրոնացած է ԼՂ հիմնահարցի վրա: Եվ հայ-թուրքականը մղվել է երրորդական մակարդակ: Իրականում գործընթացը վերջնականապես ձախողված չէ: Պարզապես փոխվել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման մեթոդոլոգիան: Մեկ տարի առաջ սկսվածը հայ-թուրքական հաշտեցման միջոցով ԼՂ հիմնահարցի կարգավորմանը հասնելու նպատակ ուներ: Ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներն ստիպեցին վերանայել այս մոտեցումը: Հիմա գործում է ԼՂ հիմնահարցի կարգավորման միջոցով դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում գնալու մեթոդաբանությունը: Պատճառը Թուրքիայի համառությունն էր` չհրաժարվել Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու քաղաքականությունից: Սակայն Անկարան շատ ավելի անկախ խաղացող պատկերացրեց իրեն, քան իր համար նախատեսել էին ԱՄՆ-ն և Ռուսաստանը` իրարից անկախ պատճառներով: Թուրքիան հսկայական ներդրում ունեցավ ԼՂ հակամարտության գոտում լարվածության մեծացման, ընդհուպ նախապատերազմյան իրավիճակի հասունացման հարցում: Եվ հարաբերական կայունությունը, որով հավասարապես շահագրգռված են թե Վաշինգտոնը և թե Մոսկվան, շատ ավելի հրատապ խնդիր դարձավ, քան հայ-թուրքական հաշտեցման գործընթացին նոր շունչ հաղորդելը: Արդյունքում Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրեց Գյումրու ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետները երկարաձգելու մասին արձանագրությունը: Սա ստիպում է Անկարային շատ ավելի զգուշավոր դիրք բռնել: Մյուս կողմից Անկարային խանգարում են նաև ներքին խնդիրները. նախ սահմանադրական բարեփոխումները, որոնք գործող իշխանությունն անում է` երկրի պետական կառավարման վրա բանակի ավանդական ազդեցությունը թուլացնելու համար, և ապա` գալիք խորհրդարանական ընտրությունները: Չի կարելի բացառել, որ հայ-թուրքական բանակցություններ ընթանում են նաև հիմա` չնայած ՀՀ արտգործնախարարը պաշտոնապես բացառել է դրա հնարավորությունն անգամ: Սակայն գիշերային դիվանագիտության անցած մեկ տարվա փորձը թույլ չի տալիս վստահ լինել այդ հարցում: Խնդիրն այն է, թե նոր գործընթաց սկսելը կամ նախորդը վերակենդանացնելը որքանո՞վ արդյունավետ կլինի ներկայում: Որևէ հիմք չկա պնդելու, թե արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայում վերսկսելու նոր հնարավորություններ են ստեղծվել կամ կարող են ստեղծվել մոտ ապագայում: Մեծ հաշվով դրանով լրջորեն շահագրգռված չէ և ոչ մի կողմ: 2012-2013 թթ. համապետական ընտրություններ են նաև Հայաստանում: Դժվար թե գործող իշխանությունն այնքան կարճատես լինի, որ կրկին խառնի մեղվաբույնը: Այլ կերպ ասած` տարածաշրջանային երկրներում սպասվում են ներքաղաքական զարգացումներ, որոնց ավարտին միայն հնարավոր կլինի պարզել, թե ինչ նոր իրավիճակ է ստեղծվել, և թե ինչպես այն կարելի է օգտագործել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար: Ուստի, շատ ավելի հավանական է, որ հարցը դեռ 2-3 տարի կմնա առկախված վիճակում, եթե իհարկե տարածաշրջանում նոր ֆորս-մաժորային իրավիճակներ չառաջանան: Մի բան, որից ապահովագրված չէ կիզիչ արևի տակ գտնվող վառոդի տակառ հիշեցնող այս տարածաշրջանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter